Մատչելիության հղումներ

Ռեիսյան․ Առայժմ արկածախնդրություն է Հալեպի առաջնորդարանի տարածք մուտք գործելը


Հալեպի Հայոց առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեիսյանը Քառասուն մանկանց մայր եկեղեցու պայթեցումը հատուկ հայկական համայնքի դեմ ուղղված գործողություն չի համարում:

Հալեպի Ջդեյդե թաղամասում գտնվող Քառասուն մանկանց մայր եկեղեցին ռազմական գործողությունների հետևանքով ավերվել է, առաջնորդարանի շենքը՝ մեծապես վնասվել։

«Շրջանը արդեն շատ մոտ է զինյալներին և այդ կողմերից արձակված ռումբեր են, հրթիռներ են», - «Ազատության» հետ հեռախոսազրույցում նշեց Ռեիսյանը:

Կատարվածը հայկական համայնքի առաջին մշակութային կորուստը չէ։ Անցած սեպտեմբերին զինյալները պայթեցրել էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեյր էլ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին։ Սրանից առաջ ընթացող բախումների հետևանքով Հալեպում ավերվել էր նաև Սուրբ Գևորգ եկեղեցին, մշակութային այլ կառույցներ։

Քառասուն մանկանց մայր եկեղեցին գտնվում է Ջդեյդե թաղամասում՝ քրիստոնեական այլ եկեղեցիների, պատմամշակութային կառույցների, Հալեպի թանգարանի կողքին։ Ռեիսյանը շեշտեց, որ զինյալների թիրախում են եղել այս բոլոր կառույցները:

«Երբ ամբողջ շրջանը ենթարկվում է ռմբակոծության, որի մեջ նաև տուժում է մեր եկեղեցին, կողքի եկեղեցիները շատ ավելի տուժած, կողքի այլևայլ հաստատությունները շատ ավելի տուժված, ինչպե՞ս կարող եմ ասել, որ թիրախը մենք ենք», - ընդգծեց նա:

Բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չկան, հաղորդում են Հալեպից։

Հալեպի «Գանձասար» թերթի թղթակից Զարմիկ Պողիկյանը հեռախոսով փոխանցեց, որ մշակութային ու կրոնական մեծ արժեք ներկայացնող այս թաղամասում քրիստոնեական կառույցների դեմ ուղղված գործողությունները սկսվել են անցած կիրակի օրվանից:

«Պատկերացրեք՝ մեկ օրվա մեջ ավելի քան 100 գազի տակառներ՝ պայթուցիկ նյութերով լցված, արձակել են այդ ամբողջ շրջանի եկեղեցիների, մշակութային տների, պատմական հաստատությունների վրա: Ուղղակի քանդելու նպատակով են արել, որովհետև այստեղ ո՛չ բնակչություն կա, ո՛չ բան կա», - նշեց նա:

Բերիո թեմի բանբեր Ժիրայր Ռեիսյանն ասում է, որ առայժմ արկածախնդրություն է վնասի չափերը գնահատելու համար առաջնորդարանի տարածք մուտք գործելը։ Հայկական համայնքի ներկայացուցչի տվյալներով, անցած գիշերը ևս խաղաղ չի անցել՝ զինյալները շարունակել են պայթեցումները՝ նյութական ահռելի վնասներ պատճառելով ոչ միայն հայ համայնքին, այլև ողջ Հալեպի բնակչությանը։

«Համայնքում հստակ չեն կարող ասել, թե անցած 4 տարիների ավերածությունները որքան վնաս է հասցվել բնակիչներին», - ասում է Ռեոիսյանն ու ընդգծում, որ շատերը հնարավորության դեպքում սեփական միջոցներով են փորձում նորոգել իրենց բնակարանները:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգան Բալայանը Թվիթեր միկրոբլոգային հարթակում մտահոգություն է հայտնել հայ համայնքի մայր եկեղեցու ավերման կապակցությամբ: «Չարիքին պետք է վերջ տրվի», - գրել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG