Մատչելիության հղումներ

«Սպարտակը» հրաժարվում է Արազ Օզբիլիսից և Յուրա Մովսիսյանից


«Սպարտակը» հրաժարվում է Արազ Օզբիլիսից և Յուրա Մովսիսյանից
please wait

No media source currently available

0:00 0:03:05 0:00

«Իզվեստիա» օրաթերթի փոխանցմամբ՝ Մոսկվայի «Սպարտակի» հիմնական բաժնետեր և տնօրենների խորհրդի նախագահ Լեոնիդ Ֆեդունը ակումբի ղեկավարներին կարգադրել է նոր թիմեր որոնել 25-ամյա կիսապաշտպան Արազ Օզբիլիսի և 27-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանի համար։

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկու առանցքային խաղացողների և «Սպարտակի» ղեկավարների միջև տարաձայնությունների մասին հաղորդվել է այս շաբաթասկզբին, երբ մամուլում հրապարակվել են տեղեկություններ այն մասին, որ Օզբիլիսն, իբր, լրագրողին տվել է չարտոնված հարցազրույց, որում քննադատել է ակումբի ծագումով թուրք մարզիչ, Շվեյցարիայի քաղաքացի Մուրատ Յաքինին։

Օզբիլիսն, ըստ այդ տեղեկությունների, լրագրողին ասել է, թե Յաքինն, իբր, հենց ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է որոշել է կիսապաշտպանին տեղափոխել պահեստայինների թիմ, ինչը պայմանավորված է հայերի հանդեպ թուրքի հակակրանքով։

Ավելի ուշ Օզբիլիսը պնդել է, թե ինքը նման բան հարցազրույցում չի ասել, դա հաստատել է նաև Օզբիլիսի նախկին գործակալ Դմիտրի Սելյուկը։

«Իզվեստիան» գրում է, թե Լեոնիդ Ֆեդունն այդ հարցազրույցի հրապարակումը կապում է «Սպարտակի» մեկ ուրիշ բաժնետեր` հայազգի Ջևան Չելոյանցի դիրքորոշման հետ, ով ի սկզբանե դեմ էր Մուրատ Յաքինին թիմի գլխավոր մարզիչ նշանակելու գաղափարին, պնդում է նրան աշխատանքից ազատելու վրա և առաջարկում այդ պաշտոնում նշանակել Տուլայի «Արսենալի» ներկայիս մարզիչ Դմիտրի Ալենիչևին։

«Ֆեդունը ևս մեկ անգամ հանդիպել է Յաքինին և իր լիակատար աջակցությունն է հայտնել»,- «Իզվեստիային» ասել է «Սպարտակի» անանուն ներկայացուցիչը։

Ֆեդունի կարծիքով, Յաքինը հիմա առանց այն էլ բարդ վիճակում է, քանի որ իր վրա է սևեռվել երկրպագուների, մարզիկների, տնօրենների խորհրդի, լրատվամիջոցների ուշադրությունը, ինչը խոչընդոտում է աշխատանքը։

«Այդ ճնշումը խանգարում է Յաքինին կենտրոնանալ մարզումների վրա։ Ակումբի ղեկավարության աջակցությունը շատ կարևոր է մանավանդ այն առումով, որ առջևում սեփական դաշտում երկու հանդիպումներ են սկզբունքային մրցակիցների` Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» և Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ»,- ասել է անանուն զրուցակիցը։

Անցյալում «Սպարտակի» հայտնի ֆուտբոլիստ, մեծ հեղինակություն վայելող մասնագետ Վալերի Ռեյնգոլդի համոզմամբ, Օզբիլիսին հարկ է պատժել չարտոնված հարցազրույցի համար և նրա հեռացումը մեծ կորուստ չի լինի։ Ռեյնգոլդի փոխանցմամբ, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի հիմնական խնդիրը «ֆուտբոլ խաղալն է, այլ ոչ թե լեզվին տալը, եթե Օզբիլիսն իսկապես հարցեր ուներ Յաքինի հետ, ապա պարտավոր էր անձամբ խոսել նրա հետ, դեմ առ դեմ, այլ ոչ թե հրապարակավ»։

«Ես կարծում եմ, որ Յաքինը բացարձակ անմեղ է, Օզբիլիսը ծանր վնասվածք էր ստացել, դրանից հետո երկար ժամանակ վերականգնվել է։ Տեսնելով նրա մարզավիճակը, շվեյցարացին համոզվել է, որ նա դեռ չի կարող հանդես գալ հիմնական կազմում, ուղարկել է պահեստային թիմ, որ նա ավելի արագ վերականգնվի, դա բացարձակ նորմալ վճիռ է, որը միայն գլխավոր մարզչի իրավասությունն է»,- ասել է Ռեյնգոլդը։

Նրա կարծիքով, նույնիսկ եթե Օզբիլիսը չի տվել այդ հարցազրույցը և դա ինչ-որ մեկի կողմից ծրագրված սադրանք է, միևնույն է, նա ունի մեղքի իր բաժինը։

«Չեմ կարծում, որ նա ատրճանակի փողի տակ է հարցազրույց տվել, իսկ հայ կիսապաշտպանի հեռանալը թիմի վրա չի ազդի»,- ասել է նախկին աստղը։

Այս թեմային է անդրադարձել նաև «Սովետսկի սպորտը», որի փոխանցմամբ, հարձակվող Յուրա Մովսիսյանը` համեմատելով նախկին մարզիչ Վալերի Կարպինի և ներկայիս մարզիչ Մուրատ Յաքինի աշխատանքն, ասել է, թե Կարպինի օրոք «Սպարտակն» ավելի գեղեցիկ, կոմբինացիոն և վառ ֆուտբոլ է ցուցադրել։ Պարբերականը նշում է, որ այս մրցաշրջանում Մովսիսյանն ընդամենը երկու գոլ է խփել։

Ըստ թերթի, Ջևան Չելոյանցը չի էլ թաքցնում Յաքինի նկատմամբ իր բացասական վերաբերմունքը։

Ահա երկու մեկնաբանություն` «Ես նրա հանդեպ վստահություն չունեմ», «Յաքինի «Սպարտակը» վատագույնն է պատմության ընթացքում»։

«Ով է «Սպարտակում» բորբոքում հայ-թուրքական սկանդալը» վերնագրած հոդվածում «Սովետսկի սպորտի» մեկնաբան Դմիտրի Եգորովը նշում է, որ այս հարցում «Չելոյանցի վերաբերմունքի վարկածը շատ ավելի արժանահավատ է թվում, քան շվեյցարացի Յաքինի իբրև թե ատելությունը ամերիկացի Մովսիսյանի և հոլանդացի Օզբիլիսի նկատմամբ»։

Մոսկվայի «Սպարտակն» այսօրվա դրությամբ վաստակել է 42 միավոր և ռուսական պրեմիեր-լիգայում 6-րդ տեղն է զբաղեցնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG