Մատչելիության հղումներ

Արազ Օզբիլիսը կպատժվի սկանդալային հարցազրույցի համար


«Արազ Օզբիլիսը կպատժվի և կտուգանվի բավական պատկառելի մի գումարով` համաձայն «Սպարտակ»-ի հետ կնքված պայմանագրի դրույթների»: Այս մասին մի քանի ժամ առաջ հայտարարել է մոսկովյան ակումբի գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն:

Պատճառը Հայաստանի հավաքականի և մոսկովյան «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի` ռուսական ամենաազդեցիկ սպորտային պարբերականներից մեկին` «Սպորտ Էքսպրես»-ին տված հացազրույցն է, որում հայ ֆուտբոլիստը պնդել է, թե թիմի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը իրեն թույլ չի տալիս հանդես գալ «Սպարտակ»-ի հիմնական կազմում: Այդ նույն հարցազրույցում Օզբիլիսը նաև չէր բացառել, որ ազգությամբ թուրք մարզիչը իր նկատմամբ նման դիրքորոշում է որդեգրել իր հայկական ծագման պատճառով:

«Այսօր առավոտյան ես շատ կոշտ խոսակցություն եմ ունեցել կիսպաշտպան Արազ Օզբիլիսի հետ: Նա ընդունել է, որ իրավացի չէր, և կատարվածը առավելապես զգացմունքային արարք էր: Օզբիլիսը նաև պնդում է, որ իր խոսքերը խեղաթյուրվել են: Ամեն դեպքում, ֆուտբոլիստը պատրաստ է կրել իրեն հասանելիք պատիժը»,- նշել է «Սպարտակ»-ի գլխավոր տնօրենը:

«Սպորտ Էքսպրես»-ին տված հարցազրույցում Հայաստանի հավաքականի առանցքային անդամներից մեկը նշել էր. - «Պաշտոնական վարկածով ես դեռ վնասվածք ունեմ: Բոլորը համոզված են դրանում, որովհետև ակումբն է այդպես ներկայացնում իրավիճակը: Իրականում ես ինձ շատ լավ եմ զգում և հարյուր տոկոսով պատրաստ եմ դաշտ դուրս գալ: Ինձ, սակայն, դա թույլ չեն տալիս»:

Օզբիլիսը 2014-ի մայիսի 31-ին լուրջ վնասվածք էր ստացել Հայաստան - Ալժիր ընկերական հանդիպման ժամանակ:

Դեռ մարտի սկզբին «Սպարտակ»-ի բժշկական դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Վարդապետովը լրատվամիջոցներին հայտնել էր, թե Օզբիլիսը կարող է դաշտ դուրս գալ արդեն ապրիլի սկզբին: «Սպորտ Էքսպրես»-ի թղթակից Արթուր Պետրոսյանի հետ զրույցում, սակայն, Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը պնդում է.- «Անցած չորեքշաբթի օրը ես երկար ամիսների ընթացքում առաջին անգամ միանգամից երկու մարզման մասնակցեցի: Մարզումների ավարտին մարզչին ասացի, որ ծնկի մկանների որոշակի լարվածություն եմ զգում: Ի դեպ, դա այն ծունկը չէր, որ վիրահատել էին: Յակինը, սակայն, հավաքեց թիմի բոլոր բժիշկներին ու մարզիչներին և հայտարարեց, որ ես պատրաստ չեմ»։

«Ես չեմ ցանկանում խաղալ մի մարզչի համար, ով ինձ նման կերպ է վերաբերվում, ով չի ցանկանում, որ ես մարզվեմ, որ ես խաղամ»,- հավելել էր ֆուտբոլիստը։

«Իսկ ո՞րն է Յակինի նման պահվածքի պատճառը»,- հարցնում է «Սպորտ Էքսպրես»-ի թղթակիցը` ֆուտբոլիստից հետևյալ պատասխանը ստանալով.- «Ես ինձանից վանում էի այդ միտքը, սակայն այժմ ստիպված եմ ինքս ինձ հարցնել՝ գուցե այս ամենը տեղի է ունենում որովհետև ես հա՞յ եմ, իսկ մարզիչը՝ թո՞ւրք։ Ի դեպ, «Սպարտակ»-ի հիմնական կազմից ինձ վտարելու որոշման մասին Յակինը հայտնեց հենց ապրիլի 24-ին»:

«Ինչպե՞ս է վերաբերվում ստեղծված իրավիճակին Յուրա Մովսիսյանը»,- հարցնում է «Սպորտ Էքսպրես»-ի լրագրողը:

«Իսկ ի՞նչ կարող է մտածել մի մարդ, ով վերջին տարիներին մեկ մարզաշրջանում առնվազն 15 գոլ էր խփում, և հանկարծ նրան դադարում են վստահել ու դաշտ բաց թողնել: Մի՞թե նա կարող էր միանգամից երկրի լավագույն հարձակվողներից մեկից վերածվել պահեստային խաղացողի: Գուցե խնդիրը Մովսիսյանը չէ՞»,- հռետորական հարց է տալիս Օզբիլիսը:

Մի քանի ժամ առաջ, սակայն, Արազ Օզբիլիսը հանդես եկավ նոր հայտարարությամբ՝ հաստատելով, որ «Սպարտակ»-ի ղեկավարության հետ առավոտյան կայացած հանդիպման ընթացքում հայտնել է, որ հարցազրույցի որոշ հատվածներ խեղաթյուրվել են:

«Ես ծնվել եմ Թուրքիայում, իմ բազմաթիվ բարեկամներ շարունակում են բնակվել Թուրքիայում, ես թուրք ընկերներ ունեմ: Ի վերջո, ես թուրքերեն եմ խոսում, այդ թվում՝ Մուրատ Յակինի հետ, ուստի ազգային որևէ խնդիր այստեղ չկա: Չեմ բացառում, որ լրագրողն է ցանկացել իր տեսակետները ներկայացնել որպես իմը»,- նշել է Օզբիլիսը Championat.com սպորտային կայքին տված կարճ մեկնաբանության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG