Մատչելիության հղումներ

«Հիմնադիր խորհրդարանի» անդամին դանակահարած անձը դեռ չի հայտնաբերվել


«Հիմնադիր խորհրդարանի» անդամին դանակահարած անձը դեռ չի հայտնաբերվել
please wait

No media source currently available

0:00 0:05:42 0:00

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչիկ Միրզոյանին դանակահարողն առայժմ հայտնաբերված չէ։

Ինչպես «Ազատությանը» փոխանցեցին Քննչական կոմիտեից, Միրզոյանը լուսանկարով ճանաչել է դանակահարողին, և քննիչը հանձնարարել է ոստիկաններին միջոցներ ձեռնարկել նրան հայտնաբերելու համար:

Հարուցվել է քրեական գործ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով (Քր. օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մաս), որը նախատեսում է 3-7 տարվա ազատազրկում: Միրզոյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է, վիրահատությամբ հեռացվել է նրա փայծաղը։ Բժշկական կենտրոնում չեն բացառում, որ վաղը ընդդիմադիր գործիչը տեղափոխվի հիվանդասենյակ:

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման Գյումրիի շաբաթօրյա հանրահավաքում տեղի ունեցած այս միջադեպը, ըստ «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանի, վկայում է, որ իշխանություններն անելու են ամեն ինչ, որպեսզի կանխեն ապրիլի 24-ից մեկնարկող շուրջօրյա հանրահավաքները։

«Ռեժիմը խնդիր է դրել մինչև ապրիլի 24-ը չեզոքացնել շարժումը, որևէ կերպ սադրել նրան, այնպես անելով, որ մենք ներքաշվենք բախումների մեջ, և հնարավոր լինի մեզ չեզոքացնել ձերբակալությունների միջոցով»,- ասաց Ավետիսյանը։

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը մասնակցել է հանրահավաքին։ Իրավապաշտպանը կասկած չունի, որ իշխանություններ էին սադրել միջադեպը․ գործել է երիտասարդների նույն խումբը, որը շաբաթներ առաջ խափանել էր ընդդիմադիրների ավտոերթը Գյումրի։ Բարսեղյանի տվյալներով՝ նրանց հրահանգներ տվել է հենց այն անձը, ում որպես իրեն դանակահարող ճանաչել է Հրաչիկ Միրզոյանը

«Մի քանի անգամ այս խումբը Շախմատի տան մոտից գալիս էր հանրահավաքի կենտրոն, փորձում էր բացականչություններով ինչ-որ վեճեր և կռիվներ հրահրել, մի քանի անգամ առանց կոշտ միջամտության հանրահավաքի մասնակիցների կողմից հեռացվեցին, բայց ոստիկանները տավարի նման նայում էին ուղղակի, ավելի ճիշտ աղոթած էշի նման։ Որևէ միջամտություն չէին անում։ Հենց սկզբից այնտեղ էին, և 3-4 անգամ սրանց գալն ու սրանց վերադարձնելը իրենց կողքով, իրենց միջով, իրենց ներկայությամբ, իրենց աչքի առաջ է տեղի ունեցել։ Ոստիկաններին ժողովուրդը մի քանի անգամ հորդորեց, թե տեր էղեք, այ մարդ, դու եկել եք, հանդիսատե՞ս եք, թե ի՞նչ եք»,- պատմեց Բարսեղյանը։

Քննչական կոմիտեն ոստիկանությունից առայժմ նյութեր չի ստացել նույն հանրահավաքի ընթացքում ընդդիմադիրների ուղղությամբ ձվեր նետելու փաստի առթիվ, մինչդեռ «Հիմնադիր խորհրդարանը» պնդում է, որ առնվազն խուլիգանության հատկանիշներ առկա են։ Փոխարենը ոստիկանությունից տեղեկացանք, որ ձվեր նետելու համար հինգ մարդ վարչական պատասխանատվության է ենթարկվել՝ հանրահավաք անցկացնելու կարգը խախտելու հոդվածով։ Սա նախատեսում է տուգանք։

«Ոստիկանության հանցավոր անգործությամբ դրսևորվող հանցավոր համագործակցություն է սադրիչների հետ։ Բացահայտված է ըստ էության, հասկանալի է, որ իրենց, այսպես ասած, գործակալին, պատժելու ցանկություն չունեն»,- շեշտեց Վարուժան Ավետիսյանը։

Այսօր նաև հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է ոստիկանության Մուշի բաժնի պետի տեղակալ, «Պանել Աշոտ» մականունով հայտնի Աշոտ Վարդանյանը, ով, ըստ ընդդիմադիրների, համակարգել է իրավապահների աշխատանքը հանրահավաքի ընթացքում: Ոստիկանությունը, սակայն, չի մեկնաբանում՝ արդյոք այս պաշտոնանկությունը կապված է շաբաթօրյա միջադեպի հետ:

Լևոն Բարսեղյանն ասում է՝ հրապարակում հերթապահած ոստիկանների դեմ պետք քրեական գործ հարուցել՝ հանցավոր անգործության հիմքերով.- «Ամբոխի, ցույցերի կառավարման լիքը սեմինարներ, ուսուցումներ են անցել։ Սա՞ է ձեր կառավարումը»։ Իրավիճակին տեղում հետևած գյումրեցի Բարսեղյանը համոզված է՝ ոստիկանները կարող էին կանխել։ Հիշեցնում է, թե Ավետիսյանների սպանությունից հետո ոստիկանական ինչպիսի մեծաթիվ բանակ էր հսկում Ռուսաստանի հյուպատոսության շենքը՝ ուժ կիրառելով ցուցարարների նկատմամբ։

«Ռեժիմը էս կիսաքրեականներին վերցրեց իր մոտ ծառայության։ Սրանք Ժիրայր Սեֆիլյանի, Գարեգին Չուգասզյանի գաղափարական հակառակորդները չէին ու չէին եկել բանավիճելու հայոց ապագայի իրենց տեսլականի շուրջ։ Որ երեք ամիս պարապես հետները, «Հիմնադիր խորհրդարան» բառակապակցությունը չեն կարողանալու անխաթար արտաբերել»,- ասաց Բարսեղյանը։

Ընդդիմադիր ուժերից դանակահարության առաջինն արձագանքել է Հայ ազգային կոնգրեսը՝ գնահատելով, թե «քաղաքական ասելիքից, պետական մտածելակերպից ու իշխանության մասին պատկերացումներից բացարձակապես զուրկ Սերժ Սարգսյանի վարչախումբը շարունակում է ապավինել վերջին՝ քրեական ու գողական մեթոդներին»: «Քաղաքացիական պայմանագիր» միավորման անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ իր վրդովմունքը արտահայտել է Շիրակի մարզի մի շարք բարձրաստիճան իրավապահների զանգահարելով:

«Հիմնադիր խորհրդարանը» պնդում է՝ ոչ մի դիմադրություն մինչև ապրիլի 24-ը, հանրահավաքներն էլ լինելու են խաղաղ, իշխանափոխության հասնելու են հանրային ճնշման միջոցով։

«24-ին մենք մեր պլանով սկսելու ենք քաղաքացիական անհնազանդության քայլերը։ Եթե այդ ժամանակ արդեն բռնություն գործադրվի մեր, ժողովրդի նկատմամբ, բնականաբար, կլինի պատասխան, որովհետև դա բխում է ինքնապաշտպանության սրբազան իրավունքից»,- ասաց «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահը։

Ի դեպ, Երևանի քաղաքապետարանը հրաժարվում է ապրիլի 24-ին Կենտրոնի որևէ հրապարակ տրամադրել ընդդիմադիր շարժմանը՝ վկայակոչելով հիշատակի միջոցառումները։ Քաղաքային իշխանությունները Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած «Հիմնադիր խորհրդարան»-ին առաջարկում է հանրահավաքն անցկացնել Էրեբունի թանգարանի մոտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG