Մատչելիության հղումներ

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը ապրիլի 24-ին շուրջօրյա անժամկետ բողոքի ակցիաներ կսկսի


Ժիրայր Սեֆիլյան

Ժիրայրի Սեֆիլյանը շեշտում է, որ հավաքները լինելու են խաղաղ՝ որևէ կերպ չխոչընդոտելով ապրիլքսանչորսյան միջոցառումները։

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը որոշ փակագծեր է բացում՝ ինչպես է պատրաստվում իշխանափոխություն իրականացնել:

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցելուց հետո Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած «Հիմնադիր խորհրդարանը» շուրջօրյա և անժամկետ բողոքի ակցիաներ է սկսելու: Սեֆիլյանը շեշտում է, որ հավաքները լինելու են խաղաղ՝ չխոչընդոտելով ապրիլքսանչորսյան միջոցառումները։

«Մենք կվերադառնանք տուն և ժողովրդին կոչ կանենք վերադառնալ տուն այն ժամանակ, երբ մենք արդեն հաջողել ենք ձերբազատվել այս ռեժիմից։ Կարծում եմ, որ օրերի ընթացքում մեզ հնարավոր է լինելու պարտադրել այս ռեժիմին հետ կանգնել այս ընթացքից՝ ամեն գնով աթոռից կառչած մնալով»,- ասաց Սեֆիլյանը։

Ժիրայր Սեֆիլյանն առայժմ չի հրապարակում, թե որտեղ տեղի կունենան հանրահավաքները, սակայն արդեն իրազեկման հայտեր են ներկայացրել Երևանի քաղաքապետարան։ Ինչպես շարժման առաջնորդը փոխանցեց, ամրագրել են բազմաթիվ օրեր։

«Այն դեպքում, երբ հակառակորդի կողմից կլինի խախտումը, մենք այդ խախտման գերին չենք դառնա։ Մենք այսօրվանից դիմումները ներկայացրել ենք, և մի քանի օրից վստահ եմ, որ ժամը և վայրը կասենք, թե որտեղ ենք հավաքվելու։ Հնարավորինս գործելու ենք օրենքի շրջանակում»,- փոխանցեց «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդը։

Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի համար իրատեսական է իշխանափոխության հասնել փողոցային պայքարի միջոցով. մի բան, որ անկախ Հայաստանի պատմության ընթացքում ընդդիմությանը երբեք չի հաջողվել։

«Այս հարցում միակ դաշնակիցը մեր ժողովուրդը չէ, այսօր երկրի կառավարման բուրգում, ուժային համակարգում ևս տիրում է այնպիսի մի մթնոլորտ, որ մեծամասնությունը հասկանում է՝ այսպես շարունակել այլևս հնարավոր չէ։ Եվ ոք ոք թող չկասկածի, որ մեր կողմից սկսած պրոցեսից կարճ ժամանակ հետո այս համակարգը ոչ միայն ցնցվելու է, այլ նաև փլուզվելու է»,- հայտարարեց Սեֆիլյանը։

Սեֆիլյանը կանխատեսում է, որ հազարավոր մարդկանց Երևանում, գուցե նաև այլ քաղաքներում հավաքելուց հետո իշխանությունները փորձելու են իր հետ համաձայնության գալ կամ դիմել բռնաճնշումների, ինչպես մարտի 1-ին էր. - «Ժողովուրդը իրավունք ունի պաշտպանվելու, և մենք կդիմենք ինքնապաշտպանության, բռնությանը կպատասխանենք բռնությամբ»։

Ժիրայր Սեֆիլյանը չի բացառում իր ձերբակալությունը, ասում է՝ պատրաստ է նաև այդ սցենարին, անգամ մինչև ապրիլի 24-ը.- «Ո՞րն է իրենց համար ավելի ձեռնտու. մի շարժում, որը կարողանում է վերահսկել ընթացքը, որի արդյունքում նաև պրոցեսը ցնցումային չի լինում, թե՞ մի շարժում, որ համարյա անգլուխ, որի արդյունքում մեր ժողովուրդը կարող է պոռթկալ»։

Պայքարը որակելով «ազգային-ազատագրական»՝ «Հիմնադիր խորհրդարանը» միաժամանակ հայտարարում է, որ զինված չեն, հավաքագրած «քաղաքացիական բանակ» ասվածն ընդամենը հանրահավաքի կարգադրիչներն են: Սեֆիլյանը վստահեցնում է, թե գիտակցում է պատասխանատվությունը՝ չբացառելով, որ իշխանությունները արյունահեղության գնան։

«Ինչ զոհողություն էլ որ լինի, չպետք է անիմաստ լինի, պետք է իմաստավորել դա, անպայման հասնել արդյունքի»։

Ապրիլի 24-ից մեկնարկող հանրահավաքների հարթակին կուսակցականներ չեն լինելու. Ժիրայր Սեֆիլյանը կարծում է՝ հայտնի քաղաքական գործիչներից միայն Զարուհի Փոստանջյանն ու Նիկոլ Փաշինյանը կարող են օգուտ տալ իր շարժմանը։

«Վարկաբեկված դեմքերին հարթակ բարձրացնել... մեր ժողովուրդը նորից հասկանալու է, որ արմատական փոփոխություն տեղի չի ունենալու»,- ասում է նա։

Ժիրայր Սեֆիլյանի անհնազանդության հերթական կոչը՝ չմարել բանկերից վերցրած վարկերը, երեկվանից քննադատվում է սոցիալական ցանցերում, թե իշխանափոխությունը չհաջողելու դեպքում տույժերը մնալու են մարդկանց ուսերին: Հայտարարության հեղինակն ասում է՝ դաընդամենը կոչ է.- «Շատերը կարծում են, որ մի խումբ մարդիկ գալու են իրենց փոխարեն արմատական փոփոխություններ իրականացնելու՝ առանց իրենց կողմից որևէ ճիգ իրականացնելու։ Սխալվո՛ւմ են»։

«Հիմնադիրը խորհրդարանը» ձևավորում է անցումային կառավարություն, Սեֆիլյանը չթաքցրեց՝ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը կասեցվելու է, դեմ են վերպետական մարմիններին, լինի դա եվրոպական, թե եվրասիական: Մինչ այդ առաջիկա շաբաթ օրը «Հիմնադիր խորհրդարանը» դարձյալ փորձելու է գնալ Գյումրի։ Շաբաթներ առաջ ընդդիմադիրները քաղաքի մոտ նկատելով կուտակումներ՝ չմտան Գյումրի՝ Բերձորի օրինակով խուսափելով սադրանքներից։ Այս անգամ քաղաքային իշխանությունները ընդունել են հանրահավաքի մասին իրազեկումը։

«Որևէ սադրանք, որ այդ օրը տեղի ունենա, վերագրվելու է միայն և միայն իրավապահ մարմիններին»,- հայտարարեց Սեֆիլյանը։

Ձեր կարծիքը

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG