Մատչելիության հղումներ

«Նաիրիտի» հարցով ևս մի վերջնաժամկետ խախտվել է. Աշխատողները շարունակում են ակցիաները


«Նաիրիտի» հարցով ևս մի վերջնաժամկետ խախտվել է. Աշխատողները շարունակում են ակցիաները
please wait

No media source currently available

0:00 0:03:08 0:00

«Նաիրիտի» հարցով ևս մի վերջնաժամկետ խախտվել է. Աշխատողները շարունակում են ակցիաները

Նաիրիտցիներն այսօր կրկին հավաքվել էին նախագահի նստավայրի առջև՝ պահանջելով ամիսներ շարունակ չստացած աշխատավարձը։

Գործարանի աշխատողները նաև ակնկալում են, որ մինչև պարտքի ամբողջական մարումը կսառեցվեն իրենց կողմից վերցված վարկերը, կհետաձգեն կոմունալ և ուսման վարձերի վճարման ժամկետները, պետպատվերի շրջանակներում կապահովվեն հրատապ վիրահատությունները։ Պահանջների թվում է նաև գործարանում աշխատած, ներկայումս թոշակառու անձանց կենսաթոշակի վերահաշվարկը։

«Նենց ցուցմունքներն տային, որ մեր թոշակը, գոնե ստաժը մի տարով ավելանար։ Էդ 1000 դրամը էլի փող է, որ մենք ստանայինք։ Բայց կիսատ-պռատ գրելով՝ մեզ՝ թոշակառուներին մերժում է Սոցապը»,- ասում էր ակցիայի մասնակից տարեց կինը։

Այս հարցերը, որոնք նամակով ներկայացվել են նաև Ազգային ժողովին, «Նաիրիտի» հարցերով զբաղվող խորհրդարանական ենթահանձնաժողովի շրջանակներում կքննարկվեն առաջիկա շաբաթվա ընթացքում։ Ցույցերը համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը նշում է, որ հանդիպման ընթացքում ակնկալում են նաև նախարարների կամ նրանց ներկայացուցիչների մասնակցությունը։

«Մենք խնդրեն ենք, որ այդ հանդիպման ընթացքում մասնակցեն նաև կառավարության, համապատասխան նախարարությունների ներկայացուցիչներ, որպեսզի հարցը համապարփակ քննարկվի, և ամեն անգամ մենք խնդիր չունենանք, վազենք Սոցապ նախարարի մոտ, ասենք՝ թոշակների հարցը լուծեք, վազենք առողջապահության նախարարի մոտ, ասենք՝ մարդիկ վիրահատության խնդիրներ ունեն, բայց իրենցից գումար են ուզում։ Տվեք մեր փողերը, մենք գնանք մեր վիրահատության խնդիրները լուծենք»,- ասաց Հարությունյանը։

Օրերս հրապարակած նամակը, որով նաիրիտցիները ցանկանում էին հաղորդում ներկայացնել կատարված պետական հանցագործության մասին, որոշ շտկումներից հետո միայն կհանձնվի դատախազությանը։ Նաիրիտցիները սպասում են Միջպետական բանկի հետ բանակցությունների ավարտին։ Խոստացած ժամկետները կառավարությունը վաղուց արդեն սպառել է, ասում են գործարանի աշխատողները։

«Մեզ վստահեցրել էին, որ մարտի վերջին Միջպետական բանկի հետ բանակցությունները իրենց ավարտին կհասնեն, և բաժնեմասը «Նաիրիտի» ակցիաների տեսքով կվերադարձվի կառավարությանը, գույքը կհանվի գրավից, ինչը արդեն մեծ հնարավորություններ է ստեղծում պարտքի վճարման համար։ Իրենք են ասել՝ 65-75 օրվա ընթացքում խնդիրը լուծվելու է։ Արդեն անցել է 90 օր»,- փոխանցեց Անուշ Հարությունյանը։

«Մինչև այսօր կա ընդամենը մի բանավոր համաձայնություն անդամներից մեկի հետ, Ռուսաստանի հետ, բանավո՛ր, ոչ թե գրավոր։ Հիմա դուք պատկերացրեք, էն մնացած վեցը մինչև իրենց համաձայնությունը տան, ինչքան ժամանակ կպահանջվի։ Միայն նաիրիտցիների համախմբումով, հարվածելով միշտ նույն կետին, չկոտրվելով, չսասանվելով՝ հնարավոր է հարցի լուծում ստանալ»,- ասաց մեկ այլ ցուցարար։

Նաիրիտցիները նախագահի նստավայրի մոտ մի քանի ժամ կանգնելուց հետո երթով շարժվեցին դեպի Կառավարության շենք։ Այսօր ևս նրանց բողոքի ցույցն անարձագանք մնաց։

XS
SM
MD
LG