Մատչելիության հղումներ

Աշխատավարձ ստանալու պահանջով՝ նաիրիտցիները փակել էին գործարանի կից փողոցը


Ամիսներ շարունակվող ապարդյուն բողոքի ցույցերից հետո այսօր նաիրիտցիները ստիպված փակեցին գործարանի կից փողոցը՝ ավելի քան մեկուկես տարվա աշխատավարձը ստանալու պահանջով։ Ոստիկանները հորդորեցին խցանում չառաջացնել, ցուցարարները, սակայն, չզիջեցին։

Նաիրիտցիները կրկին գործարան էին եկել աշխատավարձի հետ կապված պարզաբանումներ ստանալու, նաև տեղեկանալու՝ չեն վաճառվել, արդյոք, կաուչուկի արտադրամասի սարքավորումները, առանց որոնց գործարանի վերագործարկումն այլևս անհնար կլինի։

Տնօրեն Ռուբեն Սաղաթելյանն ասաց, որ վաճառքի են հանվել միայն արտադրության համար ոչ պիտի սարքավորումները, իսկ ստացված գումարով նախ մարելու են գործարանի աշխատողների, ապա միայն աշխատանքից ազատվածների պարտքը։ Այս լուրը էլ ավելի զայրացրեց ցուցարարներին։

«Ասաց, որ նախարարը ոնց ասել է, տենց էլ անում ենք։ Բայց նախարարը փետրվարի սկզբին, որ գործարան եկավ, ասաց՝ եթե աշխատավարձ տանք, տալու ենք բոլորին, հիմա էլ հերքում է խոսքերը», - ասաց ցուցարարներից մեկը։

«Նաիրիտ»-ի 3 հազար 200 աշխատողներից այսօր աշխատում է 480-ը։ Միայն փետրվարին աշխատանից ազատվել է շուրջ 1700 նաիրիտցի։ Պարտքը հերթով մարելու՝ իշխանությունների գծած մեխանիզմը «Նաիրիտ»-ի աշխատողները դիտարկում են որպես իրենց պառակտելու փորձ։

«Ճիպոտ-ճիպոտ են ուզում կոտրեն։ Սրանց միտքը սա է։ Գնալով քչացնեն։ Ես ասել եմ, որ օրը երկու անգամ էլ կանչեք, ես կգամ, բայց սենց մաս-մաս են անում», - «Ազատության» հետ զրույցում ասաց ցուցարարը։

Ոստիկանների հորդորով նաիրիտցիներն ի վերջո բացեցին ճանապարհը՝ միաժամանակ խոստանալով, որ եթե աշխատավարձը չվճարվի, ճանապարհը կփակեն արդեն տևական ժամանակով։ Կառավարության մոտ իրենց բողոքի ցույցերը նրանք կշարունակեն վաղը։

XS
SM
MD
LG