Մատչելիության հղումներ

ԵՄ-ի բարձրաձայնած խնդիրները կարգավորելու ձևը սահմանադրական բարեփոխումներն են․ ՀՀԿ պատգամավոր


ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը նշեց, որ չի հիշում մի դեպք, որ հավաքների ազատության օրենքը չգործի:

Երեկ հրապարակվեց Հայաստանում Եվրամիության հարևանության քաղաքականության առաջընթացի վերաբերյալ զեկույցը, ըստ որի Հայաստանը 2014-ին սահմանափակ առաջընթաց է գրանցել ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտներում: Բացի այդ, ըստ փաստաթղթի, դատարանները դեռ անկախ չեն գլխավոր դատախազությունից, հավաքների ազատության մասին օրենքը Հայաստանում չի գործում և էական առաջընթաց չի արձանագրվել մամուլի ազատության ոլորտում:

Մինչդեռ, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հովհաննես Սահակյանի կարծիքով, առաջընթաց, այդուհանդերձ, գրանցվել է:

«Մամուլի ազատության հետ կապված պետք է նշեմ, որ տարբեր այլ վարկանիշային ցուցիչներով մենք տեսնում ենք, որ մեզ մոտ մամուլը բավականին ազատ է: Դա նաև անզեն աչքով է երևում: Հավաքների ազատության մասին օրենքը ես չեմ հիշում որևիցե մի դեպք, որը չգործի, կամ գործելու ընթացքում ունենա խնդիրներ: Առնվազն դրա մասին խորհրդարանական ընդդիմությունը չի բարձրաձայնել ամբիոնից կամ չի մատնանշել խնդիրը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սահակյանը:

Հանրապետական պատգամավորն անդրադարձավ նաև զեկույցում տեղ գտած այն եզրահանգմանը, թե դատարանները շարունակում են կախված լինել դատախազությունից:

«Ես հասկանում եմ, որ տարբեր ուսումնասիրությունների, տարբեր մեթոդներով դիտարկումների արդյունքում կարող են արձանագրել, որ որոշակի դեպքերում հանրության մոտ կա անվստահություն արդարադատության նկատմամաբ: Կարելի է կապել մենթալիտետի հետ կամ ավանդաբար եկած, որ դատախազությունը պետք է ունենա նաև առավելություն», - ասաց Հովհաննես Սահակյանը՝ հավելելով, որ այդ բոլոր խնդիրները ավելի հստակ կազմակերպելու և նաև ապագայում երաշխավորելու առումով ճիշտ լուծման ձևը սահմանադրական բարեփոխումներն են, որի արդյունքում Սահմանադրության մեջ կամրագրվի դատարանների անկախությունը:

Իսկ դիտարկմանը, թե զեկույցում նշվում է, որ այդ բարեփոխումների վերաբերյալ հանրության և ընդդիմադիր կուսակցությունների շրջանում լայն փոխհամաձայնություն չկա, Սահակյանը ընդգծեց, որ հարկավոր է տարանջատել հանրությանը և ընդդիմադիր կուսակցություններին:

«Ես կարծում եմ հանրությանը դեռևս ներկայացնելու ժամանակ մենք ունենք, որովհետև մասնագիտական խումբը այս պահին աշխատում է բուն նախագծի վրա, և երբ որ նախագիծը պատրաստ կլինի, նաև ակտիվ աշխատանք կտարվի արդեն իսկ պատրաստ նախագծի շրջանակներում», - նշեց նա:

«Ընդդիմադիր քաղաքական գործիչների մասով, պետք է չհամաձայնեմ Ձեզ հետ, որովհետև մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժեր մասնակցում են, ներակայացնում են իրենց առաջարկությունները և կան քաղաքական թիմեր, որոնք ցանկություն չունեն», - եզրափակեց Հովհաննես Սահակյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG