Մատչելիության հղումներ

Հայաստանը սահմանափակ առաջընթաց է գրանցել ժողովրդավարության, մարդու իրավունքների ոլորտներում. ԵՄ


ԵՄ-ն կոչ է անում մինչև 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները նախաձեռնել ընտրական օրենսդրության փոփոխություններ։

Հայաստանը 2014-ին սահմանափակ առաջընթաց է գրանցել ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտներում, նշված է Եվրամիության այսօր հրապարակած զեկույցում:

Հայաստանում Եվրամիության հարևանության քաղաքականության առաջընթացի վերաբերյալ փաստաթուղթը, որն այսօր Երևանում հրապարակեց ԵՄ-ի ներկայացուցիչ Տրայան Հրիսթեան, ամրագրում է նաև, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հասարակության և ընդդիմադիր կուսակցությունների շրջանում լայն փոխհամաձայնություն չկա:

«Շոշափելի զարգացումներ չեն գրանցվել նաև մարդու իրավունքների վերաբերյալ օրենսդրության իրականացման և կիրառման հարցում: Որոշ բարեփոխումներ մնացել են մշակման փուլում»,- հայտարարում է Եվրամիությունը՝ ընդգծելով, որ դատական համակարգի նկատմամբ վստահության բացակայության և կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ նախկին զեկույցներում նշված թերությունները մնացել են անփոփոխ:

«Դատական համակարգի նկատմամբ վստահություն բացակայությունը պահպանվում է: Կոռուպցիայի դեմ պայքարը ևս շարունակում է մնալ առանցքային խնդիր»,- հայտարարեց Եվրամիության դեսպան Տրայան Հրիսթեան։

Եվրամիության դիտարկմամբ, թեև հավաքների ազատության մասին օրենքը համապատասխանում է միջազգային չափանիշներին, սակայն դրա իրականացումը ձախողվել է՝ գրանցված 17 միջադեպի և 72 ակտիվիստների ձերբակալման պատճառով: Էական առաջընթաց չի արձանագրվել նաև մամուլի ազատության ոլորտում, առաջընթաց չկա նաև էլեկտրոնային մամուլում՝ բազմակարծություն ապահովելու ուղղությամբ:

Զեկույցը քննադատում է նաև արդարադատության համակարգը՝ նշելով, որ դատարանները դեռևս կախված են գլխավոր դատախազությունից, Վճռաբեկ դատարանը շարունակում է ազդել այլ դատական մարմինների վրա:

Քննադատության է արժանացել նաև ոստիկանությունը, որտեղ, ըստ զեկույցի, կոշտ վերաբերմունքի դեպքերը էականորեն չեն նվազել: Ըստ փաստաթղթի, մտահոգություն են առաջացնում բռնի ուժով ստացված խոստովանությունների օգտագործումը դատաքննությունների ընթացքում և այս մասին մեղադրյալների հայտարարությունները հետաքննելու ձախողումները:

Տնտեսական ոլորտում քննադատվում է իշխանությունների ոչ արդյունավետ պայքարը մենաշնորհների դեմ:

Այս տարվա համար Եվրամիությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին մինչև 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները նախաձեռնել ընտրական օրենսդրության փոփոխություններ՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկների համապատասխան, հետաքննել իրավապաշտպանների վրա հարձակման և ահաբեկման դեպքերը, ապահովել օրենքի արդյունավետ կիրառումը, այդ թվում 2008թ․ մարտի 1-ի բախումների ընթացքում տեղի ունեցած մահվան դեպքերի քննության ժամանակ:

Իր խոսքում Տրայան Հրիսթեան նշեց, որ Եվրամիությունն ու Հայաստանը ավարտել են մտքերի փոխանակման փուլը և այժմ սպասում են Եվրամիության անդամ երկրների մանդատին, որպեսզի Եվրահանձնաժողովը կարողանա բանակցություններ սկսել Երևանի հետ հարաբերությունները կարգավորող նոր համաձայնագրի շուրջ:

«Ազատության» հարցին արդյոք այդ բանակցությունները կսկսվե՞ն մայիսին Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում, Հրիսթեան պատասխանեց.- «Մտքերի փոխանակման փուլի ավարտից հետո այսօր մենք դիմել ենք Եվրամիության անդամ երկրներին՝ համապատասխան մանդատ ստանալու համար: Մենք լիահույս ենք, որ մեզ կհաջողվի անդրադառնալ բանակցությունների մեկնարկին Ռիգայի գագաթնաժողովի ընթացքում»:

XS
SM
MD
LG