Մատչելիության հղումներ

Ցուցարարները պահանջում են բացահայտել և պատժել ԲՀԿ-ի անդամին առևանգած ու ծեծի ենթարկած անձանց


Երկու օր առաջ առևանգված ու ծեծի ենթարկված Արտակ Խաչատրյանի հարազատները, կուսակցական ընկերներն ու աջակիցները այսօր հավաքվել էին Կառավարության շենքի մոտ:

Բազմամարդ ցույցի մասնակցիները տեղի ունեցածի համար պատասխանատու են համարում գործող իշխանություններին՝ պահանջելով ամենասեղծ ժամկետում բացահայտել հանցագործությունն ու պատժել մեղավորներին:

«Մեր պահանջներն ուղղված են քաղաքական իշխանությանը», - ասաց «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանը: - «Երբ որ խնդիրները օրենքի դաշտում լուծելու փոխարեն, առևանգում են, ծեծում են, սպառնում են: Եթե իրենց նպատակը գանգստերական Սիցիլիա կերտելն է, ապա, կարծում եմ, քաղաքական իշխանությունը այդ մասին պիտի անի պաշտոնական հայտարարություն»:

Երեկ տարածած հայտարարությունում ԲՀԿ-ն առաջարկել էր կուսակցության խորհրդարանական խմբակցությանը «քննարկել Ազգային ժողովի աշխատանքները բոյկոտելու հարցը, այդ մասին սկսել խորհրդակցություններ ԱԺ այլ խմբակցությունների հետ»:

«Մենք կոլեկտիվ որոշման կողմնակից ենք», - այսօր այդ առնչությամբ ասաց ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը: - «Ես կարծում եմ, շատ շուտով՝ այսօր կամ վաղը կքննարկենք այդ առաջարկը: Իմ անձնական կարծիքն է՝ ես կողմ եմ: Եթե նախորդ քառօրյային մենք այդ բոյկոտը անեինք, կարող է այս դեպքերը չլինեին: Եթե մենք երկու ամիս առաջ դուրս գայինք հրապարակ ավելի ակտիվ, կարող է այդ մի դեպքերն էլ չլինեին: Հասարակությունը որքան շուտ արձագանքի այս դեպքերին, այս դեպքերը կկանխվեն: Ուրիշ ձև չկա»:

Արտակ Խաչատրյանի եղբայրը՝ Արտյոմը այսօր կրկին պնդեց, որ իր եղբայր հետ կատարված է կապված է միայն Արտակի հասարակական-քաղաքական գործունեության հետ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արտակը, հիշեցնենք, ակտիվորեն մասնակցում էր «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխության դեմ ցույցերին:

«Իմ անունից և իմ նման մտածող միլիոնավոր հայերի անունից հայտարարում եմ, որ մենք ընդունել ենք մարտահրավերը, պարոնայք գանգստերներ: Մենք չենք վախենում: Մենք ընդունել ենք: Եթե մենք ենք ձեզ ծնել, մենք էլ ձեզ կսպանենք», - հայտարարեց Արտյոմը:

Այնուհետև ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Քննչական կոմիտե, սակայն ոստիկանները թույլ չտվեցին մոտենալ շենքին: Նալբանդյան փողոցի վերջնամասում, որտեղ ոստիկանները փակել էին ճանապարհը, ցուցարարները բարձրաձայնեցին իրենց պահանջները, նշեցին, որ եթե հանցագործությունը կարճ ժամկետում չբացահայտվի, առաջիկայում կգնան ավելի հուժկու ակցիաների ու հանրահավաքների, հրաժարականների պահանջներ կբարձրացնեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG