Մատչելիության հղումներ

Սահմանամերձ գյուղերի ուղղությամբ կրկին կրակոցներ են հնչում


Սահմանամերձ գյուղերի ուղղությամբ կրկին կրակոցներ են հնչում
please wait

No media source currently available

0:00 0:03:01 0:00

Երկու գիշեր է կրակոցներ են հնչում սահմանամերձ Այգեպար և Ներքին Կարմիր Աղբյուր գյուղերի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ զոհեր ու տուժածներ չկան:

«Հակառակորդը խախտում է, մենք էլ երբեմն պատասխանում ենք, երբեմն չենք պատասխանում։ Դժվար է ասել, շատերն են սա կապում տոների հետ, ամեն ինչ էլ հնարավոր է, բայց այս պահին չեմ կարող որևէ բան ասել»,- փոխանցեց Հովհաննիսյանը։

Այգեպարում տները ադրբեջանական սահմանից 100 մետր հեռավորության վրա են, մանկապարտեզն ու դպրոցը՝ 700 մետր: Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը «Ազատության» հետ զրույցում նշում է, որ սահմանային լարվածությունը ստիպել է մոռանալ ամանորյա տրամադրությունը:

«Երեկ իրիկուն էլ է եղել, էսօր գիշեր էլ, հուսով ենք, որ ցերեկը չի լինի։ Խոշոր տրամաչափի գնդացիրից են կրակում՝ ДШК-ից, շատ ուժեղ է դրա պայթյունը, ձայնը։ Հիմա երեխաներն էլ, բնակիչներն էլ իրենց տներից դուրս չեն գալիս, տան բակերում են, ճանապարհներին մարդիկ չկան։ Կարելի է ասել, նախատոնական տրամադրություն չունենք, ոնց որ մեզ մոտ Նոր տարին չի գալիս»,- ասաց գյուղապետը։

Այգեպարի գյուղապետ ասում է, որ նախորդ տարիներին կրակոցները գյուղի ուղղությամբ չեն եղել, այս տարի կրակում են հենց գյուղի՝ մարդկանց տների, ճանապարհով անցնող մեքենաների վրա:

Հայ-ադրբեջանական սահմանից ուղիղ գծով 2 կմ հեռավորության վրա գտնվող Ներքին Կարմիր Աղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը «Ազատությանը» ասում է՝ կրակոցներ կան, և դրանք ավելի ագրեսիվ են դարձել։

«Հիմա պատահական, օրվա ցանկացած ժամին կարող են կրակել հովիվի վրա կամ ճանապարհով անցնող մեքենայի վրա։ Ժողովրդին խաղաղություն է պետք, ընդհանուր առմամբ ապրում ենք, ինչ ասեմ»,- հոգոց է հանում Կամենդատյանը։

Սահմանամերձ գյուղերի բնակիչները անվտանգությունից ելնելով երեկոյան խուսափում են լույսերը վառել, Նոր տարվա գիշերը բացառություն չի լինի։

«Տան մեջ փոքրիկ ժազիգատելներով են ֆռֆում, որ թշնամին չտեսնի, էդ ուղղությամբ կրակի։ Ամեն տարի գյուղում տոնածառ ենք զարդարել, լույսեր ենք վառել, բայց էս տարի ոչ»,- ասաց Այգեպարի գյուղապետը։

Այգեպարի բնակչուհի Էլյանորա Վարդանյանը ասում է՝ ամեն դեպքում Ամանորին պատրաստվում են, բայց վախի զգացումը չի լքում իրենց.- «Պիտի զգույշ լինենք»։

Սահմանամերձ գյուղերում մարդկանց ցանկությունը Ամանորի շեմին մեկն է՝ խաղաղությունը։

«Որ հանգիստ դուրս գանք մեր աշխատանքին, մեր գործին»,- ասում է Էլյանորա Վարդանյանը։

XS
SM
MD
LG