Մատչելիության հղումներ

Գյուղապետերը հույս ունեն՝ նոր օրենքը կփոխի սահմանամերձ գյուղերի կյանքը


Սահմանամերձ բնակավայրերում հույս ունեն, որ խորհրդարանում ընդունված և իրենց արտոնություններ խոստացող վերջին օրենքները կաշխուժացնեն այս բնակավայրերի կյանքն ու հնարավորություն կտան նոր բիզնեսներ բացել։

Հակառակորդի կրակոցների պատճառով հարուստ հողեր ունեցող, բայց դրանց մեծ մասը չմշակող Մովսեսում և Չինարիում արդեն սպասում են գործարարներին։ Կրակոցների տակ ապրող Չինարին Ադրբեջանից ուղիղ գծով հեռու է մեկուկես կիլոմետր։

Եթե աշխատատեղեր բացվեն, շատ բան կփոխվի գյուղում, ասում է գյուղապետ Սամվել Սաղոյանը, ում խոսքով՝ մինչ օրս իրենց համայնքում ծրագրերն իրականացվել են մեծամասամբ միջազգային կազմակերպությունների ջանքերով։ Սաղոյանն այժմ հույս ունի, որ Չինարիում կհայտնվեն հայ գործարարներն իրենց նոր առաջարկներով։ Չինարիի գյուղապետը մեծ ոգևորությամբ է թվարկում համագործակցության հնարավոր ծրագրերը։

«Ջերմոցային, սնկային տնտեսություններ, չրերի արտադրամասեր... շատ հող չունենք մշակելու, բայց մեր միրգը կարող ենք վերամշակել»,- ասաց Սաղոյանը։

Չինարիից ոչ հեռու գտնվող Մովսեսը ևս, չնայած հարուստ բնությանն ու առատ բերքին, մինչև հիմա որևէ գործարարի համար գրավիչ չի եղել։ Գյուղապետերը գիտեն, թե ինչն է հեռու պահում գործարարներին. հակառակորդի կողմից եկող վտանգը բավարար է, ասում է գյուղապետ Արարատ Ավալյանը։

«Լավատես եմ, կարծում եմ, որ մեկը վերջիվերջո բիզնես կդնի թեկուզ մարդկանց օգնելու համար, թեկուզ տասը տոկոս շահույթ ստանա»,- ասաց Ավալյանը։

Լրագրողների հետ հանդիպմանը սահմանամերձ այս երկու գյուղերի ղեկավարներն ասացին, որ օրենքում տեղ գտած դրույթները հիմնականում իրենց առաջարկներն են եղել։ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը, սակայն, ընդգծեց, որ դեռևս չլուծված խնդիրներ կան, որոնց կառավարությունը նոր օրենքով չի անդրադարձել։

«Ես կուզեի նաև նշել առողջապահական ոլորտը, կան մարդիկ, որոնք իրոք վիրահատությունների համար հնարավորություններ չունեն։ Ես կխնդրեի մեր կառավարությանը հնարավորության սահմաններում աջակցել ոչ միայն ադրբեջանցիների կողմից ահաբեկչության հետևանքով կամ ռազմական գործողությունների ժամանակ վիրավորվածներին, այլ ընդգրկեն նաև սոցիալապես անապահովներին և երեխաներին»,- առաջարկեց Սաղոյանը։

Չինարիի գյուղապետը առաջարկեց նաև սահմանամերձ բնակավայրերում ծնվող յուրաքանչյուր երեխայի համար հատուկ նպաստ սահմանել։

Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանն էլ ուշադրություն հրավիրեց գյուղի ճանապարհի ու ոռոգման ցանցի անմխիթար վիճակին՝ հույս ունենալով, որ գոնե հաջորդ տարի կառավարությունը լուծում կտա սահմանը պահող գյուղի համար կարևոր այս խնդիրներին։

«Մովսես-Նորաշեն ճանապարհահատվածն է, 6 կմ տարածք է, որ չի ասֆալտապատվել, խոստացվել է, նախագահի խոստման մեջ կա, որ պիտի կատարվի, բայց դրանից առավել [հրատապ] ջրագծերի խնդիրն է՝ և ոռոգման, և կենցաղի ջուրը»,- ասաց Ավալյանը։

Գյուղապետերը նաև հույս ունեն, որ արտոնություններ սահմանող օրենքները 3 տարվա կյանք չեն ունենա և նախանշված այդ ժամկետը հետագայում կառավարությունը կերկարաձգի։ Քանի դեռ պատերազմական վիճակ է, դրա կարիքը կա, ասում են նրանք։

XS
SM
MD
LG