Մատչելիության հղումներ

ՏԻՄ ընտրություններում մեծամասամբ հաղթել է իշխող «Հանրապետական»-ը


Երևանի ավագանու ընտրություններ, արխիվ
Երևանի ավագանու ընտրություններ, արխիվ

Երեկ մի շարք մարզերի 13 համայնքներում տեղի ունեցած գյուղապետերի ընտրություններում մեծամասամբ հաղթանակ է տոնել իշխող Հանրապետական կուսակցությունը։

Տասը համայնքները կշարունակեն ղեկավարել ՀՀԿ-ի ներկայացուցիչները, ընդ որում, դրանցից իննում ընտրողների մեծամասնությունը կրկին նախապատվություն է տվել գործող գյուղապետերին, և միայն մեկ համայնքում՝ Լոռու մարզի Ձյունաշող գյուղում գործող ՀՀԿ-ական գյուղապետը վերջին պահին հանել է իր թեկնածությունն ու ընտրապայքարում միայնակ թողել նույն կուսակցության ներկայացուցիչ, գյուղապետի տեղակալ ամուսնուն։

Անցած կիրակի տեղի ունեցած գյուղապետերի ընտրություններում Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղը միակն է, որտեղ Հանրապետականը պարտվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցչին։

Նոր Ամանոսի գյուղապետի նախորդ երեք ընտրություններում հաղթած ՀՀԿ անդամ Սարգիս Ալեքսանյանը 46 ձայնով պարտվել է ԲՀԿ-ի ներկայացուցիչ մրցակցին՝ Սամվել Հովհաննիսյանին։ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանն «Ազատության» հետ զրույցում սա համարեց իրենց կուսակցության հաղթանակների սկիզբը։

«Ընդհանրապես այսուհետ, որտեղ ընտրություններին մասնակցեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, նմանատիպ հաղթարշավը սկսվելու է, և, երևի գիտեք, որ հանրության մեկնաբանություններն այստեղ պարզ են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահությունը շատ մեծ է այսօր հասարակության կողմից և, բնական է, որ «Բարգավաճ Հայաստան»-ը պետք է հաղթեր», - ասաց Բաբայանը։

Բացի այս գյուղից, «Բարգավաճ»-ը հաղթել է նաև Գեղարքունիքի Մեքանիս գյուղում, ընդ որում, այստեղ «Բարգավաճ»-ը մրցակից չի ունեցել՝ ԲՀԿ-ական գյուղապետը վերընտրվել է։

«Սա փոքրիկ, իհարկե, դեպք է, բայց, ամեն դեպքում, իմացեք, որ այսուհետ ինչքան ընտրություններ լինի, ժողովուրդը մերժելու է «Հանրապետական» կուսակցությանը», - ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։

Վերջին շրջանում գործող իշխանություններին քննադատող ոչ իշխանական եռյակի քաղաքական ուժերից երկուսը՝ Հայ ազգային կոնգրեսն ու «ժառանգություն»-ը թեկնածուներ չունեին տեղական ինքնակառավարման մարմինների այս ընտրություններում։

Խորհրդարանական մյուս ուժերը՝ Դաշնակցությունն ու «Օրինաց երկիր»-ը մեկական թեկնածու ունեին, որոնք, լինելով գործող գյուղապետեր, վերընտրվել են առանց լուրջ խոչընդոտների։

Երեկվա ընտրությունները դիտարկած «Քաղաքացիական դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեցին, որ էական խախտումներ չեն հայտնաբերել։

Կուտակումներ, վարչական ռեսուրսի կիրառում, ավտոմեքենաներով ընտրողներին տեղամասեր տեղափոխելու դեպքեր․ սրանք են այն հիմնական թերությունները, որոնք արձանագրել են դիտորդները։ Դիտորդություն իրականացրած կազմակերպությունների ներկայացուցիչները նաև շեշտեցին, որ չեն կարող ասել, թե արձանագրված թերությունները ինչպես կարող էին ազդել վերջնական արդյունքների վրա։

Այն, որ գյուղապետերի ընտրություններում ընտրողները նախապատվություն են տալիս ոչ թե քաղաքական ուժին, այլ անձին, ով կարող է լուծել իրենց հարցերը, իսկ դրանք լուծողները հիմնականում իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներն են, հաստատեցին նաև դիտորդները։

Դիտորդ Եղիազար Դավթյանն ասում է, թե գյուղական վայրերում մարդիկ ընտրում են իրենց «տեսուճանաչ մարդուն»․ - «Ասեմ, որ մարդիկ ընտրում են իրենց համագյուղացուն, ոչ թե կուսակցության կամ կուսակցության ներկայացուցչին։ Իրենց համար միևնույն է՝ ինչ կուսակցության ներկայացուցիչ է, կարևորը, որ ճանաչում, հարգում են, իր ազգը մեծ է, կամ շրջապատը՝ քավոր, սանիկ։ Էս համայնքներում, հիմնականում, այս տարբերակն է գործում»։

Դիտորդ Արմեն Պետրոսյանն էլ նշեց, որ փոքր համայնքներում կուսակցական պատկանելությունը էական դեր չի խաղում․ - «Ընդհանրապես փոքր գյուղական համայնքներում կուսակցական լինելը շատ քիչ է երևում, որովհետև բարեկամ, ազգակցական, ընկերական այդ հարաբերությունները գերակշիռ են դառնում՝ ավելի, քան էդ հանգամանքները։ Նույնիսկ բարձրաձայն ես լսեցի ընտրողներից մեկից՝ ինձ համար նշանակություն չունի ով է ընտրվելու, իմ ջուրը թող բերեն ապահովեն, թե չէ ես դույլով կգնամ ընտրված գյուղապետի տուն, թող ինձ ջուր տա»։

XS
SM
MD
LG