Մատչելիության հղումներ

ՏԻՄ ընտրությունները իշխող կուսակցության համար կանցնեն առանց էական խոչընդոտների


Այս անգամ Հանրապետականները մեծամասամբ մրցում են անկուսակցական թեկնածուների հետ։

Առաջիկա կիրակի մի քանի մարզերի 14 համայնքներում տեղի կունենան գյուղապետի ընտրություններ։ Դրանք, ըստ էության, իշխող Հանրապետական կուսակցության համար կանցնեն առանց էական խոչընդոտների՝ մրցակցություն չկա։

Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված ցուցակի, Հանրապետականները մեծամասամբ մրցում են անկուսակցական թեկնածուների հետ։

Իշխող «Հանրապետական»-ը թեկնածու չի առաջադրել միայն երեք գյուղերում, ընդ որում, այդ համայնքներում գյուղապետերը ոչ իշխանական ուժերի ՝ Հայ հեղափոխական դաշնակցության, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչներն են, ովքեր այս անգամ էլ ուզում են վերընտրվել։

Ընդդիմադիր «Ժառանգությունն» ու նրա հետ նույն հարթակից իշխանություններին քննադատող Հայ ազգային կոնգրեսը ընդհանրապես թեկնածուներ չունեն։

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ ակտիվ չլինելու պատճառը ռեսուրսների պակասն է։

«Շատ ցավալի է, և, կարծում եմ, բացթողում է ընդդիմության կողմից, որ նա չունի համապատասխան թեկնածուներ բոլոր ՏԻՄ ընտրություններին իրեն մասնակցությունը ցուցաբերելու համար։ Այստեղ, իհարկե, նաև խնդիր կա, որովհետև ընդդիմությունը չունի ռեսուրսներ։ Իշխանության ներկայացուցիչներն այսօր օգտվելով այդ ռեսուրսներից, որոնք, ըստ էության, իրենց համար անսահմանափակ է, դրա համար կարողանում են առաջադրել բոլոր վայրերում թեկնածուներ, նույնիսկ մեկի տեղը երկուսն են առաջադրում», - ասաց Փոստանջյանը։

Հայ ազգային կոնգրեսում ՏԻՄ ընտրություններին իրենց մասնակցությունը ընդհանրապես անիմաստ են համարում։ Տեղական ինքնակառավարման հարցերով զբաղվող Դավիթ Մաթևոսյանը պնդում է՝ գյուղապետերը սովորաբար սերտաճում են իշխող քաղաքական ուժի հետ, կան դառը փորձեր ոչ իշխանական ուժերի շրջանում, ուստի իրենց պայքարն այլ ուղղություն ունի։

«Այո՛, մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության կարևոր փոփոխությունը նախագահի և Հանրապետական կուսակցության փոփոխությունն է»,- ասաց Մաթևոսյանը։

«Բարգավաճ Հայաստանն» ու Հայ հեղափոխական դաշնակցությունը առաջիկա ընտրություններում իրենց պասիվ դիրքորոշման մասին գերադասեցին չխոսել։ Իշխող Հանրապետականում, սակայն, համոզված են, որ պատճառն այլ տեղ է։

Հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանն «Ազատության» հետ զրույցում նշում է՝ մյուս քաղաքական ուժերը գյուղերում աշխատելու համար իրենց «ցուցադրելու հնարավորություն չունեն»։

«Որովհետև նախ, եթե գնալու են համայնքում, ենթադրենք, 200 կամ 300 մարդու բացատրեն, կամ ընտրություն կազմակերպեն, ուղղակի, էսպես ասեմ, նաև զահլա չեն անում գնան և մասնակցեն։ Նրանց համար շատ ավելի հետաքրքիր է համապետական, հանրահավաքներում, հարթակներում խոսք ասելու ընդամենը տեսախցիկների առջև։ Իսկ էնտեղ՝ էդ 200 հոգու մոտ, քարոզչություն անելու պարագայում և ընտրվելու պարագայում առավել ևս, ինչից և խուսափում են, կոնկրետ աշխատանք է պետք, որից մշտապես խուսափում են և խոսում են միայն՝ իրենց խոսքը կառուցելով մյուսի չարած գործերի վրա», - ասաց Սահակյանը։

Հատկանշական է, որ վերջին տարիներին առաջին անգամ իշխող Հանրապետականը ընտրական հանձնաժողովներում մնացել է միայնակ՝ ութ անդամներից հինգը ոչ իշխանական ուժերն են։

XS
SM
MD
LG