Մատչելիության հղումներ

Էրդողանի դեմ կոռուպցիոն հետաքննություն սկսած իրավապահները ձերբակալված են


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը

Ոչ վաղ անցյալում Թուրքիայի իրավապահ համակարգի առանցքային դերակատարները հայտնվել են քննչական մեկուսարաններում:

52 ձերբակալված ոստիկան մեկ գիշերվա ընթացքում: Թուրքիայում այսօր լուսադեմին իրականացված լայնածավալ գործողության արդյունքում ճաղերի ետևում են հայտնվել այն բոլոր բարձրաստիճան ոստիկանները, որոնք անցած տարեվերջից սկսած հետաքննում էին վարչապետ Էրդողանի ընտանիքի անդամների և մերձավոր զինակիցների կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունները:

Մի քանի ժամերի ընթացքում թուրքական հատուկ ծառայությունները ձերբակալեցին այն բոլոր մարդկանց, ովքեր ոչ միայն պնդում էին, թե վարչապետ Ռեջեփ Էրդողանի մերձավորագույն շրջապատը ներքաշված է կոռուպցիոն գործարքներում, այլև պարբերաբար փաստական ապացույցներ էին ներկայացնում հանրությանը` այդ թվում վարչապետի և մի շարք նախարարների գաղտնալսված հեռախոսազրույցների տեսքով: Հենց այդ գաղտնալսված խոսակցություններն էլ դարձել են ոստիկանների ձերբակալության ֆորմալ պատճառը:

Ոստիկանական գործողությունների մեկնարկին զուգահեռ գրավոր հայտարարություն տարածեց Ստամբուլի գլխավոր դատախազ Հադի Սալիհօղլուն: «Ընդհանուր առմամբ ոստիկանության 76 սպաների ձերբակալության հրաման է արձակվել: Նրանք մեղադրվում են քրեական գործի հետաքննության ընթացքում փաստացի լրտեսությամբ զբաղվելու մեջ», - նշում էր դատախազը:

Հարկ է նկատել, որ այսօր քննչական մեկուսարաններում հայտնված ոստիկանները ոչ վաղ անցյալում Թուրքիայի իրավապահ համակարգի առանցքային դերակատարներն էին հանդիսանում:

Այսպես, ձերբակալվածների թվում է Ստամբուլի ոստիկանության հակաահաբեկչական բաժնի նախկին ղեկավար Օմեր Քյոսեն, ում ձերբակալեցին այն պահին, երբ նա բուժզննումից հետո լքում էր Ստամբուլի խոշորագույն բժշկական կենտրոններից մեկը: Ձերբակալվածների մեջ էր նաև Թուրքիայի վարչապետի որդու` Բիլալ Էրդողանի դեմ պաշտոնական հետաքննությունը նախաձեռնած ոստիկանը` Ստամբուլի ոստիկանության ֆինանսական հանցագործությունների բաժնի նախկին փոխտնօրեն Յասին Թոփչուն:

Հակաահաբեկչական ծառայության մեկ այլ նախկին ղեկավար` Յուրթ Աթայունը արեց ամեն ինչ, որպեսզի իր ձերբակալությունը չընկալվի որպես շարքային իրադարձություն: Այն պահին, երբ արդեն նախկին գործընկերները Աթայունին դուրս էին բերում իր բնակարանից` մեքենա նստեցնելու և ոստիկանական բաժանմունք տեղափոխելու համար, պաշտոնանկ իրավապահը հասցրեց մի քանի խոսք ասել ձերբակալությունը լուսաբանող լրագրողներին: «Տեսե'ք, ինձ ձեռնաշղթաներ են հագցրել: Մենք հոժարակամ հանձնում ենք մեր ճակատագիրն իրավապահ համակարգի ձեռքը, իսկ նրանք մեզ ձեռնաշղթա են հագցնում: Սա միանշանակորեն քաղաքական գործ է», - ասաց նա:

Թուրքական մամուլում արդեն իսկ խստորեն քննադատում են ոչ միայն զանգվածային ձերբակալությունների փաստն ինքնին, այլև ոստիկանության աշխատակիցներին ձեռնաշղթաներով դատարաններ, ապա նաև քննչական մեկուսարան տեղափոխելու՝ իրավապահների որոշումը:

Թուրքական մամուլում նաև տեսակետ է հնչում, որ այս ձերբակալությունները օգոստոսի 10-ի նախագահական ընտրություններից առաջ հանդիսացան վարչապետ Էրդողանի նախընտրական արշավի բաղկացուցիչ մասերից մեկը: Այս վարկածի օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ, ըստ Zaman օրաթերթի, ոստիկանական գործողության մեկնարկից մի քանի ժամ առաջ` կեսգիշերին, իշխանամետ բոլոր լրատվամիջոցները իրենց թղթակիցներին շտապ հրահանգել են ժամանել աշխատավայրեր` «առաջիկայում սպասվող կարևոր մի իրադարձություն լուսաբանելու նպատակով»:

Իսկ արևմտյան փորձագետների համոզմամբ`թուրքական իշխանության վերին էշելոններում տեղ գտած կոռուպցիայի դրսևորումները հետաքննող ոստիկանների դեմ սկիզբ առած հալածանքները միանգամայն սպասելի էին:

Լոնդոնցի փորձագետ Վոլֆանգո Պիկոլին Financial Times-ի թղթակիցն ասել է․ - «Առաջին էտապում այս մարդկանց հեռացրեցին զբաղեցրած պաշտոններից: Իրականացված ձերբակալություններն այդ հալածանքների երկրորդ էտապն են: Կարծում եմ՝ ձերբակալությունները այսքանով չեն դադարի: Ամեն դեպքում, սա ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու` կոռուպցիայի փաստերը հետաքննող ցանկացած անձ շատ մեծ գին է վճարելու այդ քայլին դիմելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG