Մատչելիության հղումներ

Հերթական ծանր հարվածը Էրդողանի դիրքերին


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ասուլիսի ժամանակ, հունվար, 2014թ․

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ասուլիսի ժամանակ, հունվար, 2014թ․

Համացանցում նոր սկանդալային ձայնագրություններ են հայտնվել:

Նոր գաղտնալսումներ և նոր ծանր հարված Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի դիրքերին քաղաքական դաշտում: Շաբաթասկզբին YouTube-ում տեղադրվեց վարչապետի և նրա որդու` Բիլալի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որից պարզ է դառնում, որ վարչապետ Էրդողանը անձամբ էր ներգրավված իր կուսակիցների կառուցած կոռուպցիոն սխեմաներում:

Թուրք ընդդիմադիրները պնդում են, որ վարչապետի և նրա որդու միջև այս հեռախոսազրույցը կայացել է դեկտեմբերին` Էրդողանի զինակիցների դեմ լայնածավալ հակակոռուպցիոն գործողության մեկնարկից բառացիորեն մի քանի ժամ առաջ:

Գաղտնալսված զրույցի ընթացքում Էրդողանն իր որդուն տեղեկացնում է սպասվող խուզարկությունների մասին և հանձնարարում մի շարք մերձավորների բնակարաններից հավաքել կանխիկ գումարները, որպեսզի դրանք հանկարծ չհայտնվեն իրավապահների ձեռքում: Համացանցում հայտնված մեկ այլ ձայնագրության մեջ Բիլալ Էրդողանը տեղեկացնում է հորը, որ հանձնարարությունը կատարվել է և այդ ֆինանսական միջոցները փոխանցվել են իշխող կուսակցությանը մոտ կանգնած մի շարք գործարարներին: Թուրքական որոշ լրատվամիջոցներ պնդում են, որ խոսքը առնվազն մեկ միլիարդ դոլարի մասին էր:

Գաղտնալսված հեռախոսազրույցների ձայնագրությունների ի հայտ գալուց մի քանի ժամ անց խորհրդարանական ընդդիմությունը հանդես եկավ կոշտ հայտարարություններով` պահանջելով վարչապետ Էրդողանի անհապաղ հրաժարականը:

Ընդդիմադիր խոշորագույն ուժի` Ժողովրդա-հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցությունը Անկարայում շտապ կարգով արտահերթ նիստ հրավիրեց, որի ընթացքում կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն պնդում էր․ - «Ես որևէ կասկած չունեմ, որ համացանցում հայտնված այս ձայնագրությունները իրական են»: «Ինչպես իրական են Արարատ լեռը կամ Էրջիյես սարը, նույնքան իրական ու ճշմարիտ են վարչապետ Էրդողանի այս ձայնագրությունները», - հայտարարում էր Քըլըչդարօղլուն:

Ընդդիմադիր մեկ այլ ուժի` Ազգայնական շարժման առաջնորդ Դևլեթ Բահչելին պնդում էր․ - «Այսքանից հետո վարչապետ Էրդողանը չպետք է անգամ փորձի հերքել ներկայացվող մեղադրանքները»:

Չնայած հնչած նախազգուշացումներին, Ռեջեփ Էրդողանը ոչ միայն հերքում է համացանցում հայտնված ձայնագրությունների իսկությունը՝ վստահեցնելով, թե դրանք մոնտաժված են, այլև համոզված է, թե այս բացահայտումների իրական թիրախը ոչ թե ինքն է, այլ ողջ թուրքական պետությունը:

«Սա դավաճանական հարված է Թուրքական հանրապետության վարչապետի դեմ: Այս ամենն ուղղված չէ Ռեջեփ Էրդողանի կամ «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի դեմ: Այս սառնասիրտ հարվածների թիրախը Թուրքիայի վարչապետն է: Մենք պարտավոր ենք հետաքննել կատարվածը, հակառակ պարագայում մենք ստիպված ենք լինելու հրաժեշտ տալ ընտանեկան և պետական գաղտնիք հասկացություններին», - հայտարարում էր Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG