Մատչելիության հղումներ

Իգոր Շուվալով. «ՄՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը պետք է բանակցություններ սկսի ԱՀԿ-ի հետ»


Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը:
Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը:
Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը բարձրաձայնում է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության խոչընդոտի մասին:

«Եթե Հայաստանը հաջող կերպով միանա մեր ձևաչափին, ստորագրի համաձայնագիրը և այն վավերացվի, այդ դեպքում փոխհատուցումների վերաբերյալ Հայաստանը պետք է բանակցություններ սկսի Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ»,- այսօր Սոչիում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստից հետո, ըստ «Ինտերֆաքս»-ի, հայտարարել է Շուվալովը:

Ռուսաստանի առաջին փոխվարչապետը մանրամասնել է, որ դառնալով Եվրասիական տնտեսական միության անդամ՝ Հայաստանը անցնելու է միության տարածքում գործող ավելի բարձր մաքսատուրքերի, մինչդեռ 2003-ից՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամությունից ի վեր, Հայաստանը պարտավորվել է կիրառել և կիրառում է ցածր մաքսատուրքեր:

«Դա կտարբերվի այն պարտավորություններից, որը Հայաստանն իր վրա վերցրել է ԱՀԿ-ի շրջանակներում: Քանզի Հայաստանի առևտրային գործընկերների համար իրավիճակը փոխվում է, կազմակերպության ընթացակարգով Հայաստանը պետք է բանակցություններ սկսի գործընկերների հետ», - ասել է Շուվալովը՝ միաժամանակ հավելելով, որ մինչև այս շաբաթվա վերջը պետք է լուծվեն Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության բոլոր խնդիրները և միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը պետք է նախապատրաստվի մինչև հուլիս 1-ը:

Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով, այս խնդիրը նորություն չէ, սակայն ուշագրավ է, որ Ռուսաստանը նոր է բարձրաձայնում այս մասին, և այս հանգամանքը նշանակում է, թերևս, որ Մոսկվայում դեմ են Եվրասիական միությանը Հայաստանի առնվազն արագ անդամակցմանը և սա փորձում են օգտագործել որպես խոչընդոտ:

«Իրենք [Ռուսաստանը] ավելի լուրջ են վերաբերվում այն պայմանավորվածություններին, որ կան Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ: Որովհետև իրականում Հայաստանի Հանրապետությունը եթե այդ հանգամանքը հաշվի չառնի, այսինքն եթե պայմանավորվածությունները անդամակցելու ժամանակ չպահպանի, ցանկացած պահի, Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ ցանկացած երկիր միշտ հայտ կներկայացնի և’ Հայաստանին, և’ Մաքսային միությանը, որպեսզի տույժ ու տուգանքի ձևով փոխհատուցի այն կորուստները, որ ինքը կրում է Հայաստանի Հանրապետության` Մաքսային միությանն անդամակցելուց հետո», - հավելեց Խաչատրյանը:
XS
SM
MD
LG