Մատչելիության հղումներ

logo-print

Տնտեսագետները լավատես չեն Հայաստանի «մաքսային» ապագայի հարցում


Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի հանդիպումը Նովո-Օգարյովոյում, երբ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի որոշման մասին

Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի հանդիպումը Նովո-Օգարյովոյում, երբ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի որոշման մասին

Հայաստանցի տնտեսական մեկնաբանները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեցին հնարավոր թանկացումները, ռուսական ներդրումների անիրական լինելը:

Մաքսային միության կազմում Հայաստանում կարող են բարձրանալ առաջին անհրաժեշտության որոշ ապրանքատեսակների, այդ թվում՝ ձեթի, շաքարավազի գները։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսական վերլուծաբան Արա Գալոյանը:

«Մաքսային միության տարածքի երկրները, մասնավորապես՝ Ռուսաստանը և Բելառուսը, բավական լուրջ գյուղատնտեսական սեփական արտադրություն ունեն, որը մենք չունենք, ապրանքատեսակների առանձին, իրենք պաշտպանել են իրենց ներքին արտադրողին մաքսային բարձր տոկոսադրույքներով: Եթե պարտադրեն մեզ էլ նման տոկոսներ, այդ դեպքում մեզ մոտ այդ ապրանքատեսակները՝ սննդամթերքի, որոնք ներմուծվում են, իսկապես կթանկանան», - ասաց Գալոյանը:

Արդյոք Ռուսաստանը և Բելառուսը կհամաձայնե՞ն գործընկեր Հայաստանին ավելի ցածր գնով վաճառել ապրանքատեսակներ, ցույց կտա ապագան, նշեց տնտեսական վերլուծաբանը՝ հավելելով․ - «Պակաս արժանահավատ եմ համարում, որ այդպես կլինի՝ Ռուսաստանը ինչ-որ ներքին գների սահմանի կմատակարարի, կթույլատրի մատակարարել մեզ: Պակաս արժանահավատ եմ համարում և համարում եմ, որ գները, այնուամենայնիվ, կբարձրանան»:

Միակ օգուտը, ըստ Գալոյանի, թերևս այն կլինի, որ գուցեև ավելանան այդ երկրներ Հայաստանից արտահանվող ապրանքների ծավալները։ Սա, իր հերթին, տնտեսական վերլուծաբանը դեռևս ենթադրություն է համարում։

«168 ժամ» թերթի տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը ևս Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից սպասվող օգուտների մասին չի կարող խոսել, հատկապես երբ իշխանությունները հանրությանը լուրջ ուսումնասիրություններ չեն ներկայացրել ՄՄ-ից սպասվող օգուտների մասին։

«Հանրությանն առաջին հերթին հետաքրքրում են առաջին անհրաժեշտության ապրանքների գները և թե դրա դիմաց ինչ պետք է ստանա Հայաստանը․ սա, սակայն, դեռևս անհասկանալի է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Թունյանը:

«Եթե ներդրումներ՝ ապա Ռուսաստանի տնտեսությունը ինքը այսօր լավագույն վիճակում չի գտնվում, ու ռուս պաշտոնյաները դա չեն էլ թաքցնում: Իմ համար այս պահին տեսանելի չէ այն գլխավոր օգուտը, որ Հայաստանը ստանալու է», - ընդգծեց տնտեսական մեկնաբանը՝ շարունակելով․ - «Միգուցե իրենց [Հայաստանի իշխանություններին] ինչ-որ ուրիշ բաներ է հայտնի, որ իրենք այդպիսի հայտարարություններ կարողանում են անել, բայց ես չեմ տեսնում այդ օգուտները այս պահին»:

Սպասել Ռուսաստանից ներդրումներ՝ իրատեսական չէ, ասաց Թունյանը՝ մատնանշելով վերջին տարիների վիճակագրությունը Ռուսաստանից Հայաստանում կատարված ներդրումների վերաբերյալ․ դրանք պակասել են։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG