Մատչելիության հղումներ

ԼՂ դեմ Ադրբեջանի հարձակման դեպքում Հայաստանում ռուսական բազան «կարող է ներգրավվել»


C-300 հրթիռները Հայաստանում ռուսական ռազմակայանում, Գյումրի, արխիվ
C-300 հրթիռները Հայաստանում ռուսական ռազմակայանում, Գյումրի, արխիվ
Եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան կարող է ռազմական գործողություններ սկսել՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների համաձայն: Այդ մասին հայտարարել է ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնաթերթ «Красная звезда»-ին տված հարցազրույցում գնդապետ Ռուզինսկին, մասնավորապես, ասել է․- «Ադրբեջանի ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ուժային ճանապարհով իրավասության վերականգնման վերաբերյալ որոշման դեպքում [Հայաստանում տեղակայված 102-րդ] ռազմաբազան կարող է ներգրավվել զինված հակամարտությունում՝ ՀԱՊԿ-ի շրջանակում Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների համաձայն»:

Ռուզինսկին, ով այս տարի այս տարի ապրիլին է ստանձնել ռազմաբազայի հրամանատարությունը և նախկինում եղել է ռուսական բանակի ամենամարտունակ զորամիավորումներից մեկի՝ Տուլայի օդադեսանտային դիվիզիայի փոխհրամանատարը, ընդգծում է.- «Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան մշտապես պատրաստ վիճակում գտնվող միավորում է՝ նախատեսված անհապաղ գործողությունների համար»։

Գնդապետը համոզմունք է հայտնում, որ ռազմաբազայի ուժերը թույլ կտան լուծել իրենց առջև դրված խնդիրները։

«Ռազմաբազան բաղկացած է մարտական 13 ստորաբաժանումներից։ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի կազմի մեջ են մտնում С-300В տեսակի զենիթահրթիռային համալիներից բաղկացած դիվիզիոնը, БУК-М1-2 տիպի զենիթահրթիռային համալիրներից կազմված դիվիզիոնը, Смерч տեսակի ռեակտիվ հրետանային մարտկոցը և МиГ-29 տեսակի կործանիչներից բաղկացած օդուժի ռազմակայանը»,- նշում է Անդրեյ Ռուզինսկին։

Հարկ է նշել, որ նախկինում ռուսաստանցի պաշտոնյաները՝ պետական գործիչներ, դիվանագետներ, զինվորականներ, երբեք չեն նշել Լեռնային Ղարաբաղի անունը, երբ խոսքը գնացել է Հայաստանի անվտանգության ապահովման մասին: Միշտ ասվում էր, որ ՀԱՊԿ-ն և Ռուսաստանը պարտավորվել են ապահովել միայն Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, որի կազմի մեջ, ինչպես հայտնի է, ֆորմալ առումով Լեռնային Ղարաբաղը չի մտնում: Հետևաբար գնդապետ Ռուզինսկու հայտարարությունն աննախադեպ է:

Հայաստանում ռուսական ռազմաբազան տեղակայված է 1994 թվականից: 2010 թվականի օգոստոսին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված ռազմական նոր համաձայնագրով, ըստ էության, փոխվեց ռազմաբազայի գործառույթը: Եթե նախկինում 102-րդ ռազմաբազայի պարտականությունն էր պաշտպանել միայն հայ-թուրքական և հայ-իրանական սահմանները (այսինքն նախկին ԽՍՀՄ սահմանները), ապա նոր համաձայնագրում նշված է, որ ռուսական ռազմաբազան հայկական զինված ուժերի հետ համատեղ պետք է ապահովի Հայաստանի անվտանգությունը՝ անկախ այն հանգամանքից, թե որ ուղղությունից կբխի սպառնալիքը:

Համաձայնագրի ստորագրումից հետո Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս են հայտարարել 102-րդ ռազմաբազայի արդիականացման մասին: Վերջինը նման հայտարարություն արեց հունիսին Երևան ժամանած ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:

Նախորդ մեկ ու կես տարվա ընթացքում անընդհատ տեղեկություններ էին ստացվում Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայի հզորացման մասին: Անցած տարվա հունիսին հայտարարվեց, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի օդուժը ավելացրել է ռազմական ինքնաթիռների թռիչքների հաճախականությունը 20 տոկոսով և որ օդուժի ավելի հաճախակի դարձած վարժանքների նպատակն է առավելագույնս լավ նախապատրաստվել հնարավոր մարտական իրավիճակներին:

2012-ի հունիսին «Ազատության» հետ զրույցում Ռուսաստանի Հարավային զինվորական օկրուգի մամուլի քարտուղար, գնդապետ Իգոր Գորբուլը տեղեկացրեց, որ մինչև 2012-ի վերջ Ռուսաստանը կրկնապատկելու է Հայաստանում գտնվող իր ռազմակայանի պայմանագրային զինծառայողների թիվը՝ հրաժարվելով, սակայն, նշել, թե այդ կրկնապատկումից հետո որքա՞ն կկազմի ռազմաբազայի զինվորականների ընդհանուր թիվը:

Այս տարվա հունիսին ռազմական շրջանակներում «Ազատության» աղբյուրները փոխանցեցին, թե Հայաստանի տարածքում տեղակայվել են «Искандер-М» տեսակի միջին հեռահարության հարվածային հրթիռային մի քանի համալիրներ, որոնց հեռահարությունը ավելի քան 300 կիլոմետր է և որոնք համարվում են ժամանակակից ամենաարդիական զինատեսակներից: Հայաստանի ՊՆ-ին արձագանքեցին, թե համալիրները հայկական Զինված ուժերում չեն:

Եվ վերջապես, մոտ երկու շաբաթ առաջ 102-րդ ռազմակայանի ավիաբազայի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովը լրագրողներին փոխանցեց, թե Հայաստանում ռուսական օդուժը առաջիկայում կընդլայնվի և կարդիականացվի․ ավիաբազան կհամալրվի մարտական ուղղաթիռներով, կարդիականացվեն МиГ-29 օդանավերի ռադիոէլեկտրոնային սարքավորումները՝ այդպիսով չորրորդ սերնդի դասին պատկանող կործանիչները կդառնան չորս-պլյուս սերնդի:

«Ազատության» հետ զրուցում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն այսօր նշեց, թե գնդապետ Ռուզինսկու հայտարարությունը նշանակում է, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին տրված անվտանգության երաշխիքներն ընդլայնվել են:

«Շատ հետաքրքիր է [Ռուզինսկու հայտարարության] ժամանակը: Սա Ռուսաստանի զինվորականության արձագանքն է Հայաստանի վերջին բողոքներին ու քննադատությանը, որոնք վերաբերում են Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զինտեխնիկայի վաճառքին: Կարևոր է նաև այն, ինչ Ռուզինսկին չի ասել. հայտարարության մեջ ոչ մի բան չկա ապագայում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքը կանխելու մասին: Ռուսաստանը Ադրբեջանին սպառազինության վաճառող թիվ մեկ երկիրն է, և չնայած կարևոր է հայտարարությունը, սակայն այն չի փոխում այդ իրավիճակը»,-ասաց Կիրակոսյանը:
XS
SM
MD
LG