Մատչելիության հղումներ

Ռուս պաշտոնյան ասում է` Հայաստանին չպետք է անհանգստացնի զենքի վաճառքը Ադրբեջանին


ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւ

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւ

«Հայաստանը անհանգստանալու պատճառ չունի», - պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ տարածաշրջանի համար մի կողմից Ռուսաստանի` Ադրբեջանին շուրջ 1 միլիարդ դոլարի զինտեխնիկայի վաճառքը, մյուս կողմից Ադրբեջանի շարունակական բնույթ կրող ագրեսիվ հռետորաբանությունը, ասաց Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը:

«Հայաստանի հետ մենք ունենք ռազմավարական հարաբերություններ. այս այցի շրջանակներում մենք այցելեցինք նաեւ 102-րդ ռազմակայան եւ համոզվեցինք, որ մեր զինվորականները, բանակը, սահմանապահները եւ նրանք, ովքեր համագործակցում են, հուսալիորեն ապահովում են Հայաստանի անվտանգությունը», - ընդգծեց Պատրուշեւը` հավելելով, որ անվտագություն ապահովելու համար իրենց ուժերն ու միջոցներն այստեղ բավարար են:

Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին զենք վաճառելուն, ապա Պատրուշեւ եւս մեկ անգամ շեշտեց, որ զենք վաճառելով Ռուսաստանը կատարում է գոյություն ունեցող միջազգային բոլոր պարտավորություններն ու պահանջները: Նախօրեին էլ Գյումրիում նա ասել էր, թե ցանկացած երկիր կարող է օրենքի շրջանակներում Ռուսաստանից զենք ձեռք բերել:

Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն էլ իր հերթին նշեց, որ պետք է ողջախոհ լինել եւ հասկանալ մի պարզ ճշմարտություն. - «Կարեւորն այն է, որ հայ-ռուսական ռազմավարական գործակցությունը զարգանում է, այդ թվում` ռազմական ենթակառուցվածքների արդիականացման առումով»:

Այսօր ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող մի շարք միջպետական համաձայնագրեր ստորագրվեցին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Մասնավորապես, Հայաստանի պաշտպանության նախարարը եւ Ռուսաստանի ռազմատեխնիկական կառույցի ղեկավարը փաստաթուղթը ստորագրեցին նոր ռազմատեխնիկական համագործակցության մասին:

Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը շատ կարեւորեց այս փաստաթուղթն` ասելով, որ հինգ տարի շարունակ աշխատել են դրա ստորագրման վրա:

Նիկոլայ Պատրուշեւն էլ նշեց, որ շատ ակտիվ համագործակցում են Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգության խորհուրդները. - «Մենք մեր առջեւ նպատակ ենք դրել, որ երկու երկրների այն գերատեսչությունները, որոնք ապահովում են անվտանգությունը, այս կամ այն ոլորտում ակտիվ համագործակցեն», - ասաց նա:

Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ համաձայն ստորագրված փաստաթղթերի` ՌԴ նախագահի հրամանով «Ռոսգրանիցա» գործակալությունը Հայաստանում կունենա հատուկ ներկայացուցչություն, ինչը ենթադրում է Հայաստանի պետական սահմանի ենթակառուցվածքների արդիականացում: ՀՀ արտակարգ իրավիճակների ոլորտում կստեղծվի նոր ենթակառուցվածք` «Հայ-ռուսական հումանիտար կենտրոն», որը կունենա տարածաշրջանային նշանակություն: Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կստեղծվի նաեւ պետական պահուստների համատեղ ենթակառուցվածք:

Փաստաթղթերի ստորագրումից հետո կողմերը միմյանց հուշամեդալներ հանձնեցին:
XS
SM
MD
LG