Կիրակի, Մայիս 19, 2013 Ժամանակը Երեւանում 17:44

Քաղաքական

ՀԱԿ-ը «Տեր-Պետրոսյանից լավ նախագահի թեկնածու չունի»

ՀԱԿ համակարգող Լեւոն ԶուրաբյանՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյան
x
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյան
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյան
Տեքստի չափը - +
Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ ՀԱԿ-ը «Լեւոն Տեր-Պետրոսյանից լավ նախագահի թեկնածու չունի»` պատասխանելով հարցին, թե պատգամավորական մանդատից հրաժարվելուց հետո Տեր-Պետրոսյանը ինչպե՞ս է շարունակելու մնալ քաղաքականության մեջ եւ արդյո՞ք 2013-ի նախագահական ընտրություններում կառաջադրի իր թեկնածությունը:

ՀԱԿ առաջնորդը մայիսի 8-ի հանրահավաքում, տեղեկացնելով պատգամավորական մանդատը վայր դնելու մասին, միաժամանակ հայտարարել էր, որ դա ամենեւին չի նշանակում քաղաքական գործունեությունը դադարեցնել։

«Նա շարունակում է մնալ ՀԱԿ-ի առաջնորդը, եւ եթե ինձ հարցնեք՝ ո՞վ է ամենահավանական թեկնածուն առաջիկա նախագահական ընտրություններում, ես կարծում եմ, որ այդ հարցն անվիճելի է Կոնգրեսի ներսում: Տեր-Պետրոսյանը շարունակում է լինել անվիճելի հեղինակություն, եւ ավելի լավ թեկնածու մենք չունենք», - ասաց Զուրաբյանը:

Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով ՀԱԿ-ը համամասնական ընտրակարգով ստացել է քվեների 7.08 տոկոսը: ՀԱԿ 7 պատգամավորների շարքում Տեր-Պետրոսյանի փոխարեն խորհրդարան կմտնի դաշինքի համամասնական ցուցակի 8-րդ հորիզոնականը զբաղեցնող Հրանտ Բագրատյանը:

Զուրաբյանը հերքեց շրջանառվող այն լուրերը, որ Բագրատյանը նշանակվում է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար:

«Խմբակցությունն ինքը պետք է ընտրի խմբակցության  ղեկավարին, եւ դրա մասին դեռ որեւէ խոսակցություն մեր մեջ  չի եղել», - ասաց նա:

Ի պատասխան հարցին, թե արդյո՞ք ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը եւս վայր է դնում մանդատը, Զուրաբյանը հիշեցրեց այդ մասին Սարգսյանի հրապարակային հայտարարությունները:

«Դա մի իրողություն է, որ  ինքն արդեն փաստել է: Նաեւ մեր խորհրդակցությունների ժամանակ, մեր կենտրոնական շտաբի նիստում, քաղխորհրդի նիստերում ինքը դրա մասին հայտարարություն արել է, որ պատրաստվում է մանդատը դնել», - նշեց Զուրաբյանը` հավելելով, որ ընտրություններից հետո Սարգսյանի հետ այդ հարցով որեւէ խոսակցություն չի ունեցել:

Արամ Սարգսյանը առայժմ հրաժարվում է հարցազրույցից:

ՀԱԿ-ը չի համարում, որ խորհրդարանական մանդատները վերցնելով ՝ լեգիտիմացնում է  ընտրությունների արդյունքները:

«Մանդատները վերցնելն ինչպե՞ս կարող է նշանակել ընտրությունների լեգիտիմությունն ընդունել», - ասաց Զուրաբյանը. - «Եթե Հայաստանում լինեին ազատ եւ արդար ընտրություններ, ընտրությունները հիմնովին չկեղծվեին, ես վստահ եմ` ՀԱԿ-ը կստանար 50-60 մանդատ: Այդ 50 մանդատից մեզ հասել է 7-ը, այսինքն մեզանից գողացել են 43 մանդատ: Հիմա ո՞ր տրամաբանությամբ մենք պետք է մեր ժողովրդից ստացած 7 մանդատը տանենք ու հանձնենք այդ գողերին: Հակառակը, պետք է գնանք, որ  մեր մնացած 43 մանդատները  հետ ստանանք…մենք պետք է օգտագործենք խորհրդարանի ամբիոնը ժողովրդին ոտքի կանգնացնելու նպատակով»:

Բացառելով խորհրդարանում մեծամասնություն ստացած ՀՀԿ-ի հետ կոալիցիան` Զուրաբյանը պատրաստակամություն հայտնեց  խորհրդարանում «այս արատավոր համակարգը փոխելու պատրաստ» ուժերի հետ համագործակցությունը: Այն դիտարկմանը, թե ինչո՞ւ հանրահավաքում ՀԱԿ առաջնորդն ու ներկայացուցիչները ընդհանրապես չխոսեցին ԲՀԿ-ի մասին, արդյո՞ք երկու ուժերի «ճանապարհները բաժանվում են», Զուրաբյանն արձագանքեց. - «Որեւէ քաղաքական ուժի մասին խոսելը երբեք ինքնանպատակ չի եղել, խոսել ենք, երբ դրա նպատակահարմարությունը եղել է: Այսօր որեւէ նպատակահարմարություն չկար խոսելու, եւ չենք խոսել»:

Անդրադառնալով խորհրդարանում ԲՀԿ-ի հետ համագործակցակցության հնարավորություններին` Զուրաբյանն ասաց. - «ԲՀԿ-ի հետ համագործակցությունը հնարավոր է, եթե տեսնենք, որ կա շահագրգռվածություն այս ընտրական մեխանիզմները փոխելու: Արդեն կերեւա կա այդ շահագրգռվածությունը, թե` ոչ: Համենայնդեպս, այս ընտրությունների շրջանում այդ շահագրգռվածությունը կար»:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ընտրությունների վերաբերյալ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի լռությունը, հաշվի առնելով, որ նրա ուղերձում ընտրակեղծիքների մասին որեւէ հիշատակում չկար, ՀԱԿ համակարգողը պատասխանեց. - «Ընտրությունների վերաբերյալ մենք մեր գնահատականները տվեցինք, մնացած ուժերն իրենք պետք է որոշեն, թե ինչ գնահատական են տալիս: Մայիսի 7-ին ընտրությունների վերահսկման միասնական շտաբի նիստում անգամ մշակել ենք հայտարարության տեքստ, եւ մենք մեր համաձայնությունը տվել ենք այդ տեքստին: Հիմա մյուս ուժերից է կախված, թե արդյո՞ք նրանք պատրաստ են այդ տեքստը հրապարակել»:

Հավելենք, որ ՀԱԿ-ը խորհրդարան մտնելուց հետո չի դադարեցնելու հանրահավաքային պայքարը:

Loading
12:00:00 / -:--:--
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
barséghian , : france
09.05.2012 20:00
+0 / -0
Congressi karakaganoutian massin indjèr bédéké gartal ? Anhouys jorovortavaroutian massin, socialagan parélavman, nouyn andziali xoramank oligark, féodalist, gacharagér ...

Karakatsin chad lav amén indj hasgetsav, 20 dari charounag. Ge mena vor kuri endaniki zavagnér paxén yérgrits yèv por ourargén vor barkér dzazgén, gedor me hats lernayn pandjarérénov senvén ...