Մատչելիության հղումներ

ՀՀԿ փոխնախագահի գնահատմամբ, ԲՀԿ-ի համար ընդդիմադիր դառնալը նպատակահարմար չէ


ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյան

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյան

Հանրապետական կուսակցությունը կողմնակից է, որպեսզի քաղաքական ուժերը առաջիկա 5 տարիներին համաձայնեցված գործեն եւ այդ համաձայնությունները լինեն ժողովրդի առջեւ։

«Բնականաբար համաձայնություններ կլինեն, բայց դրա անունը կոալիցիա կլինի, թե դաշինք, կամ թե պարզապես համաձայնություն՝ դա կկանխորոշվի օրեր հետո», - այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հանրապետականը մտադիր է կոալիցիա կազմել խորհրդարան անցած մյուս ուժերի հետ։

Հիշեցնենք, մայիսի 6-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը թե՛ համամասնական, թե՛ մեծամասնական ընտրակարգով զգալի առավելության հասավ մրցակից քաղաքական ուժերի նկատմամբ եւ հավակնում է ստանալ Ազգային ժողովի 131 պատգամավորական մանդատներից ավելի քան 70-ը։

Նշենք, որ Հանրապետականից հետո առավել շատ ձայներ ստացած քաղաքական ուժը իշխող կոալիցիայի մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, որը 30-ից ավելի մանդատների է հավակնում։

Մեր հարցին, թե Հանրապետականը դիմելո՞ւ է «Բարգավաճ Հայաստանին» նոր կոալիցիա կազմելու նպատակով, Սահակյանը պատասխանեց․ - «Ես կարծում եմ, որ այսօր մեր վիճակը այնպիսին է, որ մյուսները պիտի նախ դիմեն մեզ։ Բայց, այնուհանդերձ, կարծում եմ, որ մենք որոշակի հայտարարություններ կանենք նաեւ այդ ուղղությամբ»։

Հարցին, թե դա նշանակո՞ւմ է, որ Հանրապետականը համագործակցության առաջարկ կանի, Սահակյանը արձագանքեց․ - «Համագործակցությունը անհրաժեշտ է, եւ կարծում եմ ուժեր կլինեն, որոնք կփորձեն համագործակցել, բայց այդ համագործակցության չափը, քանակը որոշակի կդառնա, երբ արդեն մյուս քաղաքական ուժերի հետ ինչ-որ մի փուլ անցնենք քննարկումների»։

ՀՀԿ փոխնախագահին փոխանցեցինք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար անդամներից ե՛ւ Վարդան Օսկանյանը, ե՛ւ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել են, որ իրենք չէին ցանկանա, որպեսզի ԲՀԿ-ն կոալիցիա կազմի Հանրապետականի հետ։

Գալուստ Սահակյանը հակադարձեց, թե անհատները չէ, որ կոալիցիա են կազմում, այլ քաղաքական սկզբունքները։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական տեսակետը չի արտահայտվել», - նաեւ ասաց Հանրապետականի փոխնախագահը ու հավելեց․ - «Ես կարծում եմ կոալիցիա կազմելը հանրապետականների երազը չէ»»։

Նախընտրական քարոզչության շրջանում Հայաստանի իշխող կոալիցիայի մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանդես էր գալիս իշխանությունների հասցեին բավական քննադատական հայտարարություններով։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե Հանրապետականը բացառո՞ւմ է, որ «Բարգավաճ Հայաստանը» ընդդիմության շարքերն անցնի, ՀՀԿ փոխանախագահը ասաց, թե ոչ մի բան չի կարելի բացառել, բայց իր կարծիքով, հենց «Բարգավաճ Հայաստանի» համար նպատակահարմար չէ ընդդիմություն դառնալը։

«Դրա քաղաքական հիմքերը չեմ տեսնում։ Դրանով ես չեմ կարծում, որ որեւէ նոր խնդիր է լուծում, մանավանդ՝ ընդդիմության համար, ընդդիմադիր լինելու համար էլ է փորձ պետք», - հայտարարեց Գալուստ Սահակյանը՝ հիշեցնելով, որ իրենք ընտրարշավի ընթացքում «լուռ ու մունջ» տարան ԲՀԿ-ի քննադատությունը։

«Դա էլ մեր ռազմավարությունն էր։ Չհակադարձեցինք, դրա համար այն խնդիրը, որ իրենց առջեւ դրել էին՝ նախորդ ընտրություններից մի փոքր արդյունքները շատ լինելու, փաստորեն նպաստեցինք նաեւ դրան», - ասաց Հանրապետականի փոխնախագահը։

Անդրադառնալով քաղաքական մի քանի ուժերի՝ ՀԱԿ-ի, Դաշնակցության եւ «Ժառանգության» հայտարարություններին, համաձայն որոնց մայիսի -ին կայացած ընտրությունների ընթացքում բազմաթիվ ընտրախախտումներ են տեղի ունեցել, Գալուստ Սահակյանն ասաց, թե բնական է, երբ այդ ուժերը խոսում են ընտրախախտումների մասին, քանի որ ցավոտ է, երբ բարձր նշաձող ես սահմանում, բայց կանխատեսումները ընտրությունների արդյունքների հետ չեն համընկնում։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG