Մատչելիության հղումներ

Թուրքիան դադարեցնում է ռազմական համագործակցությունը Ֆրանսիայի հետ


Ֆրանսիայի նախագահն ու Թուրքիայի վարչապետը Կաննի գագաթնաժողովում: 3-ը նոյեմբերի, 2011թ.
Ֆրանսիայի նախագահն ու Թուրքիայի վարչապետը Կաննի գագաթնաժողովում: 3-ը նոյեմբերի, 2011թ.
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քիչ առաջ հայտարարել է, որ Թուրքիան դադարեցնում է ռազմական համագործակցությունը Ֆրանսիայի հետ, «չեղյալ է հայտարարում թուրքական օդանավակայաններում ֆրանսիական մարտական ինքնաթիռների վայրէջքի թույլտվությունը»:

Այդպես է Էրդողանը արձագանքել Ֆրանսիայի Ազգային ժողովի` այսօր ընդունած որոշմանը, որով Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն է սահմանվում:

Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» շաբաթաթերթի խմբագիր Բագրատ Էստուկյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց իր գնահատականը Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ. - «Սա երկու կողմ ունի: Նախ, որ այսուհետ Ֆրանսիայում պետք է արգելվի Հայոց ցեղասպանության փաստի ուրացումը: Խնդրի երկրորդ կողմը կարծիքի ազատության խափանում է: Եթե հանկարծ որեւէ գիտնական կամ մտավորական կասկածի տակ դնի Ցեղասպանության հարցը... Ես չեմ ուզի, որ մտավորականը պատժվի՝ կասկածներ հայտնելով, բայց նաեւ չէի ուզի, որ որեւէ մեկը Ցեղասպանությունն ուրանալու համարձակություն ունենար»:

«Մարմարա» թերթի խմբագիր Ռոբեր Հաթեջյանն ասաց, որ Թուրքիան «շատ մանրակրկիտ էր հետեւում Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում տեղի ունեցածին»: Նա, մասնավորապես, ասաց, որ առավոտից Թուրքիայի հիմնական հեռուստաընկերությունները ժամերով եթեր էին հեռարձակում Ֆրանսիայի խորհրդարանի նիստը:

«Եվ զգուշացնում են, որ այս օրինագիծը շատ լուրջ հետեւանքներ պիտի ունենա: Ընդհանրապես, այստեղ միշտ շեշտը դնում են այն իրողության վրա, որ 500 հոգանոց խորհրդարանից 50 երեսփոխաններ են մասնակցել քննարկմանը», - նշեց Հաթեջյանը:

Թուրք պաշտոնյաներն արդեն հանդես են գալիս հակադարձումներով: Թուրքիայի դեսպանը վաղն «անորոշ ժամանակով» կլքի Փարիզը` այդպիսով արտահայտելով իր բողոքը։ Այդ մասին հայտարարել է դեսպանատան մամուլի խոսնակը: Բացի այդ, Թուրքիայում հայտարարություններ են հնչում Ֆրանսիայի հետ տնտեսական կապերը խզելու վերաբերյալ:

«Մարմարա» թերթի խմբագիր Ռոբեր Հաթեջյանն ասում է, որ անկախ այդ հայտարարություններից, Թուրքիայի իրական քայլերի մասին խոսելը դեռ վաղ է:

Ի դեպ, Թուրքիայի փոխվարչապետը Twitter-ում քննադատելով Ֆրանսիայի խորհրդարանի որոշումը՝ գրել է, թե դա «ստվեր է գցում պատմական արդարության վրա»:

Միացյալ Նահանգների Հայ դատի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը, ողջունելով Ֆրանսիայի խորհրդարանում ընդունված օրինագիծը, հայտարարել է, թե Ֆրանսիայի դիրքորոշումն ընդգծում է անհրաժեշտութունը, որ Ամերիկայի նախագահն ու Կոնգրեսը վերջնականապես պետք է հաղթահարեն Թուրքիայի դիմադրությունը եւ դատապարտեն մարդկության դեմ անպատիժ մնացած հանցագործությունը:

«Մենք հորդորում ենք Օբամային կատարել խոստումը, եւ Ներկայացուցիչների պալատին հորդորում ենք ճանաչել Ցեղասպանությունը եւ թիվ 304 բանաձեւը ներկայացնել քվեարկության», - ասել է Համբարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG