Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի խորհրդարանը ընդունեց ցեղասպանության օրինագիծը


Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն Ֆրանսիայի Ազգային ժողովի դեկտեմբերի 22-ի նիստի ժամանակ

Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն Ֆրանսիայի Ազգային ժողովի դեկտեմբերի 22-ի նիստի ժամանակ

Ֆրանսիայի Ազգային ժողովը հինգաբթի օրը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը։

Տեղական ժամանակով ժամը 9։30-ից (Երեւանի ժամանակով` ժամը 12։30) սկսված նիստը շարունակվեց չորս ժամ, եւ քննարկվող առաջին հարցը այս օրինագիծն էր։

Նախագծի օգտին քվեարկեց նիստին ներկա շուրջ 50 պատգամավորների ճնշող մեծամասնությունը, դեմ էին մոտ կես տասնյակ պատգամավորներ։ Օրինագիծը վավերացման համար Սենատին կներկայացվի 2012 թվականին` մինչեւ փետրվար ամիսը:

Քննարկումը անցավ մի նշանաբանի տակ, որ ֆրանսիական օրենքով ընդունված ցեղասպանությունների ժխտումը պետք է պատժվի։

Այս էր միտքը հանդես եկած` տարբեր կուսակցություններ ներկայացնող բանախոսների ճնշող մեծամասնության։

Բանախոսներից շատերը մեծ հուզումով էին պաշտպանում օրինագիծը։ Նրանցից շատերը` «Միավորում հանուն ժողովրդական շարժման» (UMP) իշխող կուսակցության ներկայացուցիչ Ռենե Մյուզելիեն, Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ռենե Ռուքեն, ինչպես նաեւ Ֆրանսուա Ռոշբլուանը եւ շատ ուրիշներ երկար տարիներ պայքարում են Հայոց ցեղասպանության ճանաչման համար եւ հայտարարում էին, որ այսօր ուրախ են` կարողանալու համար քվեարկել 2001 թվականին ընդունված` Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքը լրացնող եւ ցեղասպանության ժխտումը պատժելի դարձնող օրինագծի համար։

«Դա մեծ պատիվ է մեզ համար, եւ պատիվ է բերում Ֆրանսիային` մարդու իրավունքների պաշտպան երկրին», - ասացին նրանք։

Ելույթ ունեցողները շեշտեցին Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը` նշելով, թե նրա ժխտումը թույլատրել` կնշանակեր երկրորդ անգամ սպանել զոհերին։

«Պատմությունը գրված է արդեն, եւ այն կեղծելը հանցանք է, որը պետք է պատժվի», - այսպես ասվեց ի հերքումն այն թեզի, թե օրինագիծը գալիս է սահմանափակելու արտահայտվելու ազատությունը։

Բանախոսները հերքեցին նախընտրական նկատառումները` մատնանշելով այն հանգամանքը, որ ի նպաստ նախագծի պատրաստվում էր քվեարկել նաեւ ընդդիմությունը։

Ֆրանսիացի խորհրդարանականները Թուրքիային դիմեցին Հայոց ցեղասպանության իրողությունը ընդունելու կոչով, ընդգծելով, որ պետք է ընդունել անցյալը` ապագան կառուցելու համար։

Հայազգի գործիչ Պատրիկ Դեւեջյանի ելույթը պատգամավորները ընդունեցին ծափահարություններով։ Դեւեջյանը խոսեց այն ցույցի մասին, որ այժմ կազմակերպված է հենց Ազգային ժողովի շենքին հարող հրապարակում` թուրքական համայնքի կողմից, եւ շեշտեց, որ Հայոց ցեղասպանության ժխտման Ֆրանսիայի թուրքական համայնքի բողոքի ցույցը Ազգային ժողովի շենքի մոտ, Փարիզ, 22-ը դեկտեմբերի, 2011թ.

Ֆրանսիայի թուրքական համայնքի բողոքի ցույցը Ազգային ժողովի շենքի մոտ, Փարիզ, 22-ը դեկտեմբերի, 2011թ.

քարոզչությանը թուրքերը դիմում են հենց Ֆրանսիայի տարածքում։

«Եթե այդպիսին է նրանց վերաբերմունքը, ապա պետք է հասկանալ, թե ինչ վիճակում է գտնվում Թուրքիայում քրիստոնյա համայնքը», - ընդգծեց ֆրանսահայ քաղաքական գործիչը։

Դեւեջյանը հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության փաստը անհերքելի է, հենց իրենք` թուրքերը 1919 թվականին տեղի ունեցած դատավարություններում ընդունել են այդ փաստը, եւ հիմա հանդես գալով ժխտողականությամբ` նրանք հերքում են հենց իրենց բացահայտած փաստերը։

Օրինագծի ընդունումից րոպեներ անց Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը տարածեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը, որում ասված է. - «Այսօր, Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծով, Ֆրանսիան վերահաստատեց մարդու իրավունքների բնօրրան լինելու իր բարձր համարումը եւ մեկ անգամ եւս ապացուցեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին։ Այս առիթով կցանկանայի եւս մեկ անգամ երախտիքի խոսք ասել Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարությանը, Ազգային ժողովին եւ ողջ ֆրանսիացի ժողովրդին։ Դեռեւս 10 տարի առաջ օրենքի ուժով ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ ֆրանսիական ժողովուրդը ցույց տվեց, որ մարդու իրավունքները բարձրագույն արժեք են, իսկ այսօր, ընդունելով այս օրինագիծը, վերահաստատեց, որ մարդկության դեմ գործած հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ, եւ որ դրանց ժխտումը ենթակա է միանշանակ դատապարտման»։

Օրինագծի ընդունումից անմիջապես հետո Թուրքիան հայտարարեց, որ Թուրքիայի դեսպանը, ի նշան բողոքի, ուրբաթ օրը «անորոշ ժամանակով» կլքի Փարիզը: Ավելի ուշ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ իր երկիրը դադարեցնում է Ֆրանսիայի հետ նաեւ ռազմական համագործակցությունը. չեղյալ է հայտարարում թուրքական օդանավակայաններում ֆրանսիական մարտական ինքնաթիռների վայրէջք կատարելու, ինչպես նաեւ նավահանգիստներում ֆրանսիական մարտանավերի խարիսխ գցելու թույլատվությունը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG