Կիրակի, Մայիս 19, 2013 Ժամանակը Երեւանում 22:03

Քաղաքական

ՀԱԿ-ը առկախում է իր մասնակցությունը բանակցություններին

x
Տեքստի չափը - +
Այսօր նախատեսվող Հայ ազգային կոնգրեսի պատվիրակության եւ իշխանական կոալիցիայի աշխատանքային խմբի միջեւ կայանալիք բանակցությունների հերթական փուլին չներկայանալուց հետո ՀԱԿ պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ հայտարարեց, որ իրենք պատրաստ են վերսկսել բանակցությունները կալանավորված ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելուց անմիջապես հետո:

«ՀԱԿ պատվիրակությունը առկախում է իր մասնակցությունը ընթացող բանակցություններում եւ պատրաստ է վերսկսել այն` Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելուց անմիջապես հետո», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Զուրաբյանը:

Լեւոն Զուրաբյանի փոխանցամբ` այս որոշումը ՀԱԿ-ը կայացրել է այն բանից հետո, երբ իշխանական պատվիրակությունը չի կատարել նախորդ ռաունդի ժամանակ ձեռք բերված փոխադարձ պայմանավորվածությունը եւ չի փոխել Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը:

Տիգրան Առաքելյանը, հիշեցնենք, կալանավորվել էր օգոստոսի 9-ին Երեւանի Կարապի լճի մերձակայքում ընդդիմադիր ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած քաշքշուկից հետո: Նրան առաջադրվել է մեղադրանք երեք հոդվածներով` խուլիգանության, ոստիկանի նկատմամբ վտանգավոր եւ ոչ վտանգավոր բռնության կիրառման կասկածանքով:

Առավոտյան ժամը 10-ին իշխանական պատվիրակության անդամները ժամանեցին Կառավարության ընդունելությունների տուն, իսկ ՀԱԿ-ի պատվիրակությունից ժամանեց միայն ՀՀՇ-ի փոխնախագահ Սամվել Աբրահամյանը եւ տեղեկացրեց, որ հանդիպում չի լինելու:

Իշխանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը Կոնգրեսի քայլը որակեց «էթիկայից դուրս» եւ «քաղաքական դեմարշ»` նշելով նաեւ, թե «ՀԱԿ-ը չունի քաղաքական կամք այս գործընթացը շարունակելու համար»:

Ասուլիսում հակադարձելով Հարությունյանին` Լեւոն Զուրաբյանն ասաց, թե էթիկայի խախտում չի եղել. իրենք այսօր մինչեւ առավոտյան ժամը 10-ը սպասել են Տիգրան Առաքելյանի ազատ արձակմանը:

«Ի վերջո, ոչ ոք չէր կարող բացառել, որ հենց առավոտյան Տիգրան Առաքելյանը կազատվի: Քանի որ խոստացել էին, ուրեմն մենք սպասում էինք: Քանի որ խոստումները դրժվեցին, ուրեմն մենք վերջին պահին ընդունել ենք որոշում, իսկ էթիկայի մասին թող չխոսի այն իշխանությունը, որը ամեն քայլափոխին զբաղվում է ժողովրդավարական ազատությունների խախտումներով, մարդու իրավունքների ոտնահարմամբ եւ կատարում այլեւայլ հանցագործություններ», - ասաց նա` հավելելով. - «Սա մի շախմատ է, որում հակառակորդը սեղանի ներքեւից ոտքերով հարվածում է: Նման շախմատ մենք խաղացողը չենք»:

Իսկ ի պատասխան Դավիթ Հարությունյանի այն հայտարարությանը, թե Կոնգրեսը ցույց տվեց, որ քաղաքական կամք չունի այս գործընթացը շարունակելու համար, Լեւոն Զուրաբյանն ընդգծեց, թե իրականում հակառակն է` բանակցությունների վերջին երկու ռաունդների ընթացքում Կոնգրեսը փորձում էր փրկել երկխոսությունը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե մինչեւ երբ է ՀԱԿ-ը հնարավոր համարում երկխոսության շարունակումը` հաշվի առնելով, որ ՀԱԿ-ը հայտարարել էր, թե մինչեւ սեպտեմբեր իշխանությունը պետք է հստակ պատասխան տա արտահերթ ընտրություններ անցկացնելու իրենց պահանջի շուրջ, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. - «Մենք հայտարարել ենք, որ ողջամիտ կոչված ժամկետը կսպառվի սեպտեմբերին: Բնականաբար, դա մեզ տալիս է որոշակի ճկունություն, թե սեպտեմբերի կոնկրետ որ օրվա ժամանակ դա կարվի: Դա տալիս է ճկունություն նաեւ իշխանություններին: Այսինքն` մենք դեռ ժամանակ ունենք, իրենք դեռ ժամանակ ունեն, Հայաստանը դեռ ժամանակ ունի հարցը լուծել երկխոսության միջոցով»:

Ավելի ուշ իշխանական պատվիրակությունը տարածեց մի հայտարարություն, որտեղ կոալիցիայի ներկայացուցիչները «ակնհայտ սուտ» են որակում Լեւոն Զուրաբյանի խոսքերը, թե իշխանությունը խոստումներ է տվել Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

«Մենք ցավում ենք ոչ այնքան նրա համար, որ դուք ստում եք, այլ նրա համար, որ մենք սկսել ենք ձեզ չհավատալ: Մենք` քաղաքական կոալիցիան ներկայացնող աշխատանքային խմբի անդամներս, չենք առաջնորդվի ՀԱԿ-ի որդեգրած գործելաոճով եւ ՀԱԿ-ի պատվիրակությանը չենք վերագրի հորինված պարտավորություններ: Ինչպես նախորդ հանդիպումների ժամանակ, այսօր եւս կրկնում ենք նույնը` միջադեպին մասնակցած երիտասարդի հարցը մենք չենք կապել, չենք կապում եւ չենք էլ կապելու այս կարեւոր քաղաքական գործընթացի հետ, քանզի այն ամբողջովին իրավական հարթությունում է», - հայտարարում են կոալիցիայի աշխատանքային խմբի անդամները` հույս հայտնելով, որ Կոնգրեսը «կկարողանա վեր կանգնել այս պահային գայթակղություններից եւ հնարավորինս շուտ կկարողանա շարունակել երկրի համար կարեւոր քաղաքական գործընթացը»:
 
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Grigor , : Armenia
27.08.2011 01:06
+0 / -0
Երկխոսությունը տանում է մեր ժողովրդից ռեսուրսներ և չի տալիս ու չի տալու ոչինչ: Դա մի գործընթաց է, որի վրա կենտրոնանալով բաց ենք թողնում ժողովրդի համար էական կարևոր հարցեր: Ավելի լավ է բարձրաձայնել վերջին թանկացումների մասին, որը տանում է ուղղակիորեն դեպի կործանում: Բավական է նշել շաքարավազի թանկացումը, որի գինը մեկ շաբաթվա ընթացքում 370 դրամից հասել է 470 դրամի և այդպես շատ այլ սննդամթերքներ:

Գոռ , : Արթիկ
26.08.2011 17:24
+0 / -0
Շավո ջան, վերից վար հաշիվը տվել, նստել են, ի՞նչ պետականության գիտակցություն, ինչի՞ մասին էս խոսում: Մարդիկ տվածը պետք է հետ բերեն, ու հետո պլյուսով աշխատեն, եղա՞վ: Նրանք ոչ ժամանակ, ոչ հավես, ոչ էլ նպատակ ունեն դատարկ գաղափարների վրա ժամանակ ծախսելու: Հազիվ շանս է բացվել:

Արման , : Երևան
26.08.2011 15:13
+0 / -2
Հառգել պարո Զուրաբյան իմ կառծիքով պետկե վեջ դրվի այս անիմաստ երկխոսւթյանը և պիտի Սեպտեմբերին մենք ցւյց պիտի տանք մեր ուժն ու ամրությունը բռունցք պիտի դառնանք ու անհապաղ իշխանափոխություն կատարոի պռծնենք թաթար մօնղոլներից

Շավո , : Չարբախ
26.08.2011 15:02
+2 / -0
Իշխանությունը, երկխոսության իր մասնակցությունը իրականացնում է ցուցադրական կեցվածքով, որ իբր ընդառաջում է կամակոր երեխայի (տվյալ դեպքում ՀԱԿ-ի) ցանկություններին ու խաղում է նրա հետ` իր ուզած ձևով: Խաղում է այնպիսի ցուցադրական լրջությամբ, որ բոլորը հասկանում են թե որքան անլուրջ է իշխանությունը վերաբերվում երկխոսությանը:
Հարգելի՚ ՀԱԿ, եթե իշխանությունը այդպիսի տրամադրվածությամբ է ձեզ հետ շփվում, արժե՞ արդյոք շարունակել երկխոսությունը: Եկեք հարգենք ՀՀ քաղաքացուն: Իշխանությունը հաստատ չի հարգում, իսկ դու՞ք...:
Դուք պնդում եք, որ իշխանությունը քաղաքական կամք չի ցուցաբերում երկիրը այս վիճակից հանելու համար, իսկ մենք պնդում ենք, որ քաղաքական և ընդհանրապես կամք ունենալու համար պետք է նախ գիտակցությունը ունենալ: Իսկ իշխանության աթոռին նստած ցանկացած ռանգի իշխանավորի մոտ պետականության գիտակցություն՝ որպես այդպիսին գոյություն չունի: Կա սեփական փորի գիտակցություն, անգամ պետականության գնով… և վերջ: Այսքանից հետո ՀԱԿ-ը ի՞նչ է ուզում նրանից: