Մատչելիության հղումներ

logo-print

Աշնանը` «լուրջ բեկում կամ վերջնական հստակեցում»


Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում Ազատության հրապարակում: 2-ը օգոստոսի, 2011թ.

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում Ազատության հրապարակում: 2-ը օգոստոսի, 2011թ.

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօրվա հանրահավաքի իր ելույթում հայտարարեց, որ աշնանը Հայաստանի քաղաքական ճգնաժամի հաղթահարման հարցում «լուրջ բեկում կամ վերջնական հստակեցում է տեղի ունենալու»։

«Եթե առաջիկա մեկ-երկու ամսում իշխանությունները վերջնականապես չկողմնորոշվեն արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում, ապա ողջամիտ կոչված ժամկետը սեպտեմբերին սպառված կհամարվի, եւ մեր օրակարգում կմնա ընդամենը մեկ պահանջ, այն է՝ Սերժ Սարգսյանի եւ իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը։ Հարկ եմ համարում շեշտել, որ սա ոչ թե վերջնագիր է, այլ ընդամենը զգուշացում», - հայտարարեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: - «Չեմ կասկածում, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի քաղաքական ճգնաժամի հաղթահարման հարցում լուրջ բեկում կամ վերջնական հստակեցում է տեղի ունենալու»։

Լեւոն Տեր-Պետրոսյանը զգուշացրեց. - «Հայ ազգային կոնգրեսը վճռականորեն է տրամադրված օրինականության շրջանակներում, անելու իրենից կախված ամեն ինչ՝ աշնանը ժողովրդի առավելագույն համախմբումն ապահովելու եւ զանգվածների ճնշման տակ իշխանությանը արտահերթ ընտրություններ պարտադրելու համար»։

Տեր-Պետրոսյանը, ինչպես սպասվում էր, անդրադարձավ իշխանության հետ երկխոսությանը. - «Այս երկխոսությունից դեռեւս ո'չ իշխանությունը, ո'չ ՀԱԿ-ը, ո'չ էլ մեր ժողովուրդը ոչինչ չեն շահել, բայց շահել է մեր երկիրը, մեր պետությունը. միջազգային ասպարեզում անսահմանորեն բարձրացել է Հայաստանի հեղինակությունը որպես քաղաքակիրթ երկիր, քաղաքակիրթ պետություն: Ինչ կուզեք ասեք՝ այս երկխոսությամբ նաեւ ուժեղացել են Հայաստանի դիրքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, մի բան, որ մենք այս իշխանություններին երեք տարի ասում էինք, եւ նրանք չէին հասկանում»:

Իր ելույթում Կոնգրեսի առաջնորդը նաեւ մանրամասնեց երկխոսության օրակարգում ընդդիմության առաջարկով ընդգրկված հարցը:

«Մենք բացեիբաց ու բազմիցս հայտարարել ենք, որ երկխոսությունից ընդամենը մեկ արդյունք ենք սպասում, այն է՝ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում՝ որպես ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման եւ երկիրը նորանոր կորուստներից փրկելու միակ միջոց` կարեւորելով մանավանդ ժամանակի գործոնը։ Այսինքն, իշխանության հետ ընթացող բանակցություններին մենք մասնակցում ենք երկրում կուտակված ծանրագույն խնդիրների լուծման կոնկրետ առաջարկով», - ասաց Տեր-Պետրոսյանը։ - «Եթե իշխանական պատվիրակությունն ունի այդ տիպի խնդիրների, ինչպես օրինակ, ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմանը, տնտեսության առողջացմանը, կոռուպցիայի վերացմանը, արտագաղթի կանխմանը, Մարտի 1-ի սպանությունների բացահայտմանը, դատարանների անկախության ապահովմանը վերաբերող այլ լուծումներ, մենք պատրաստ ենք քննարկել դրանք։ Դժբախտաբար, մինչ օրս կայացած հանդիպումների ընթացքում այդ պատվիրակությունը մեզ որեւէ այդպիսի լուծում չի ներկայացրել, ինչը նշանակում է, որ իշխանությունը վերոհիշյալ խնդիրները լուծելու ո'չ մտադրություն, ո'չ էլ կարողություն չունի։ Հետեւաբար, այլընտրանքի բացակայության պատճառով, այդ խնդիրների լուծման միակ հնարավորությունը մնում է արտահերթ ընտրությունների միջոցով նոր իշխանության ձեւավորումը»։

Ընդդիմության առաջնորդը կրկին անդրադարձավ Մարտի 1-ի բացահայտման անհրաժեշտութանը. - «Որոշակի առումով այդ խնդրի լուծումից է կախված նաեւ հաջորդ ընտրությունների որակը։ Եթե գործը հասնի հերթական ընտրությունների, իսկ մինչ այդ սպանությունները բացահայտված, իսկ դրանց պատասխանատուները պատժված չլինեն, ապա մենք ականատես ենք դառնալու հերթական կեղծված ընտրությունների... Նախկինում կատարած հանցագործության համար չպատժված իշխանությունը, որպես կանոն, հաջորդ անգամ նույնկերպ կամ նույնիսկ ավելի լկտի է գործում»։

Հայաստանի առաջին նախագահն անդրադարձավ ընտրությունների օրինականության ապահովման մեխանիզմների փաթեթին, մասնավորապես` ընտրացուցակները մաքրելու պահանջ ներկայացրեց. - «Քանի դեռ ընտրացուցակները չեն համապատասխանեցվել ընտրողների իրական թվին, Հայաստանում երբեւէ օրինական ընտրություններ չեն կարող տեղի ունենալ, եւ լեգիտիմ իշխանություն չի կարող ձեւավորվել։ Հարցերի հարցը, ըստ այդմ, ընտրացուցակների մաքրումն է շուրջ 500 հազար ավելորդ անուններից։ Եթե երկխոսության կամ բանակցությունների ներկա փուլում իշխանական պատվիրակությունը կարողանա լուծել թեկուզ այս մեկ հարցը, կհամարենք, որ արդեն իսկ մեծ գործ է կատարվել օրինականության վերականգնման ուղղությամբ»։

Ընդդիմության հանրահավաքին մասնակցող քաղաքացիները հանրահավաքի ավարտից հետո Ազատության հրապարակում տոնեցին Հայ ազգային կոնգրեսի հիմնադրման երրորդ տարեդարձը:

Ընդդիմության հաջորդ հանրահավաքը նախատեսված է սեպտեմբերի 9-ին, եթե, ինչպես նշեց Տեր-Պետրոսյանը, «մինչ այդ հրատապ արձագանք պահանջող որեւէ արտակարգ իրադարձություն չպատահի»:

Հիշեցնենք՝ Կոնգրեսի եւ իշխանության պատվիրակությունների հաջորդ հանդիպումը նախատեսված է օգոստոսի 4-ին:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG