Մատչելիության հղումներ

Վրաստանի պաշտպանության նախարարին ընդունել է ԱԺ նախագահը


Լուսանկարը՝ Ազգային ժողովի լրատվականի
Լուսանկարը՝ Ազգային ժողովի լրատվականի

Վերջին տարիներին աշխուժացել են հայ-վրացական խորհրդարանական կապերը, խորհրդարանները մեծ ներուժ ունեն ներքին և արտաքին քաղաքականության ձևավորման հարցում և կարող են միջամտել ու նպաստել երկու երկրների կնճռոտ խնդիրների լուծմանը: Այդ մասին ասել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը՝ այսօր ընդունելով Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությանը:

Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սահակյանը շարունակել է, որ թեև երկու երկրների խորհրդարանականների հարաբերությունները բարեկամական են, սակայն, համագործակցությունը միջազգային հարթակներում դեռևս չի հաջողվում:

Հիշեցնենք՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում վրացական պատվիրակությունը անցած շաբաթ ողջ կազմով կողմ քվեարկեց երկու ոչ հայանպաստ բանաձևերին:

Գալուստ Սահակյանը Թինաթին Խիդաշելիի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի համագործակցությունը ռազմական ոլորտում ու կարծիք հայտնել, որ Վրաստանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեցած պայմանավորվածությունները ռազմաարդյունաբերական ոլորտում չեն խանգարի հայ-վրացական համատեղ ծրագրերի իրականացմանն այդ բնագավառում:

Նա անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ Վրաստանի «որոշակի հավասարակշռված դիրքորոշմանը», ասված է պաշտոնական հաղորդագրությունում: Խորհրդարանի նախագահը նշել է, որ ռազմավարական համագործակցություն ունենալով Ռուսաստանի հետ՝ Հայաստանը փորձում է հավասարակշռված կողմնորոշում ունենալ Հարավային Օսեթիայի հարցում:

Խիդաշելին շնորհավորել է սահմանադրական փոփոխությունների և հանրաքվեի անցկացման առնչությամբ։

Վրաստանի պաշտպանության նախարարին երեկ ընդունել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Խիդաշելիի պաշտոնական այցը այսօր ավարտվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG