Մատչելիության հղումներ

Նախագահն ընդունել է Իրանի դեսպանի հավատարմագրերը


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանում Իրանի դեսպանության շուրջ 20 տարիների գործունեությունը և հույս հայտնել, որ նոր դեսպանը կշարունակի մեծ ուշադրությամբ վերաբերվել հայ - իրանական հարաբերություններին, ինչպես արել են Հայաստանում իրենց դիվանագիտական առաքելությունն ավարտած ու արդեն հայ ժողովրդի բարեկամների շարքերը համալրած Իրանի նախորդ բոլոր դեսպանները:

Նախագահը նշել է, որ Սաջադին պաշտոնավարումն սկսել է կարևոր մի ժամանակահատվածում, երբ սպասվում է բարեկամ երկրից բարձրաստիճան այցելություն՝ Իրանի առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրիի այցը:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են երկկողմ բարձր մակարդակի պայմանավորվածությունների արդյունքում հաստատված՝ տարբեր ոլորտներ ներառող հայ-իրանական խոշոր նախագծերի իրագործմանը, որոնք, նրանց համոզմամբ, որակական նոր մակարդակի կբարձրացնեն երկկողմ հարաբերությունները:

Նրանք համակարծիք են եղել, որ ինտեգրացիոն նոր գործընթացներն ավելի լայն հնարավորություններ են ստեղծում Հայաստանի և Իրանի միջև երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով գործակցությունը զարգացնելու համար:

Դեսպանը մեծագույն դրվատանքով է խոսել իրանահայ համայնքի մասին՝ ընդգծելով համայնքի մեծ դերակատարությունը երկկողմ միջպետական հարաբերություների ամրապնդման գործում: Սաջադին վստահեցրել է, որ նույնպիսի նվիրվածությամբ և եռանդով կշարունակի նախորդ դեսպանների աշխատանքը և կանի ամեն հնարավորը՝ զարգացնելու և ավելի խորացնելու հայ-իրանական կապերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG