Մատչելիության հղումներ

logo-print

Իրանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել արտգործնախարարին


Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին այսօր իր հավատարմագրերի պատճենն է հանձնել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

ԱԳՆ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ դեսպան Սաջջադին ընդգծել է, որ Իրանի իշխանությունները մեծապես կարևորում են բարեկամ Հայաստանի հետ փոխգործակցության ամրապնդումը, և հավաստիացրել, որ պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը հայ-իրանական համագործակցության առավել զարգացման համար:

«Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր` քաղաքական, տնտեսական ու մշակութային համագործակցության, համատեղ իրականացվող և հեռանկարային ծրագրեր, անդրադարձ կատարվեց միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստին: Նախարար Նալբանդյանն ու դեսպան Սաջջադին մտքեր փոխանակեցին Հայաստանի և Իրանի միջև ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտներում փոխգործակցության շուրջ»,- հայտնում է պաշտոնական աղբյուրը։

Նալբանդյանն առանձնակի կարևորել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ որպես տարածաշրջանում կայունության և համագործակցության ամրապնդմանն ուղղված կարևոր քայլ: Նախարարը վստահություն է հայտնել, որ դա հավելյալ խթան կհանդիսանա՝ Հայաստանի և բարեկամ Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG