Մատչելիության հղումներ

Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք. Շիրակի թեմի առաջնորդ


Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը գլխավորում է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման երթը, 8-ը մայիսի, 2024թ.
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը գլխավորում է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման երթը, 8-ը մայիսի, 2024թ.

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը համաձայն չէ երկրի քաղաքական ղեկավարության տեսակետի հետ, թե եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ։ Արքեպիսկոպոսն այսօր գլխավորում էր «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամների երթը դեպի Աբովյան, որտեղ միանալու են սահմանազատումը կասեցնելու պահանջով Տավուշի թեմի առաջնորդած քայլերթին։

Արքեպիսկոպոս Աջապահյանն այսօր նախքան երթը Գյումրիում լրագրողների հետ զրույցում ընդգծեց՝ ինքն անձամբ բոլոր իշխանությունների օրոք է իր կարծիքը հայտնել ու քննադատել։

«Քաղաքական կյանքով չզբաղվելը վերաբերում է ձգտում չունենալուն՝ լինել պետական կառավարման ղեկին, և մենք չունենք նման ցանկություն և ամբիցիա՝ լինելու պետական կառավարման ղեկին», - ասաց նա։

Երեկվա ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ հոգևոր առաջնորդությունը ձախողած հոգևորականներն այսօր քաղաքական հայտ են ներկայացնում, ապա ընդգծել՝ հոգևոր առաջնորդությունը ձախողել է Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն ղեկավարությունը։

Ի պատասխան՝ Շիրակի թեմի առաջնորդն այսօր անտարբերությունը որակեց 8-րդ մահացու մեղքը և պնդեց՝ Առաքելական եկեղեցին չի կարող անհաղորդ մնալ Հայաստանում այս օրերին տեղի ունեցող գործընթացին, ինչը, նրա գնահատմամբ, վտանգում է պետականությունը և ժողովրդի անվտանգությունը։

«Հետո մեզ պիտի մեղադրեն չէ՞, ասեն՝ եկեղեցին լուռ մնաց, եկեղեցին չարեց, եկեղեցին չասաց։ Հիմա մենք ասում ենք, կմիանա ժողովուրդը մեզ, կանի այն, ինչ անհրաժեշտ է, տեղի կունենան փոփոխություններ դրական, տեղի կունենան, չէ, ժողովուրդը կուզենա դարձյալ մեկ անգամ ևս, ինչպես պատմության մեջ դարձյալ մեկ անգամ ևս չլսել եկեղեցու ձայնը, կունենա դառը հետևանքներ», - նշեց նա։

Միքայել արքեպիսկոպոսը իր կարծիքը պատմական՝ 1918-ի Սարդարապատի ճակատամարտի օրինակով հիմնավորեց. - «Եվ հաղթեց անհանավանական պայմաններում՝ էլի այդպես նստած մարդիկ ասում էին, որ տրամաբանորեն հնարավոր չէ, պետք է հանձնել այս ամեն ինչը, քաշվել Սևան, ամեն ինչ այդ տրամաբանության մեջ էր, բայց եկեղեցին ասաց՝ ոչ, և անտրամաբանականը հաղթեց»։

1918-ի մայիսին Ամենայն Հայոց կաթողիկոսի կոչը ժողովրդին վճռորոշ նշանակություն էր ունեցել Սարդարապատի ճակատամարտից առաջ, երբ հայկական կողմը համախմբեց ուժերը և կասեցրեց թուրքական զորքի առաջխաղացումը Հայաստանի տարածքում։

«Մի անգամ լսեց հայ ժողովուրդը 1918թ., հաղթեց, միշտ լսեր, միշտ կհաղթեր։ Հիմա այն պահն է, որ պիտի լսի։ Կլսի, կհաղթի, չի լսի, դարձյալ պարտություն կգրանցի, և թող այդ պարտության համար չմեղադրի այլևս ո՛չ եկեղեցուն, ո՛չ որևէ եկեղեցականի», - շեշտեց նա։

Արքեպիսկոպոսը թեև կարծում է, որ եկեղեցին չպետք է զերծ մնա քաղաքական հարցերից, բայց և վերահաստատեց Մայր Աթոռի երեկվա հայտարարությունը՝ Հայ Առաքելական եկեղեցին քաղաքական իշխանության հավակնություններ չունի։

«Իշխանություն վերցնելու մենք ցանկություն չունենք։ Մենք ունենք ցանկություն՝ ունենալու ազգային հայկական քրիստոնեական իշխանություն՝ հիմնված ճշմարտության, արդարության, Աստծո շնորհի, Աստծո ողորմության, այս ամեն ինչի մեջ։ Մենք իշխանություն դառնալու ցանկություն չունենք, չենք էլ ուզում։ Ուզենայինք, հոգևորական չէինք դառնա, ինչո՞ւ ենք հոգևորական դարձել, ինչո՞ւ ենք մեզ այդքան զրկել, չէ՞, չէինք զրկի մեզ, կգայինք, կդառնայինք Աժ պատգամավոր, վարչապետ, նախագահ։ Մեզ դա պետք չէ», - հայտարարեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Շիրակի թեմի առաջնորդը նաև վստահեցրեց՝ Ադրբեջանի հետ սահմանազատմանն ու սահմանագծմանը դեմ չեն, բայց նշեց՝ դա չի կարող լինել շանտաժի ներքո։

«Պատերազմի սպառնալիքի ու պատերազմի շանտաժի ներքո չի կարող լինել սահմանազատում ու սահմանագծում, և ընդհանրապես ոչ թե պետք է սահմանազատումն ու սահմանագծումը լինի, որին հաջորդի խաղաղության պայմանագիրը, այլ եթե խաղաղություն է ուզում դիմացինը, խաղաղության պայմանագիրը պետք է հենց հիմա ստորագրի, որից հետո պիտի սկսվի սահմանազատումը և սահմանագծումը։ Որևիցէ մի քաղաքակիրթ երկիր չի կարող սպառնալ մեկ այլ քաղաքակիրթ երկրի պատերազմով և ստիպել գծել սահմաններն այնպես, ինչպես ինքն է ցանկանում», - ընդգծեց նա։

Վարչապետ Փաշինյանը երեկ պնդել էր՝ սահմանազատման կասեցում պահանջողների քաղաքական օրակարգը պատերազմ սադրելն է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG