Մատչելիության հղումներ

Իրանի և Իսրայելի միջև լարվածությունը կարող է վերածվել մեծ պատերազմի․ Ֆիդան


Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդան, արխիվ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդան, արխիվ

Գազայի ողբերգությունից դասեր չքաղելը կարող է պաղեստինյան անկլավում նոր հակամարտությունների պատճառ դառնալ, երեկ զգուշացրել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Պետք է կոչ անենք Իսրայելին՝ ընդունել 1967 թվականի սահմանները։ Ոչ միայն «Համաս»-ը, այլ բոլոր պաղեստինցիները, համաձայն են 1967 թվականի սահմաններով պաղեստինյան պետության ստեղծմանը»,- Anadolu փոխանցմամբ, ասել է Ֆիդանը։

Նա նաև զգուշացրել է՝ տարածաշրջանային մրցակիցների՝ Իրանի և Իսրայելի միջև լարվածությունը կարող է վերածվել մեծ պատերազմի:

«Թեև իրավիճակն առայժմ հանգիստ է թվում, սակայն նման հնարավորություն միշտ էլ կա»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:

Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 34 հազարը։

«Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։ Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները:

Ապրիլի լույս 14-ի գիշերը Իրանը մի քանի հարյուր ԱԹՍ և հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսությունը Իսրայելի կողմից ռմբակոծման, որի հետևանքով իրանցի բարձրաստիճան զինվորական զոհվեց։ Իրանի հարձակումը լուրջ հետևանքներ չունեցավ՝ ԱԹՍ-ների ու հրթիռների գերակշիռ մասը Իսրայելն ու դաշնակիցները ոչնչացրեցին օդում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG