Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ հեռանում Լեռնային Ղարաբաղից


Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում, արխիվ
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում, արխիվ

44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներն այսօր ևս շարունակել են դուրս գալ տարածքից, ադրբեջանական լրատվամիջոցները կադրեր են հրապարակել:

Աղդամում կփակվի նաև ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնը, այս մասին գրում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրին, պաշտոնական հաստատում դեռ չկա։

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը ճեպազրույցի ընթացքում այսօր հրաժարվեց մեկնաբանել թեման՝ ուղղորդելով դեպի Պաշտպանության նախարարություն։

Եվրամիությունը հայտարարում է, որ խաղաղապահների հեռանալն ընդունում են ի գիտություն, իսկ ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը հիշեցնում է, թե ինչ տեղի ունեցավ խաղաղապահների ներկայությամբ անցած սեպտեմբերին։

«Վաշինգտոնը չի տեսել մի փաստ, որը ցույց կտար, թե Ռուսաստանի զինված ուժերը նպաստում են Հարավային Կովկասի խաղաղությանն ու կայունությանը։ Անցած աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը վառ օրինակ էր, թե Ռուսաստանը որքանով վստահելի դաշնակից կամ գործընկեր է», - նշել է Պատելը:

Ինչո՞ւ են խաղաղապահները ժամկետից մեկուկես տարի շուտ դուրս գալիս հայաթափված Լեռնային Ղարաբաղից, ո՛չ Արտգործնախարարության, ո՛չ Կրեմլի խոսնակներն այդ հարցին չեն անդրադարձել: փոխարենը խոսել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը, ըստ որի մեղավորը Երևանն է։

Գրիգորի Կարասին
Գրիգորի Կարասին

«Լեռնային Ղարաբաղից ռուսաստանցի խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այդ տարածքը Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանքն է։ Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի շուրթերով ղարաբաղյան խնդիրը հանգուցալուծվեց, մեր խաղաղապահների՝ Ադրբեջանում մնալ-չմնալու հարցը քննարկվում էր Ադրբեջանի ղեկավարության հետ ուղղակի շփումների շրջանակում և կայացվեց նրանց փուլ առ փուլ դուրսբերման մասին որոշում», - նշել է Կարասինը «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում։

Քաղաքական մեկնաբան Ռիչարդ Կիրակոսյանը նկատում է, որ այս փուլում Մոսկվայում տարածաշրջանային գրեթե բոլոր՝ Ռուսաստանի համար ոչ ցանկալի զարգացումների համար Երևանին են մեղադրում։

Ռիչարդ Կիրակոսյան
Ռիչարդ Կիրակոսյան

«Բնական է, որ Ադրբեջանը ցանկություն չունի թույլ տալու ռուսական ներկայություն Լեռնային Ղարաբաղում, բայց հիմա խաղաղապահների հեռացումն իրականում Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման ու էթնիկ զտման հետևանքն է», - ընդգծեց Կիրակոսյանը։

Հետխորհրդային որևէ տարածքից այն էլ ժամանակից շուտ խաղաղապահներին չհեռացրած Ռուսաստանը հիմա կենտրոնացած է ռուս-ուկրաինական ճակատի վրա, նկատում է քաղաքագետը, որի կարծիքով, սակայն, Մոսկվան այս նվաստացումը չի մոռանա։

«Ադրբեջանը վտանգավոր աստիճանի արհամարհում է Մոսկվային, նվաստացնում ռուսական կողմին հողի վրա։ Ռուսաստանը երկար հիշողություն ու փոքր համբերություն ունի, հնարավոր է Բաքուն դեռ գին պետք է վճարի, երբ Մոսկվայի մեղսակցությունը հետագայում կվերածվի Բաքվի դեմ վրիժառու քայլի», - ընդգծեց Ռիչարդ Կիրակոսյանը։

Մինչ ռուսական մամուլում տեսակետ կա, թե հնարավոր է Բաքուն հետագայում միանա ԵԱՏՄ-ին, Կիրակոսյանն ավելի հավանական է համարում, որ Բաքվի վճարելիք գինը լինի ռուսական ներկայությունը ապաշրջափակվող ճանապարհներին, հատկապես՝ Հայաստանով անցնող, թեև Երևանը դեմ է նման զարգացմանը։

Քաղաքական մեկնաբան Տիգրան Գրիգորյանը հիշեցնում է, որ անցյալ տարի աշնանը Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության հեռանալուց հետո Բաքուն ու Մոսկվան նոր դեր էին փնտրում խաղաղապահների համար՝ շենքերի պահպանությունից մինչև ականազերծում և կասկած չկար, որ նրանք կմնան առնվազն մինչև նախատեսված ժամկետը՝ 2025-ի վերջը։

Տիգրան Գրիգորյան
Տիգրան Գրիգորյան

«Ես չեմ բացառում, որ Ադրբեջանը պարզապես օգտագործում է այս իրավիճակը, որ Ռուսաստանը հարաբերականորեն ավելի թույլ վիճակում է գտնվում հիմա, քան կար նախկինում կամ կլինի ապագայում: Այսպիսով հասել է իր ռազմավարական նպատակին ամենահարմար պահին, որովհետև ապագայում երևի ավելի դժվար կլիներ նմանատիպ որոշումների, նմանատիպ համաձայնությունների գալ», - ընդգծեց Գրիգորյանը:

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում տեղակայվել էին 2020 թվականի պատերազմից հետո, նրանց թիվը 1960 էր, իսկ մանդատի վերաբերյալ փաստաթուղթ կողմերի միջև այդպես էլ չէր ստորագրվել, նոյեմբերի 9-ի փաստաթղթով նրանք պետք է կանգնեին Ղարաբաղի ու Ադրբեջանի շփման գծին, ինչպես նաև հսկեին Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը։

XS
SM
MD
LG