Մատչելիության հղումներ

Նեթանյահուն փորձում է տարածաշրջանը ներքաշել պատերազմի մեջ՝ իշխանության ղեկին մնալու համար․ Ֆիդան


Անկարան ի սկզբանե հայտարարել է, որ Գազայում Իսրայելի հանցագործությունները կարող են վերածվել տարածաշրջանային հակամարտության և զգուշացրել դրա էսկալացիայի և տարածման հնարավորության մասին, երեկ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը` Քաթարում այդ երկրի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամմեդ բեն Ալ-Սանիի հետ հանդիպումից հետո։

Թուրքիայի արտգործնախարարը հավելել է, որ անցյալ շաբաթավերջին Իրանի հարվածներն Իսրայելի ուղղությամբ ցույց տվեցին, որ տարածաշրջանից դուրս գտնվող երկրների հետ պատերազմի հավանականությունն փոքր չէ, և այդ ռիսկը դեռ պահպանվում է։

Տարածաշրջանից դուրս գտնվող երկրները պետք է ողջ պատասխանատվությամբ ընդունեն այն, ինչ տեղի է ունենում, հայտարարել է Ֆիդանը՝ շեշտելով՝ «տարածաշրջանի երկրները չեն ցանկանում, որ երրորդ կողմերը իրենց հակամարտությունները տեղափոխեն մեր հատված»։

Թուրքիայի արտգործնախարարն նշել է, թե Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փորձում է տարածաշրջանը ներքաշել պատերազմի մեջ՝ իշխանության ղեկին մնալու համար։

«Նրանք, ովքեր միանշանակ և անվերապահորեն աջակցում են Նեթանյահուին, պետք է շտապ վերանայեն իրենց դիրքորոշումը», - ասել է Ֆիդանը՝ նաև շեշտելով՝ ո՛չ Իսրայելը, ո՛չ Իրանը այս պահին զոհ չեն, զոհը Գազայի ժողովուրդն է։

Հաքան Ֆիդանը կոչ է արել բոլոր կողմերին ավելի շատ ջանքեր գործադրել Գազայում աղետը դադրեցնելու համար։

Ապրիլի լույս 14-ի գիշերը Իրանը հարյուրավոր ԱԹՍ-ներ ու հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ, որոնց գերակշիռ մասը օդում ոչնչացվեցին Իսրայալի, ԱՄՆ-ի ու այլ դաշնակիցների հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով։ Թեհրանը հայտարարեց, որ հարձակումը պատասխանն էր ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժանմունքի վրա Իսրայելի օդային հարվածի, որի հետևանքով իրանցի պաշտոնյաներ են զոհվել։

Երեկ Երուսաղեմում Նեթանյահուն հայտարարեց, որ Իսրայել պետությունը անհրաժեշտ ամեն ինչ կանի իրեն պաշտպանելու համար։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին իր հերթին հայտարարել է, որ «եթե սիոնիստական վարչակազմը մեր տարածքի հանդեպ անգամ փոքրիկ մի ոտնձգություն կատարի, կարող է շատ կոշտ և լուրջ հակազդեցության բախվել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG