Մատչելիության հղումներ

Հայաստանը, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից


Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին օգնություն տրամադրելու շուրջ։ «Ազատության» տրամադրության տակ են դիվանագիտական փաստաթղթեր, որոնք վկայում են՝ Եվրամիությունը նախատեսում է Երևանին 10 միլիոն եվրո հատկացնել, որը պետք է ծախսվի 30 ամսվա ընթացքում։

Գումարը, ըստ փաստաթղթի, պետք է տրամադրվի մեկ գումարտակի համար նախատեսված դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու համար, որը կներառի նաև մեկ բժշկական օգնության ամբուլատորիա, ինչպես նաև համապատասխան ծառայություններ ու կարողություններ։

«Այս աջակցության նպատակն է նպաստել, որ Հայաստանի զինված ուժերը բարձրացնեն դիմադրողականությունն ու կայունության հաստատմանն ուղղված կարողությունները, և դրանով իսկ առավել լավ պաշտպանեն խաղաղ բնակչությանը՝ ճգնաժամերի և արտակարգ պատահարների ժամանակ», - ասված է փաստաթղթում։

Եվրամիության այս հիմնադրամը ստեղծվել է 2021-ին։ Նպատակն է միջոցներ տրամադրել, որոնցով կգնվեն ոչ մահաբեր զինատեսակներ կամ կարողություններ՝ աշխարհի տարբեր ծայրերում խաղաղությանը նպաստելու, հակամարտությունները կանխելու և միջազգային անվտանգությունն ամրապնդելու համար։

Անցած տարիներին այս հիմնադրամից օգնություն են ստացել, օրինակ, Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան, որոնք միությանն անդամակցելու հայտ են ներկայացրել։

Սա սակայն, պարտադիր պայման չէ. ետխորհրդային երեք երկրներից բացի Խաղաղության եվրոպական գործիքակազմից օգտվել են նաև աֆրիկյան մի շարք երկրներ, այդ թվում՝ Կոնգոն, Բենինը, Գանան։ Վերջին հատկացումն արվել է անցած տարվա նոյեմբերին, երբ միությունը Գվինեային 21 միլիոն եվրո է հատկացրել, Սոմալիին՝ մեկ միլիոն։

Հայաստանն այս հիմնադրամից օգտվելու հայտ էր ներկայացրել անցած տարվանից։ Ֆրանսիայի արտգործնախարարն իր հերթին, անցած հոկտեմբերին, ժամանելով Երևան, հայտարարել էր, թե անձամբ է այս հարցով դիմել Եվրամիության արտգործնախարարին:

«Ես պաշտոնապես գրավոր դիմել եմ Եվրամիության ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ առաջարկելով ներառել Հայաստանը խաղաղության եվրոպական մեխանիզմի մեջ, ինչպես, օրինակ, իրագործվում է Մոլդովայի համար», - նշել է ֆրանսիացի պաշտոնյան:

Եվրամիության արտգործնախարարի խոսնակն, իր հերթին, ավելի վաղ «Ազատությանը» տված հարցազրույցում նշել էր, որ այս հարցում առաջ գնալու համար անհրաժեշտ է անդամ բոլոր երկրների համաձայնությունը։ Այս պահին, ազատության տեղեկություններով, այդ համաձայնությունը կա, և առաջիկա շաբաթներին արդեն նախագիծը վերջնական հաստատման կդրվի։

Զուգահեռ, նախնական համաձայնություն կա նաև Վրաստանին օգնության երկրորդ փաթեթը տրամադրելու շուրջ։ Այս անգամ նախատեսվում է Թբիլիսիին հատկացնել 30 միլիոն եվրո՝ Հայաստանից երեք անգամ ավելի։ Ընդարձակ է նաև Վրաստանին տրամադրվող աջակցության ուղղվածությունը։ Ի տարբերություն Հայաստանի, որտեղ այդ օգնությունը հատկացվելու է մոդուլային ճամբար ստեղծելու վրա, Թբիլիսիին նախատեսվում է տրամադրել հրետանային ստորաբաժանումների կառավարման և դրանց գործողությունների վերահսկման համար նախատեսված սարքավորումներ, ինժեներական, կիբեր-պաշտպանական ու բժշկական տեխնիկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG