Մատչելիության հղումներ

Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել հայ-ադրբեջանական բանակցությունների համար․ Տոկաև


Երևանն ու Աստանան պայմանավորվել են ակտիվորեն համատեղ աշխատել, մասնակցել խաղաղության գործընթացին, այսօր Երևանում հայտարարեց Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաև՝ շեշտելով՝ ողջունում են խաղաղության համաձայնագիր կնքելու Հայաստանի ու Ադրբեջանի ձգտումը։

«Ղազախստանը պատրաստ է առավելագույն օժանդակություն տրամադրել այստեղ և բարի ծառայությունների առաքելություն ստանձնել, այսինքն՝ իր հարթակը տրամադրել բանակցությունների համար երկու երկրների միջև», - ասաց Տոկաևը` շեշտելով՝ հիմնական նպատակը երկու բարեկամ երկրներին մերձեցնելն է։

Փաշինյանը ևս ասաց, որ անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության ապահովման հետ կապված իրավիճակին, ներկայացրել Ադրբեջանի հետ բանակցությունների վերջին զարգացումները՝ վերահաստատել Հայաստանի կառավարության՝ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա։

Ըստ այդ սկզբունքների՝ «Հայաստանն ու Ադրբեջանը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Ալմաթիի հռչակագիրը երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման քաղաքական հիմք է և նոր սահման ստեղծելու օրակարգ չկա, տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է բացվեն դրանց անցման երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ՝ հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա»։

Փաշինյանը Տոկաևին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ նշելով, դրա կյանքի կոչումը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում։ Տոկաևն էլ արձագանքել է՝ ողջունում են Փաշինյանի այս նախաձեռնությունը։

Կողմերը քննարկել են նաև տնտեսական և ներդրումային համագործակցության հարցեր՝ ընդգծելով, որ պետք է մեծացնել արտահանման և ներմուծման ապրանքների ցանկը։

«Ղազախստանը պատրաստ է Հայաստանի արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի նշաձողին», - ասաց Տոկաևը։

Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այսօր մեկօրյա պաշտոնական այցով է ժամանել Հայաստան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Հայաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի և Ղազախստանի միջև մի շարք փաստաթղթերի ստորագրման արարողությունը։ Երևանն ու Աստանան հռչակվել են քույր քաղաքներ։

Տոկաևը Երևանում բանակցություններ կունենա նաև նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG