Մատչելիության հղումներ

«Խաղաղության խաչմերո՞ւկ», թե՞ «թուրք-ադրբեջանական պարտադրանք»


«Խաղաղության խաչմերո՞ւկ», թե՞ «թուրք-ադրբեջանական պարտադրանք». իշխանության և ընդդիմության գնահատականներն այս հարցի շուրջ տարբերվում են։

«Դա մեր ծրագիրն է: Սա խաղաղության օրակարգի գործնական դրսևորումն է, ոչ ավել, ոչ պակաս», - հայտարարում է իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:

«Իմ խորին համոզմամբ՝ դա ադրբեջանա-թուրքական, դա պանթուրքիստական ծրագիր է», - հակադարձում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը:

Դաշնակցական պատգամավորը պնդում է՝ վարչապետ Փաշինյանի կողմից վերջերս շրջանառության մեջ դրված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը պարտադրած է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից՝ պանթուրքիստական դարավոր ծրագիրը կյանքի կոչելու համար. - «Որպեսզի թուրքական ազգերը Բոսֆորից մինչև Չինաստանի արևմուտք ցամաքային կապով իրար հետ կապված լինեն: Դա թուրանական, պանթուրքիստական դարավոր երազանքի իրականացումն է: Հայաստանը իրենք միշտ համարում էին սեպ, որը խրվել է թուրքական պետությունների միջև, հիմա Փաշինյանը էդ սեպից մի քիչ էս կողմ է հանում՝ Թուրքիայի և Ադրբեջանի պարտադրանքով, և դա փորձում է ներկայացնել որպես սեփական եկամտաբեր նախաձեռնությունը»:

«Ազատության» հարցին՝ «ինչո՞ւ նա պետք է դա անի, ինչո՞ւ պետք է սպասարկի թուրքական շահը», Խաչատրյանն արձագանքեց. - «Որովհետև պարտադրանքի տակ է»: Հարցին էլ՝ «ինչպե՞ս կարող է Թուրքիան պարտադրել Հայաստանի վարչապետին», ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. - «Էն 200 քառակուսի կիլոմետրը որ ադրբեջանցիք օկուպացրել են, է՞, կարող է՞ դառնա 250»:

«Խաղաղության խաչմերուկի» մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ խոսեց անցած հոկտեմբերին՝ Եվրոպական խորհրդարանում, ընդգծելով, որ «Հայկական խաչմերուկ» ծրագիրը ռեբրենդինգի ենթարկելու և «Խաղաղության խաչմերուկ» անվանելու ժամանակն է. - «Եվրոպական խորհրդարանի բարձր ամբիոնից «Խաղաղության խաչմերուկ» անվանելու ժամանակն է»:

Ավելի ուշ այդ ծրագիրը Փաշինյանը ներկայացրեց Թբիլիսիում. - «Մեր Կառավարությունը մշակել և ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»:

Օրերս էլ Կառավարությունը ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկի» վերաբերյալ փոքրիկ մի տեսանյութ, որի համաձայն՝ Հայաստանը պատրաստ է հինգ անցակետ բացել հայ - ադրբեջանական սահմանին՝ ներառյալ Տավուշի մարզի Կայան, Գեղարքունիքի մարզի Սոթք, Սյունիքի մարզի Քարահունջ և Անգեղակոթ և Արարատի մարզի Երասխ համայնքներում։ Երկու անցակետ էլ, ըստ ծրագրի, նախատեսվում է տեղակայել Հայաստան-Թուրքիա սահմանին՝ Ախուրիկում և Մարգարայում։ Այս նպատակով Հայաստանը նաև ծրագրում է իր տարածքում վերականգնել չորս երկաթուղային կայաններ՝ Ագարակ-Նռնաձոր հատվածում, Երասխից՝ Նախիջևան հատվածում, Գյումրիից դեպի Թուրքիա, ինչպես նաև Հրազդանից դեպի Տավուշի մարզի Կայան համայնք։ Կառավարությունը միաժամանակ ընդգծում է՝ բոլոր ճանապարհներն ու ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկրի ինքնիշխանության ներքո, որով դրանք անցնում են։

Դաշնակցական Արթուր Խաչատրյանը, մինչդեռ, կարծում է՝ այս ծրագրի ռիսկերն ամբողջովին գնահատված չեն՝ ոչ միայն տնտեսական, այլև անվտանգային առումով. - «Ճանապարհի վրա, կամ այդ միջանցքում իրենք կարող են սադրանք կազմակերպել և հետո ասել՝ «քանի որ մեր կենսական նշանակության ենթակառուցվածքներին վտանգ է սպառնում», զորք մտցնեն Սյունիք: Ի՞նչ են անելու»:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան, արխիվ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան, արխիվ

Ընդդիմադիր պատգամավորը դեռ անցած հոկտեմբերին դիմել է Տարածքային կառավարման նախարարությանը՝ խնդրելով իրեն ներկայացնել այս ծրագրի եկամտաբերության վերաբերյալ հաշվարկները։ Առայժմ պատասխան չի ստացել, նախարարությունից միայն փոխանցել են, թե «Խաղաղության խաչմերուկի» տեխնիկատնտեսական գնահատումը ընթացքի մեջ է։ «Ես ուզում եմ էդ եկամտաբերության հաշվարկը՝ թվերով», - ընդգծեց Խաչատրյանը:

Մինչդեռ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի իշխանական անդամ Էդուարդ Աղաջանյանն անտրամաբանական է համարում ընդդիմադիր գործընկերոջ պնդումը, թե «Խաղաղության խաչմերուկը» թուրք-ադրբեջանական ծրագիր է։

«Իսկ ինքը ի՞նչ է առաջարկում՝ առաջարկում է բլոկադան ուժեղացնել, ավելի ընդլայնել, միգուցե պետք է մեր հյուսիսի և հարավի կողմից ևս սահմանները փակվեն, և հավանաբար սրա տնտեսական հիմնավորումը պարոն Խաչատրյանը կունենա», - ընդգծեց Աղաջանյանը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյան, արխիվ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյան, արխիվ

Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգավորի նշած անվտանգային ռիսկերին, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է սադրանքների դիմել և իրենց ենթակառուցվածքները պաշտպանելու պատրվակով զորք մտցնել օրինակ Սյունիք, իշխանական պատգամավորը հակադարձում է. - «Դրա ռիսկը ինչքանո՞վ է էս պահին պակաս, քան որ կլինի ծրագրի իրականացման պարագայում: Սրանք հարցեր են, որ պետք է ուղղվեն պարոն Խաչատրյանին, կարծում եմ»:

Դժվար է ասել՝ երբ իրականություն կդառնա Փաշինյանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, և արդյոք կդառնա։ Ամեն դեպքում, անցած ամիս վարչապետը տեղեկացրեց, որ Ազգային անվտանգության ծառայությունում արդեն հատուկ ստորաբաժանում է ստեղծվել, որը պետք է ապահովի «Խաղաղության խաչմերուկի»՝ ճանապարհների, երկաթգծերի, ինչպես նաև այդ կոմունիկացիաներով բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունը։

«Խաղաղության խաչմերո՞ւկ», թե՞ «թուրք-ադրբեջանական պարտադրանք»
please wait

No media source currently available

0:00 0:04:46 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG