Մատչելիության հղումներ

Սպանդանոց չկա, «թուրքն էլ այնտեղ կանգնած է». ինչո՞ւ է պակասում կովերի գլխաքանակը երկրում


Վերջին երեք տարիներին Հանրապետությունում կովերի թիվը կրճատվել է ավելի քան 20 տոկոսով. 2021-ին Հայաստանում 266 հազար անասուն էր հաշվառվել, այժմ դրանց թիվը 211 հազար է կազմում:

«Ստիպված մորթում ենք, ճար չկա», - ասում են գյուղացիները:

Սահմանային հարցերից, Ադրբեջանի վերահսկողությանն անցած արոտավայրերի պակասից զատ գյուղացիները շատ ու շատ այլ պատճառներ էլ են թվարկում ու սլաքներն ուղղում երևանցի պաշտոնյաների կողմը։ Շարունակ պնդում են՝ անասուններին սպանդանոցում մորթելու պահանջը պահելը բարդ է, հաճախ ֆիզիկապես ուղղակի անհնար:

Ակցիաներ, դժգոհ անասնապահներ... այս բողոքը չի մարում արդեն մի քանի տարի:

Կառավարությունից անցած տարեվերջին խոստովանեցին՝ ողջ երկրում սպանդանոցների թիվը 100-ի էլ չի հասնում, եղածների կեսն էլ չի աշխատում։

Շատ համայնքներում ու դրանց մերձակայքում գործող սպանդանոց չկա, այսինքն օրենքը պահելը պարզապես անհնար է, գործող կարգավորումներով, սպանդանոցի տարածքից դուրս մորթված կենդանու մսի ամբողջ խմբաքանակը պետք է առգրավվի ու ոչնչացվի։

Չնայած այս ամենին՝ պատասխանատուները հիմա որոշել են էլ ավելի խստացնել սպանդանոցների հսկողությունն ու պահանջները, օրինակ, խախտման դեպքում տուգանքից բացի կկարողանան նաև ընդհանրապես փակել սպանդանոցը։ Օրենքի նախագիծն արդեն խորհրդարան է մտել: Անցած շաբաթ հարցը քննարկեցին Գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովում ու դրական եզրակացություն տվեցին: Կառավարությունը վերլուծե՞լ է իրավիճակը, հարցրեց իշխող խմբակցությունից Սերգեյ Բագրատյանը:

Պատգամավորը էկոնոմիկայի նոր փոխնախարին խորհուրդ տվեց անձամբ գյուղեր գնալ ու մարդկանց հետ շփվել՝ այս խնդիրները հասկանալու համար. առարկություններ չկային։

XS
SM
MD
LG