Մատչելիության հղումներ

«Վառան մեզ տուգանելով». Շիրակի մարզի մսավաճառներն ու գյուղացիները դժգոհում են


Արխիվ
Արխիվ

Մսի վաճառքի պայմանների խստացումից հետո մսավաճառներն ու գյուղացիները պարբերաբար դժգոհում են, թե սպանդանոցներին իրենց հասանելի չեն։ Այսօր էլ մի խումբ Շիրակի մարզպետարան էր եկել՝ բողոքը տեղ հասցնելու։

Թեև սպանդանոցային մորթի պարտադիր պայմանը արդեն երեք տարի է գործում է, բայց կառավարությունը վերջին շաբաթներին առավել խստացրել է հսկողությունը։ Խախտում հայտնաբերելու դեպքում ողջ խմբաքանակը առգրավվում ու ոչնչացվում է։

«Եթե հանկարծ եկան, մեր միսն առգրավեցին, տարան, վառեցին, լավ չի լինի։ Կառավարությանը պետք է, որ ժողովրդին տուգանեն, միսն առգրավեն։ Վառան մեզ տուգանելով», - ասում էին նրանք։

Շիրակի մարզում 5 սպանդանոց է գործում՝ 3 մասնավոր՝ իրենց իսկ տնտեսությունների համար, 2-ում գյուղացին կարող է դիմել ու անասունին մորթի ենթարկել, ասում է Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Ռոման Համայակյանն, ով փորձում էր մսավաճառներին բացատրել, որ առանց սպանդանոցային մորթի մսի վաճառքը չի թույլատրվի։ Պաշտոնյան, այդուհանդերձ, ընդունեց, որ սպանդանոցների քանակը մարզում բավարար չէ։

«Անհրաժեշտ են մարզին այլ սպանդանոցներ ևս հիմնականում Ախուրյանի և Աշոցռք-Ամասիայի տարածքները սպասարկելու համար», - ասաց նա։

Հայկաձորի սպանադանոցը մի քանի ամիս է չէր գործում, պատվեր չի եղել, ասում է տնօրեն Սեյրան Սմբատյանը։ Երբ պարզվել է, որ դեկտեմբերի 6-ից այլևս առանց սպանդանոցային մորթի ու պետական տեղեկանքի մսի վաճառքն արգելվում է, մսավաճառները սկսել են դիմել։

Բողոքող գյուղացիները ասում են՝ կենդանիներին սպանդանոց հասցնելու խնդիր ունեն։ Սեյրան Սմբատյանը հակադարձում է՝ եթե դիմեն, իրենք կկազմակերպեն տեղափոխումը։ Թեև մինչև 30 կմ-ն է անվճար, բայց կարող են որոշակի անասնագլխաքանակ հավաքել ու անվճար տեղափոխել։

Իսկ պետությունն ինչպե՞ս է վերահսկելու, որ օրենքն ի վերջո ամբողջությամբ գործի, Սննդամթերքի անվտանգության տեսչության մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանն «Ազատությանն» ասաց. - «Միսը ոչ թե թողնում ենք, որ կենդանատերն ինքը ոչնչացնի, ինչը, ինչպես հասկանում եք, շատ դեպքերում, չեն կատարում, այլ պարզապես միսը կառգրավի և կոչնչացնի տեղի տնտեսվարողի հաշվին»։

Սննդամթերքի անվտանգության տեսչությունը, ամփոփելով վերջին շաբաթների ստուգումները, կոնկրետ թվեր չի տրամադրում, միայն նշում են, որ խախտումների 55 տոկոսի դեպքում մսի վրա չի եղել դրոշմակնիք, 33 տոկոսի դեպքում բացակայել է անասնաբուժական 5-րդ ձևը։

XS
SM
MD
LG