Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը և Բրյուսելը ձգտում են ռուսական ռազմաբազայի և սահմանապահների դուրսբերմանը Հայաստանից. ՌԴ ԱԳՆ


Ռուսաստանի արտգործնախարարության շենքը, Մոսկվա
Ռուսաստանի արտգործնախարարության շենքը, Մոսկվա

Հայաստանի վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի և Եվրահանձնաժողովի նախագահի ապրիլհինգյան հանդիպումը Ռուսաստանը դիտարկում է Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական դիմակայության մեջ ներքաշելու փորձ։

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարության մեջ նշում է, թե Մոսկվային հայտնի է, որ Վաշինգտոնը և Բրյուսելը ձգտում են հասնել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալուն, ռուսական ռազմաբազայի և սահմանապահների դուրսբերմանը։

Հայտարարելով, որ Արևմուտքը ցանկանում է Հայաստանը վերածել Հարավային Կովկասում իր «չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»՝ Մոսկվան կոչ է անում Երևանին թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն և երկիրը տանի սխալ ճանապարհով։

«Մենք հաստատում ենք մեր հանձնառությունը՝ համակողմանիորեն խորացնելու և ընդլայնելու Հայաստանի հետ հարաբերությունները երկկողմ փաստաթղթերով և համաձայնագրերով ամրագրված սկզբունքների հիման վրա», - շեշտել է պաշտոնական Մոսկվան։

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական կարգավորմանը, ապա արտգործնախարարությունն ընդգծել է՝ Հարավային Կովկասում և՛ տարածաշրջանային, և՛ երկկողմ բնույթի խնդրահարույց հարցերը պետք է լուծվեն «տարածաշրջանային պատասխանատվության» սկզբունքին համապատասխան, որ «համաձայնեցվել է 2023 թվականի հոկտեմբերի 23-ին Թեհրանում «3+3» հարթակի երկրորդ հանդիպման ժամանակ»։

«Կոչ ենք անում արտաքին խաղացողներին հարգել այդ պայմանավորվածությունները, իսկ Երևանի իշխանություններին իրենց արտաքին քաղաքական գիծը կառուցելիս՝ հաշվի առնել հարևան պետությունների մտահոգությունները», - ասված է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։

  • Նիկոլ Փաշինյանի, Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Էնթոնի Բլինքենի հանդիպման արդյունքներով հայտարարվեց, որ Երևանը Բրյուսելից առաջիկա 4 տարում կստանա 270 միլիոն եվրոյի, իսկ Վաշինգտոնից 65 միլիոն դոլարի աջակցություն: Այդ գումարները հիմնականում ուղղվելու են Հայաստանի տնտեսության զարգացմանը:
  • Մոսկվան նախքան հանդիպումն էլ էր իր դժգոհությունն ու մտահոգությունը հայտնել բրյուսելյան եռակողմ հանդիպման կապակցությամբ։
  • Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Ադրբեջանական ներխուժումների ընթացքում ՀԱՊԿ-ից աջակցություն չստանալուց հետո պաշտոնական Երևանը հայտարարում է, որ դիվերսիֆիկացնում է իր անվտանգային քաղաքականությունը։

XS
SM
MD
LG