Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը սահմանազատման հարցով հրատապ նիստ է հրավիրում


Ազգային ժողովի շենքը, Երևան, արխիվ
Ազգային ժողովի շենքը, Երևան, արխիվ

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է հաջորդ շաբաթ սպասվող քառօրյայի ընթացքում սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ քննարկում անցկացնել:

Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով հրատապ նիստեր կարող են անցկացվել խորհրդարանական հերթական նիստերի ընթացքում: Ընդդիմադիրները որոշել են հրատապ քննարկումն անցկացնել երեքշաբթի մեկնարկող քառօրյայի երրորդ հիմնական նիստում:

Որպես հարակից զեկուցողներ ընդդիմությունն առաջարկում է ներգրավել փոխվարչապետ, սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի (հայկական կողմից) նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ու արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։

Ազգային ժողովի նախագահին ուղղված դիմումում ընդդիմադիրները նշում են, թե Հայաստանի անունից հանդես եկող անձինք Երևանի և Բաքվի միջև սահմանազատման և սահմանագծման հարցում անում են հայտարարություններ, որոնցով խախտում են Հայաստանի սահմանադրությունը, «Պետական սահմանի մասին» և մի շարք այլ օրենքներ և անտեսում սահմանազատման հարցով միջազգային լավագույն փորձը:

Բացի այդ, խորհրդարանական ընդդիմությունն ընդգծում է, թե այդ հայտարարություններով իշխանությունը հակասում է ինչպես իր նախընտրական, այնպես էլ կառավարության 2021-26 թվականների ծրագրերին:

. Պաշտոնական Բաքուն Երևանից պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերը։

. Վարչապետն ու կուսակիցները պնդում են՝ չվերադարձնելու այլընտրանքը պատերազմն է։ Նրանք Ադրբեջանի պահանջած գյուղերը վերադարձնելու հեռանկարը ներկայացնում են որպես սահմանազատման գործընթացի գործնական փուլի մեկնարկ:

. Սակայն երեք օր առաջ կուսակիցների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը մտահոգություններ էր բարձրաձայնել՝ եթե Բաքվի իրական նպատակը սահմանների ճշգրտումն է, ապա պետք է հստակ ասի՝ որտեղ է սկսվում Հայաստանի տարածքը:

. Մինչև օրս Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները հրապարակային չեն հայտարարել, որ սահմանազատման սկզբունքները համաձայնեցված են, և որ այդ գործընթացի համար հիմք կդառնա Ալմա-Աթիի հռչակագիրն ու կոնկրետ թվականի քարտեզ:

XS
SM
MD
LG