Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը փոքրացնում է թիվ 907 բանաձևի նշանակությունը Բաքվի համար


Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբի, արխիվ
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբի, արխիվ

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մարկ Լիբբին տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում փոքրացրել է թիվ 907 բանաձևի նշանակությունը Բաքվի համար։

«Թիվ 907 ուղղումը 30 տարի առաջ ընդունված օրենքի մաս է։ Ես չեմ կարող այդ օրենքում փոփոխություն կատարել։ Կարող եմ ասել, որ յուրաքանչյուր տարի մենք մտածում ենք, թե արդյոք պետք է հրաժարվել այդ ուղղումից անվտանգության ոլորտում որևէ օգնություն ցուցաբերելու համար, այդ հարցը դեռ քննարկվում է», - APA գործակալության փոխանցմամբ՝ ասել է դեսպանը, նշելով, որ երկկողմ հարաբերությունների լայն սպեկտրի տեսանկյունից թիվ 907-ը փոքրագույն ուղղում է։

«Թիվ 907 ուղղումը սահմանափակում է ռազմական օգնության մի շարք տեսակներ։ Արդյո՞ք Ադրբեջանը ԱՄՆ-ի ռազմական օգնության կարիք ունի, ավելի շուտ՝ ոչ», - ասել է Մարկ Լիբբին, ընդգծելով, որ ԱՄՆ-ը պաշտպանում է Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

1992 թվականին ընդունված Ազատության աջակցության ակտի թիվ 907 ենթաբաժինը Վաշինգտոնին արգելում է Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել, սակայն 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի վրա ահաբեկչական հարձակումից հետո Միացյալ Նահանգների նախագահները մինչև հիմա կասեցրել են բանաձևը հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով։ Այդ գործողություններում Աֆղանստանի մատակարարումների համար օգտագործվում էր նաև Ադրբեջանի տարածքը, սակայն Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելուց հետո ադրբեջանական գործոնը թուլացել է։

Այս տարի թիվ 907-ի արգելքը դեռ չի կասեցվել։

XS
SM
MD
LG