Մատչելիության հղումներ

Էրդողանը հայտարարում է՝ թուրք-ամերիկյան հարաբերությունները կրկին ջերմանում են


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, արխիվ

Էրդողանը հայտարարում է՝ թուրք-ամերիկյան հարաբերությունները կրկին ջերմանում են: Թուրքիայի առաջնորդի խոսքերով՝ Միացյալ Նահանգներում արդեն դրական են տրամադրված F-16-երի վաճառքի հարցում, այս մասին Ռեջեփ Էրդողանը խոսել է Եգիպտոսից վերադարձի ճանապարհին՝ ինքնաթիռում լրագրողների հետ ճեպազրույցում։

«Մենք կարող ենք խոսել մի շարք դրական փոփոխությունների մասին, որոնք հաջորդում են Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև ձեռնարկված քայլերին: Կոնգրեսում այժմ դրական են տրամադրված: Դրական ձայներ են լսվում նաև Սենատից, ինչպես նաև բանակցություններին մասնակցող նախարարների կողմից», - Էրդողանի խոսքերն է մեջբերում Anadolu պետական գործակալությունը։

F-16 կործանիչների վաճառքի և արդիականացման գործարքին, որը Վաշինգտոնը տարիներ առաջ սառեցրել էր ի պատասխան Անկարայի կողմից ռուսաստանյան թանկարժեք սպառազինության ձեռքբերման, ԱՄՆ Կոնգրեսը հավանություն տվեց անցած շաբաթավերջին։

Ըստ Էրդողանի՝ ռազմական օդանավերի վաճառքի հարցում չէ միայն, որ Վաշինգտոնը փոխել է իր վերաբերմունքը։ Թուրքիայի նախագահի խոսքով՝ ընդհանուր առմամբ երկու երկրների միջև հարաբերություններում շեշտակի ջերմացում է նկատվում, չթաքցնելով, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ամիսներ շարունակ պահանջներ ու նախապայմաններ առաջ քաշելուց հետո ի վերջո Անկարան հավանություն տվեց ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտին։

«Մենք նրանց ցույց տվեցինք այս փաստաթուղթը թարմ ստորագրությամբ: Նրանք լսեցին մեր խորհրդարանի համապատասխան որոշման մասին և շնորհակալություն հայտնեցին: Դրանից հետո մենք նրանց ասացինք, որ այժմ իրենց կողմից ենք քայլեր ակնկալում»,- պատմել է Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG