Մատչելիության հղումներ

Պակիստանում նախկին վարչապետի կուսակիցները ցույցի են դուրս եկել


Պակիստանում ամփոփվել են անցած հինգշաբթի կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, առաջին տեղն զբաղեցրել են անկախ թեկնածուները, որոնք հիմնականում կապված են բանտարկված նախկին վարչապետ Իմրան Խանի կուսակցության հետ։

Ընտրություններին Խանի կուսակցության մասնակցությունն արգելված էր, այդ պատճառով քաղաքական ուժի անդամները մասնակցել են որպես անկախ թեկնածուներ։ Նրանք ստացել են 266 մանդատից 101-ը։

Խանի կուսակցության անդամները, սակայն, դժգոհել են ընտրության արդյունքների «ուշ հրապարակումից ու շեղումներից», նրանք փողոց են դուրս եկել:

Ոստիկանությունը փետրվարի 11-ին նախազգուշացրել է, որ կոշտ կերպով են արձագանքելու անօրինական հավաքների դեմ։ Մայրաքաղաք Իսլամաբադում սահմանվել է 144-րդ հոդվածը, ինչը թույլ է տալիս ոստիկանությանը իրավական միջոցներ ձեռնարկել ցանկացած անօրինական հավաքների և գործունեության դեմ:

Ընտրություններում երկրորդ տեղում է նախկին վարչապետ Նավազ Շարիֆի կուսակցությունը՝ Պակիստանի մահմեդական լիգան՝ 75 մանդատով։ Երրորդ տեղը զբաղեցրել է ձախ կենտրոնամետ Պակիստանի ժողովրդական կուսակցությունը՝ 54 մանդատով։

Կուսակցություններից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ մեծամասնությունը՝ 169 մանդատ՝ ինքնուրույն կառավարություն ձևավորելու համար:

Արդյունքները հրապարակվել են հինգշաբթի օրը տեղի ունեցած խիստ վիճահարույց ընտրություններում ընտրատեղամասերի փակվելուց ավելի քան երեք օր անց, որոնք ուղեկցվել են բռնություններով և ընտրակեղծիքների մեղադրանքներով:

XS
SM
MD
LG