Մատչելիության հղումներ

«Կարմիր զգեստը» պետք է փոխվի՞, թե «մատադորը». Սահմանադրության և Անկախության հռչակագրի շուրջ բանավեճը թեժանում է


Կհանվի արդյո՞ք Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը, որտեղ հղում կա Հայաստանի և Արցախի վերամիավորման, ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման աջակցության մասին։ Այս հարցի շուրջ բանավեճը Հայաստանում օր-օրի ավելի է թեժանում։

«Նախ, ես ուզում եմ, որ մենք ֆիքսենք, որ մենք չունենք որևէ վերջնական եզրահանգում», - ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոջորյանը:

Իշխող խմբակցության ղեկավարը վստահեցնում է՝ նախ քաղաքական ուժերն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կներկայացնեն իրենց դիրքորոշումը, որից հետո, երբ կլինի կոնկրետ նախագիծ՝ տեքստ, այդ մասին բոլորը կտեղեկանան։

«Մենք տեքստ հիմա չունենք, չէ՞, նախագիծ չունենք, մենք հիմա քննարկում ենք. կան բաներ, որ մենք գիտենք, կան բաներ, որոնք ուզում ենք իմանալ», - նշեց Կոնջորյանը:

«Ալիևը իրականում չի ուզում, որ Հայաստանը փոխի Սահմանադրությունը»,

Արդյո՞ք Հայաստանի իշխանությունը Ադրբեջանի և Թուրքիայի ճնշումների ներքո է սկսել Սահմանադրության, Անկախության հռչակագրի շուրջ ծավալված բանավեճը։ Այս հարցում ևս իշխանության և ընդդիմության միջև թեժ բանավեճ է ընթանում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս հստակ պահանջ դրեց Հայաստանի առջև՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը այլապես խաղաղություն չի լինի։ Նույն օրը վարչապետ Փաշինյանը բերեց ցլերի և կարմիր զգեստից հրաժարվելու այլաբանական օրինակը, ընդգծելով՝ պետք է կարգավորել Անկախության հռչակագրի հետ հարաբերությունները, հակառակ դեպքում՝ «խաղաղություն երբեք չենք ունենա»։

Փաշինյանի ղեկավարած կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն էլ իր հակափաստարկն է բերում՝ Ալիևը իրականում չի ուզում, որ Հայաստանը փոխի Սահմանադրությունը, որպեսզի դա որպես պատրվակ օգտագործի՝ ռազմական գործողություններ հրահրելու համար։

Ինչո՞ւ են այդ դեպքում Ալիևի պահանջներն ու Հայաստանի ներքին օրակարգային հարցերը համընկնում, հարց հնչեց իշխող խմբակցության ղեկավարին։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, մինչդեռ, հակադարձում է՝ Փաշինյանը իրականում Անկախության հռչակագրի շուրջ բանավեճ ծավալելով հերթական զիջումներ է անում։ Բայց նույնիսկ եթե Բաքվի պահանջը համընկել է Հայաստանի իշխանության նախաձեռնության հետ, դա պետք չէ անել:

«Երբ թշնամիդ պահանջում է այն, ինչ դու ուզում ես անել, ուրեմն մի արա, որովհետև դա բերելու է քո ազգային դիմադրության թուլացմանը, միջազգային հանրության մեջ քո դիրքերի թուլացմանը: Առնվազն գոնե Ալիևի այս հայտարարություններից հետո իրենք ընդհանրապես պիտի այս թեման փակեին», - նշեց Մինասյանը

Ի՞նչն է ստիպում իշխանությանը նոր Սահմանադրություն ընդունելու քննարկումներ սկսել

Եթե ոչ Բաքվի և Անկարայի ճնշումները, ապա ի՞նչն է ստիպում իշխանությանը նոր Սահմանադրություն ընդունելու քննարկումներ սկսել։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի բնորոշմամբ՝ Հայաստանի մայր օրենքը, Անկախության հռչակագիրը երկիրը սխալ ուղղությամբ են տանում։

Կնոջորյանը Փաշինյանի օրինակով դիմեց նոր այլաբանության. - «Նավիգատորով ուզում ենք գնալ Թումանյան փողոցից Մալաթիա-Սեբաստիա, բայց մեր նավիգատորը Երևան քաղաքի նավիգատորը չի, Գյումրիի նավիգատորն է, մենք միշտ սխալ տեղ ենք գնալու»:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հակադարձում է՝ նավիգատորը սխալ տեղ է տանում իշխանության պատճառով։

Ինչ վերաբերում է ցլերի և նրանց կատաղեցնող կարմիրը զգեստը փոխելու Փաշինյանի այլաբանությանը, որը նոր քննադատության ալիք բարձրացրեց, վարչապետի թիմակցի մեկնաբանությամբ՝ Փաշինյանը խոսել է այսօրվա միջավայրում առա ռիսկերը գնահատելու և մեր վարքը այդ ռիսկերին հարմարեցնելու, և ոչ թե ինքնությունից հրաժարվելու մասին։

Դաշնակցական Արծվիկ Մինասյանի համոզմամբ՝ մեղավորը կարմիր զգեստը չէ, որն այսօր իշխանությունը ուզում է փոխել, նկատի ունենալով Անկախության հռչակագիրը, խնդիրը մատադորն է:

«Էդ մատադորից է, ինքն է իրեն դրել էդ մատադորի տեղը, նա պիտի փոխվի, որովհետև երբ նա փոխվի և գա այնպիսի հավասարակշռված ու պրոֆեսիոնալ մարդ, որը ցլին կարող է բթացնել ու խոցել ցլին, այդ ժամանակ մենք կունենաք արդյունք», - ընդգծեց մինասյանը:

ՔՊ կուսակցության փոխնախագահը պնդում է՝ ուզում են, որ Հայաստանը լինի իսկապես անկախ և ինքնիշխան, իսկ Հայաստանի Անկախության հռչակագիրը դա թույլ չի տալիս։

Արդյո՞ք Մայր օրենքից Անկախության հռչակագրի դրույթները, Արցախի, Հայոց ցեղասպանության հղումները հանելով Հայաստանին սպառնացող մարտահրավերները ի վերջո կչեզոքացվեն։ Իշխանությունում վստահ չեն։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG