Մատչելիության հղումներ

Բայդենը օրենսդիրներին կոչ է անում հաստատել Թուրքիային F-16-ների վաճառքը


Ամերիկյան արտադրության F-16 կործանիչներ, արխիվ
Ամերիկյան արտադրության F-16 կործանիչներ, արխիվ

Թուրքիայի խորհրդարանի կողմից Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտի վավերացումից 24 ժամ չանցած Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը դիմել է կոնգրեսականներին՝ կոչ անելով նրանց շուտափույթ կերպով հավանություն տալ Անկարային F-16 կործանիչների վաճառքի գործարքին։

«Սենատի և Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովների հանրապետական և դեմոկրատ առաջատար անդամներին ուղղված նամակում Բայդենը հորդորել է գործարքը հաստատել առանց հապաղման», - գրում է Reuters-ը՝ Սպիտակ տանը և Կոնգրեսին մոտ կանգնած միանգամից չորս աղբյուրներ վկայակոչելով։

Գործակալության տեղեկություններով՝ այս նամակով Բայդենն օրենսդիրներին տեղեկացրել է Թուրքիային F-16-ների վաճառքի վերաբերյալ Կոնգրեսին ֆորմալ ծանուցում ուղարկելու մտադրության մասին, ինչը կարող է գործարքի ավարտական փուլի մեկնարկ համարվել։

Սպիտակ տունն առայժմ Բայդենի կողմից Կոնգրեսին հղված նամակի թեման չի մեկնաբանում։

Փոխարենը, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը Reuters-ի հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ արդեն առաջիկա օրերին նախագահ Էրդողանը կստորագրի Ազգային մեծ ժողովի կողմից Շվեդիայի անդամակցության վերաբերյալ կայացված որոշումը, որին «արագ քայլեր կհաջորդեն արդեն ԱՄՆ Կոնգրեսի կողմից»։

«Այն պահին, երբ Թուրքիայի նախագահը ստորագրի խորհրդարանի որոշումը, Պետդեպարտամենտն անհապաղ Կոնգրեսին կուղարկի Թուրքիային 20 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ F-16 կործանիչների վաճառքի մասին պաշտոնական ծանուցումը», - նշել է ամերիկացի դիվանագետը։

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտում ևս նշում են, որ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցի օրակարգից դուրս գալուց հետո Թուրքիային ռազմական օդանավերի վաճառքի գործարքն ավարտին հասցնելու համար որևէ էական խոչընդոտ չի մնում։ Չնայած դրան, ամերիկյան դիվանագիտական գերատեսչությունում հարկ են համարում հիշեցնել՝ այս հարցում վերջնական որոշման իրավունքը ոչ թե գործադիր, այլ օրենսդիր իշխանության տիրույթում է։

«Ես կրկին պետք է վերահաստատեմ, որ Կոնգրեսն այս գործարքի հարցում որոշիչ դերակատարություն ունի։ Որոշ կոնգրեսականներ նախկինում իրոք հրապարակայնորեն հայտարարել էին, որ Թուրքիայի կողմից Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտի վավերացումն իրենց համար առանցքային կարևորություն ունի», - Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարում էր Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Պատելը։

Լրագրողներից մեկի հարցին էլ, թե արդյոք Թուրքիային նոր նախապայմաններ չեն ներկայացվի՝ այժմ էլ արդեն Կոնգրեսում F-16-ների վաճառքը հաստատելու համար,Պատելն արձագանքել է․

«Նախագահ Բայդենն ու պետքարտուղար Բլինքենը համարում են, որ Թուրքիայի F-16-ների զինանոցի արդիականացումը ներդրում է, որը կնպաստի ՆԱՏՕ-ի ուժերի ներդաշնակեցմանը։ Դա, իր հերթին, խիստ կարևոր է թե՛ ՆԱՏՕ-ի հզորության, թե՛ մեր իսկ անվտանգության ապահովման տեսանկյունից», - հայտարարում էր Պատելը՝ խուսափելով նաև հստակեցնել, թե Կոնգրեսի կողմից գործարքը հավանության արժանացնելու դեպքում Անկարան ինչ ժամանակահատվածում կկարողանա ստանալ ամերիկյան արտադրության 40 նոր կործանիչները։

Անկարային ներկայացվող նախապայմանների թեման, ի դեպ, պատահական չի ծագել։ Կոնգրեսականներից ոմանք Բայդենի նամակը ստանալուց անմիջապես հետո սկսել են խոսել ոչ միայն շվեդական հիմնահարցի, այլև Թուրքիայի կողմից հարուցվող այլ խնդիրների մասին։

«Էրդողանի պաշտոնավարման մեծ մասի ընթացքում Թուրքիան ՆԱՏՕ-ի հավատարիմ դաշնակից չի հանդիսացել», - Reuters-ի հետ զրույցում նշել է Մերիլենդից ընտրված դեմոկրատ սենատոր Քրիս Վան Հոլենը։ Նրա խոսքով, Էրդողանին ուղղված հարցադրումները ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությամբ չեն ավարտվում։

«Ես դեռ հարցեր ունեմ՝ կապված Սիրիայում մեր քուրդ դաշնակիցների դեմ Էրդողանի հարձակումների, Միջերկրական ծովի արևելյան հատվածում նրա ագրեսիվ գործողությունների, ինչպես նաև այն դերակատարության հետ կապված, որ խաղաց Թուրքիան՝ աջակցելով Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակման ընթացքում», - նշում է կոնգրեսականը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG