Մատչելիության հղումներ

Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, միջազգային այլ մրցաշարերում Հայաստանի մարզիկները 2023-ին նվաճել են 445 մեդալ


Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի

Հայաստանի բոլոր տարիքային խմբերի մարզիկ-մարզուհիներն աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, գավաթի խաղարկություններում, Ֆրանկոֆոնիայի և ԱՊՀ խաղերում 2023 թվականին ընդհանուր առմամբ նվաճել են ռեկորդային 445 մեդալ, այդ թվում՝ 125 ոսկե, 127 արծաթե, 193 բրոնզե: Այս ցուցանիշը 2022 թվականի համեմատ ավելի է 44,9 տոկոսով՝ նախորդ տարի մեդալների թիվը կազմել էր 307: Այս մասին հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ երեկ 2023-ի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ ամփոփելով մարզական տարին:

Այնուհետև, Կառավարության լրատվականի փոխանցմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևները հանձնել է 2023 թվականի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանին, ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանին, սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության ոսկե և բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանին, ծանրամարտի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանին, ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանին, բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանին, ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գոռ Սահակյանին:

Հարգելի պատճառներով միջոցառմանը ներկա չեն գտնվել ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Վազգեն Թևանյանը և բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը, որոնց մրցանակները կհանձնվեն ավելի ուշ, ասված է հաղորդագրությունում:

«2018 թվականին Հայաստանում սպորտի ոլորտը տարեկան բյուջեից ֆինանսավորվում էր 2 մլրդ 144 մլն դրամ։ 2023 թվականին սպորտի ոլորտի ֆինանսավորումը կազմել է 10 մլրդ 288 մլն դրամ։ Այսինքն` 2018-ի համեմատ 8 մլրդ 144 մլն դրամով կամ 479 տոկոսով ավելի։ Նաև ուրախությամբ եմ արձանագրում, որ այս տարի ավարտել ենք 7 մարզական օբյեկտներ, որոնք շահագործման են հանձնվել կառավարության, կամ Երևանի քաղաքապետարանի, կամ գործընկեր ֆեդերացիաների կողմից», - միջոցառման ժամանակ հայտարարել է վարչապետը:

«Այսօրվա դրությամբ Հայաստանի պետական բյուջեից երկու մարզիկ ստանում են ամիսը մեկ միլիոն դրամ և ավելի աջակցություն, 24 մարզիկ ստանում են 500 հազար դրամ և ավելի աջակցություն, 64 մարզիկ ստանում են 100-ից 500 հազար դրամ ամենամսյա աջակցություն։ Սա շատ կարևոր է, ինչո՞ւ, որովհետև պիտի առավելագույնն անենք, որ մեր տաղանդավոր մարզիկները հնարավորություն ունենան կենտրոնանալ իրենց մարզական գործի վրա», - նաև ասել է Նիկոլ Փաշինյանը:

XS
SM
MD
LG