Մատչելիության հղումներ

Հայ մարզիկների մեդալային տարափը՝ Եվրոպայի առաջնություններում


4 չեմպիոն, 12 ոսկե մեդալ. Հայաստանը՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության թիմային հաղթող

Երևանում անցկացված Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հաղթանակից հետո Սամվել Գասպարյանի չեմպիոնական ցատկը մարզական աշխարհը նմանեցրեց լեգենդար Յուրի Վարդանյանի հաղթական ժեստին։ Նորընծա չեմպիոնն ասում է՝ չէր մտածել կրկնօրինակման մասին, բայց համեմատությունները միայն հաճելի են:

«Հեչ չէի պլանավորել այդպիսի ցատկ, ուղղակի ուրախությունից, որ այդպես թռիչքն արեցի ու հետո համեմատությունը տեսա սոցցանցերում, ուղղակի փշաքաղվելու էր ու հաճելի էմոցիաներ է պարգևում», - ասաց Գասպարյանը:

Մայրաքաղաքում ավարտված ծանրամարտի եվրոպայի առաջնության 109 կիլոգրամ քաշայինների պայքարում Գասպարյանը երկամարտի 395 կիլոգրամ արդյունք ցույց տվեց։ Ասում է ՝ երկու խնդիր էր դրված. ոսկե մեդալ նվաճել ու անձնական ցուցանիշը բարելավել, երկուսն էլ ստացվեց։ Տան պատերն էլ էին օգնում:

«Երկրապագուների քանակն էլ ավելի ոգևորող է, որովհետև Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում նման երկրպագուների քանակ չէինք տեսել, էս անգամ գերազանցեց, ոչ թե Հայաստանում էր դրա համար, այլ ընդհանուր առմամբ շատ էին երկրպագուները, որովհետև ծանրամարտը մեր երկրում ընդունված մարզաձև է», - նշեց Սամվել Գասպարյանը:

Չորս չեմպիոնով ու ընդհանուր 12 ոսկե մեդալով Հայաստանը դարձավ Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնության թիմային հաղթողը։ Չնայած այս հաջողությանը՝ հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի դեմքին ուրախություն առանձնապես չէր երևում, բացատրեց՝ ապագայի մասին է արդեն մտածում։ Ալավերդյանն այսօր լրագրողների հետ զրույցում թիմի ելույթները փառահեղ որակեց։

«Տղաների այս փառահեղ ելույթը, ես առաջին անգամ եմ երևի դա ասում, համեմատություն բերեմ Սովետական միության և Բուլղարիայի հետ, ոչ Բուլղարիան և ոչ էլ Սովետական միությունը չեն կարողացել 10-ից 10 մեդալ բերել», - ասաց գլխավոր մարզիչը:

Սամվել Գասպարյանից բացի իրենց քաշային կարգերում ոսկե մեդալներ են նվաճել նաև Գոռ Սահակյանը, Դավիթ Հովհաննիսյանն ու Գարիկ Կարապետյանը ևս չորս ծանրորդ փոխչեմպիոն դարձավ։

Կարճատև հանգստից հետո մարզումները կվերսկսվեն, առջևում աշնանը կայանալիք աշխարհի առաջնությունն է։

«Այդ նույն տղաներից նույն պահանջն ունեմ ես, նույն մեդալների պահանջն ունեմ, ինքս իմ նկատմամբ ունեմ այդ պահանջը, կարող եմ հասնել դրան՝ փառքս, չեմ կարող հասնել՝ էդ էլ արդեն ի՞նչ անեմ», - նշեց Ալավերդյանը:

Հայ մարզիկները ոսկիներ նվաճեցին նաև Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում

Երևանից բացի անցած շաբաթվա ընթացքում հայ մարզիկները ոսկիներ նվաճեցին նաև Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։ Իրենց քաշային կարգերում ուժեղագույնն էին ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը, հունահռոմեական ոճում բոլոր մրցակիցներին հաղթեցին Մալխաս Ամոյանն ու Արթուր Ալեքսանյանը։

23 տարեկանում Եվրոպայի եռակի չեմպիոն դարձած Արսեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ լավ էր պատրաստված թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն:

«Եզրափակիչը կառանձնացնեմ, ես ինքս ինձ պետք է ապացուցեի, որ ես կարող եմ նրան հաղթել, որովհետև Եվրոպայի առաջնությունից հետո քաշային կարգս տեղափոխելու եմ 57 քաշային կարգ, ինքն էլ 57 քաշային կարգում գործող աշխարհի չեմպիոնն էր, ինձ համար նրան հաղթելը մեծ բան էր, որ ես ինքս ինձ ապացուցեմ, որ ես կարող եմ 57 քաշային կարգում լավ մասնակցել», - ասաց ըմբիշը:

Արսենի հասակակից Վազգեն Թևանյանն էլ, չնայած չեմպիոնությանը, չթաքցրեց՝ սխալներ էլ են եղել. - «Շատ ուրախ եմ մեդալի համար, ընդհանուր ելույթը կարծում են նորմալ էր, չնայած նրան, որ կա հաղթանակ, կան նաև սխալներ, որոնց շուրջ պետք է աշխատենք»:

19 մեդալ՝ Սամբոյի Եվրոպայի առաջնությունում

Նախորդ շաբաթվա մեդալային տարափն ըմբշամարտով էլ չավարտվեց։ Հայ մարզիկները հաջողություններ ունեցան նաև Իսրայելում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնությունում։ Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների մարզիկներն ընդհանուր առմամբ 19 մեդալ են նվաճել, այդ թվում՝ մեծահասակների 2 ոսկի։

Երևանն աշնանը հյուրընկալելու է Սամբոյի աշխարհի առաջնությունը։

Հայաստանը նաև հայտ է ներկայացրել հաջորդ տարի հյուրընկալելու Ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Այդուհանդերձ, Երևանում կայացած Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրելու միջադեպն ու հարևան երկրի՝ մասնակցությունից հրաժարվելը, պաշտոնյաների խոսքով, կարող է խոչընդոտել 2024-ին մրցաշարը հյուրընկալելու հնարավորությանը։

Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի փոխնախագահը, սակայն, լրատվամիջոցներին մեկին տված հարցազրույցում ասել է՝ այս պահի դրությամբ Հայաստանը լավագույն թեկնածուն է։

XS
SM
MD
LG