Մատչելիության հղումներ

SIPRI. « Էրդողանի փեսայի ընկերությունը մուտք է գործել աշխարհի խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունների հարյուրյակ»


«2022թվականին աշխարհի ռազմարդյունաբերական ընկերությունների թվում եկամուտների ամենամեծ աճն արձանագրել է Bayraktar անօդաչու սարքերի արտադրությամբ զբաղվող Baykar ընկերությունը»․ սա են վկայում Ստոկհոլմում գործող Խաղաղության խնդիրների ուսումնասիրության կենտրոնի՝ SIPRI-ի, այսօր հրապարակած զեկույցի տվյալները։

Շվեդիայի մայրաքաղաքում գործող և աշխարհի սպառազինության շուկան ուսումնասիրող ամենահեղինակավոր կենտրոններից մեկը համարվող SIPRI-ի մասնագետները հաշվարկել են՝ 2022 թվականին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսայի կողմից ղեկավարվող այս ընկերությունը շուրջ մեկուկես միլիարդ դոլար է վաստակել իր ստեղծած անօդաչուների վաճառքի շնորհիվ։

«Հատկանշական է, որ Bayraktar TB-2 անօդաչու թռչող սարքն արտադրող թուրքական Baykar-ը զեկույցների հրապարակման պատմության ընթացքում առաջին անգամ է աշխարհի առաջատար ռազմարդյունաբերական ընկերությունների հարյուրյակ մուտք գործել», - պնդում է SIPRI-ի ավագ հետազոտող Դիեգո Լոպես դա Սիլվան՝ հավելելով․ - «Թուրքական ընկերության՝ սպառազինությունների վաճառքից առաջացած հասույթը 2022 թվականին, նախորդ տարվա համեմատ, ավելացել է 94 տոկոսով։ Դա այս ցանկում ընդգրկված ընկերությունների շարքում արձանագրված աճի ամենաբարձր տեմպն է»։

Rokestan

Baykar-ից բացի Խաղաղության ուսումնասիրության ստոկհոլմյան կենտրոնի ցուցակում ևս երեք թուրքական ընկերություններ են ընդգրկված։100-րդ տեղում հրետանային կայանքների և հրթիռների արտադրությամբ զբաղվող, արբանյակներ արտադրող և արձակող Rokestan ընկերությունն է, որի շահույթը մեկ տարում գերազանցել է 750 միլիոն դոլարը։

Turkish Aerospace Industries

Մյուս թուրքական ընկերություններից է SIPRI-ի հրապարակած վարկանիշում 83-րդ տեղը գրաված Turkish Aerospace Industries-ը, որը հիմնադրվել է դեռ նախորդ դարի 80-ականներին՝ Միացյալ Նահանգների հետ F-16 կործանիչների համատեղ արտադրության նպատակով։

Աշխարհի առաջատար ռազմարդյունաբերական ընկերությունների թվում է նաև ոլորտի թուրքական վետերաններից ևս մեկը՝ ASELSAN-ը։ Ռազմական կարիքների համար ծառայող էլեկտրոնային սարքավորումներ մշակող և արտադրող այս ընկերությունը, որ ստեղծվել է 70-ականներին,1998 թվականին իր առաջին արտերկրյա մասնաճյուղը բացել է Ադրբեջանի մայրաքաղաքում։

Hindustan Aeronautics

Վերջին շրջանում Հայաստանի գլխավոր ռազմատեխնիկական գործընկերներից մեկը դարձած պետությունը՝ Հնդկաստանը, Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան կենտրոնի կողմից այսօր հրապարակված զեկույցում ներկայացված է երեք ընկերություններով։

Աշխարհի հարյուր խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունների թվում 41-րդը՝ ռազմական և տրանսպորտային օդանավերի, ուղղաթիռների և անօդաչու սարքերի արտադրությամբ զբաղվող Hindustan Aeronautics-ն է։

Դեռ 2022 թվականի ամռանը հնդկական մամուլում տեղեկություններ էին ի հայտ եկել, որոնց համաձայն Դելի ժամանած հայկական պատվիրակությունը լուրջ հետաքրքրություն էր ցուցաբերել Հնդկաստանում արտադրված անօդաչու թռչող սարքերի հանդեպ։ Թեև մեկուկես տարի առաջ հայտնված այդ հրապարակման մեջ Hindustan Aeronautics-ի անունը չէր հիշատակվում, սակայն այդ ժամանակ տեղեկություններ էին շրջանառվում, որոնց համաձայն, պաշտոնական Երևանի ուշադրության կենտրոնում են հայտնվել հենց Hindustan Aeronautics-ի կողմից արտադրած Rustom-2 դրոնները։

Bharat Electronics

Հայաստանի մեկ այլ, արդեն պաշտոնապես հաստատված գործընկեր կազմակերպությունը՝ հնդկական Bharat Electronics-ը, Խաղաղության խնդիրների ուսումնասիրության կենտրոնի հրապարակած ցանկում 63-րդն է։ Սա այն ընկերությունն է, որից Հայաստանը դեռ 2020 թվականին պայմանավորվել էր SWATHI մակնիշի չորս ռադիոտեղորոշիչ ռադարներ ձեռք բերել։ Հնդկական մամուլի տեղեկություններով՝ գործարքի ընդհանուր ծավալը 40 միլիոն ամերիկյան դոլար էր կազմում։

Այսօր հրապարակված զեկույցում SIPRI-մասնագետները արձանագրում են՝ սպառազինության համաշխարհային շուկան Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելուց հետո բավական երկիմաստ դրության մեջ է հայտնվել։ Զենքերի պահանջարկը կտրուկ աճել է, սակայն դրանց արտադրողները ի վիճակի չեն բավարարել աճող պահանջարկը։ Որպես հետևանք սպառազինության արտադրությամբ զբաղվող առաջատար արևմտյան ընկերությունների շահույթը 2022 թվականին, նախորդ տարվա համեմատ, նվազել է։

«Աշխարհի առաջատար 100 ռազմարդյունաբերական ընկերությունների մեջ մտնող 42 ամերիկյան կորպորացիների եկամուտները 2022 թվականին նվազել են գրեթե ութ տոկոսով՝ հասնելով 302 միլիարդ դոլարի», - նշում են զեկույցի հեղինակներն՝ արձանագրելով, որ ամերիկյան ռազմարդյունաբերական ընկերություններից 32-ը նախորդ տարի ֆինանսական անկում են արձանագրել։

Ամերիկյան ռազմական արդյունաբերության առջև ծառացած գլխավոր խնդիրներից մեկը, պահանջարկի կտրուկ աճից բացի, ըստ զեկույցի հեղինակների, մատակարարման շղթաների խաթարումն է՝ մի խնդիր, որ ծագել էր դեռ 2020-ին, Covid-19-ի համաճարակի ընթացքում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG