Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները նոյեմբերի 8-ին Ստեփանակերտում զորահանդես կկազմակերպեն


Ադրբեջանի զինված ուժերը վերջին պատրաստություններն են տեսնում նոյեմբերի 8-ին Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում նախատեսված ռազմական շքերթից առաջ։ Սոցիալական ցանցերում և մի շարք ադրբեջանական լրատվամիջոցների կայքերում տարածվող տեսանյութերում երևում են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի փողոցներով շարային քայլով անցնող ադրբեջանցի զինվորականները։

Տարածված մի շարք այլ կադրերում երևում են Ստեփանակերտի փողոցներով դեպի հրապարակ տեղափոխվող զրահատեխնիկան և հրետանային միջոցները՝ քարշակների վրա դրված։

«Թուրան» գործակալության տեղեկություններով՝ նոյեմբերի 8-ի շքերթը շատ նման է լինելու 2020-ի դեկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի ավարտից մեկ ամիս անց, Բաքվում կայացած զորահանդեսին։

«Ինչպես և երեք տարի առաջ, այս անգամ էլ այն ընդունելու է Իլհամ Ալիևը։ Շքերթի ընթացքում ներկայացվելու է նաև հայերից որպես ռազմավար վերցված զինտեխնիկան», - պնդում է ադրբեջանական գործակալությունը։

Ստեփանակերտում կայանալիք զորահանդեսի նախապատրաստական աշխատանքների ֆոնին՝ Բաքվում շարունակում են քննարկել Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի՝ շաբաթ օրը կայացած այցը Ադրբեջան, ավելի ճիշտ դրա ընթացքում տեղի ունեցած սկանդալները։

Այդ սկանդալներից առաջինը ծագեց Ադրբեջանի և Գերմանիայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարներ համատեղ ասուլիսի ժամանակ, երբ Բերբոքը, հայտարարելով, թե Գերմանիան անվերապահորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու Բաքվի իրավունքները Լեռնային Ղարաբաղի հանդեպ, իր խոսքում օգտագործեց Ստեփանակերտ և Շուշի տեղանունները։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին դա ակնհայտորեն դուր չեկավ։

«Մենք, իհարկե, բարձր ենք գնահատում այն հանգամանքը, որ տիկին նախարարը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Դրա հետ մեկտեղ տիկին Բերբոքը երբ խոսում էր Շուշայի և Խանքենդիի մասին, այդ քաղաքների հետ կապված այլ տեղանուններ օգտագործեց։ Ցանկանում եմ ընդգծել, որ Ադրբեջանի տեղանունների ռեեստրում երկրորդ անվանումներ, որոնք հնչեցին Գերմանիայի ԱԳ նախարարի խոսքում, գոյություն չունեն։ Այնպես որ, կոչ եմ անում նախարարին հարգանք ցուցաբերել Ադրբեջանի ինքնիշխանության հանդեպ», - հայտարարել էր Բայրամովը։

Երկրորդ սկանդալը առնչվում էր Գերմանիայի ԱԳ նախարարի և բռնի տեղահանվածների շփումներին։ Ասուլիսի ժամանակ Անալենա Բերբոքը բավական մանրամասորեն խոսում էր Հայաստանում պատսպարված արցախահայերի հետ հանդիպումների մասին։ Դրան ի պատասխան՝ ադրբեջանցի լրագրողներից մեկը Բերբոքին հարցրեց, թե արդյո՞ք նա հանդիպել է նաև ադրբեջանցի փախստականների հետ, ինչին գերմանականա դիվանագիտության ղեկավարը դրական պատասխան տվեց։

Ժամեր անց, սակայն, Ադրբեջանի պաշտոնական Azertag գործակալությունը հերքեց Անալենա Բերբոքի այս հայտարարությունը՝ պնդելով, թե Գերմանիայի ԱԳ նախարարը որպես ադրբեջանցի փախստականների հետ շփում է փորձում ներկայացնել Բաքվի ռեստորաններից մեկում կազմակերպված իր հանդիպումը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Սրանք, սակայն, Անալենա Բերբոքի և Ջեյհուն Բայրամովի ասուլիսի միակ ուշագրավ դրվագները չէին։ Լրագրողների հետ շփման ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարարը կրկին անդրադարձավ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ նշելով, թե վերջին շրջանում այն կրկին դոփում է տեղում։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը այլընտրանք չունի։ Դրա հետ մեկտեղ Հայաստանի կողմից ձեռնարկվող ոչ կառուցողական և հակասական քայլերը դանդաղեցրել են այդ գործընթացը։ Այժմ մենք սպասում ենք հայկական կողմի առաջարկներին», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Իր այդ միտքը, թե հարաբերությունների կարգավորման հեռանկարները հիմնականում կախված են հայկական կողմի մոտեցումներից, Ջեյհուն Բայրամովը կրկնեց նաև այսօր Ռումինիա կատարած այցի ընթացքում։

«Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման վրա հիմնված այդ կարգավորումը ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի շահերին կծառայի, այլև տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս դեռևս չիրացված հնարավորությունների օգտագործման հեռանկար կապահովի։ Օգտվելով առիթից՝ ես մեկ անգամ ևս ցանկանում են ընդգծել Ադրբեջանի օրակարգի խաղաղ բնույթը, որը հիմնված է կողմերի շահերի փոխադարձ հարգանքի վրա։ Հակառակ կողմից մենք կառուցողական մոտեցումներ և փոխադարձության վրա հիմնված քայլեր ենք ակնկալում։ Հուսով ենք, որ համապարփակ տարածաշրջանային կարգավորման, համագործակցության և առաջընթացի այս առանձնահատուկ հնարավորությունը մեկ անգամ ևս չի մսխվի», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Եվ մինչ Բաքվի դիվանագիտության ղեկավարը խոսում է միմյանց շահերի հանդեպ փոխադարձ հարգանքի անհրաժեշտության մասին՝ ադրբեջանական իշխանության մի շարք այլ ներկայացուցիչներ շարունակում են հայտարարություններ հնչեցնել ադրբեջանցիների՝ Հայաստան մոտալուտ վերադարձի մասին։

«Ի տարբերություն մեր հաղթանակի 27 տարի տևած ուղուց, վերադարձը Երևան, Գյոյչա {Սևանի ավազանի ադրբեջանական անվանում] ու Զանգեզուր կարող է շատ ավելի կարճատև ընթացք ունենալ», - այսօր Բաքվում կայացած համաժողովի ընթացքում հայտարարում էր Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներից մեկը՝ Զահիդ Օրուջը։

«Եթե Նիկոլ Փաշինյանը դիմում է Ադրբեջանի կառավարությանը՝ կոչ անելով նրանց հետ ընդունել Ղարաբաղի հայերին, պատրա՞ստ է նաև արևմտյան ադրբեջանցիներին կոչ անել վերադառնալ Երևան և Գյոյչա», - հայտարարել էր ադրբեջանցի պատգամավորը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG