Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը մանրամասնում է Հայաստանի հետ գործարքը


Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըքորնյուն ընդունում է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, Փարիզ, 23-ը հոկտեմբերի, 2023թ.
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըքորնյուն ընդունում է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, Փարիզ, 23-ը հոկտեմբերի, 2023թ.

Աջակցություն օդում և գետնի վրա․ այսպես է ֆրանսիական կողմը մեկնաբանում Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը, որի մասին պայմանագիրը երեկ կնքվեց Փարիզում։ Ըստ այդմ՝ Ֆրանսիան Երևանին կմատակարարի GM 200 ռադիոտեղորոշիչ կայաններ, փոքր հեռահարության Mistral հրթիռներ, ինչպես նաև կօգնի ուսումնասիրել ու հասկանալ՝ որոնք են Հայաստանի հակաօդային պաշտպանության խոցելի կետերը։

Հայաստանի համար հարկավոր է պաշտպանվելու և իր բնակչությանը պաշտպանելու կարողություններ ունենալ: Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը հայերենով է մանրամասնել՝ ինչպես են օգնելու Հայաստանի պաշտպանությանը։ Դրա համար Փարիզն առաջիկայում Երևան կգործուղի իր սպայական կազմի ներկայացուիցչներից մեկին, ով խորհուրդներ կտա Հայաստանի պաշտպանության նախարարությանը, կաշխատի սպայական և ենթասպայական ուսումնական հաստատությունների հետ՝ լեռնային պայմաններում պայքարի հմտությունները բարելավելու համար։

«Մենք պահպանում ենք մեր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ, թեև նույն ռազմական և քաղաքական դաշինքներին մաս չենք կազմում։ Դրանք հիմնված են մի պարզ սկզբունքի վրա՝ պետք է կարողանալ ինքդ քեզ պաշտպանել», - ընդգծել է Սեբաստիեն Լըքորնյուն:

Առայժմ հստակ չէ գործարքի գինը, ինչպես նաև զինատեսակների մատակարարման ճանապարհն ու ժամկետը։ Իսկ ի՞նչ հնարավորություններ դրանք ունեն․ Ֆրանսիայի զինված ուժերի ղեկավար Սեբաստիեն Լըքորնյուն երեկ շեշտել էր՝ GM 200 ռադիոտեղորոշիչ կայարանները լայնորեն օգտագործվում են Ֆրանսիայի զինված ուժերում, և ոչ միայն. - «Մենք այս ռադարները վերջերս վաճառել ենք Ուկրաինային՝ որպես աջակցության փաթեթի մի մաս։ Այս ռադարները բացարձակ ճշգրիտ տեղորոշման ու վերլուծելու կարողություններ ունեն»։

Ռադիոտեղորոշիչ համակարգն արտադրող ֆրանսիական Thales ընկերությունն այն բնորոշում է որպես մարտի դաշտում խաղի կանոնները փոխող զինատեսակ, որը կարող է օդում ու ցամաքում թիրախները հայտնաբերել, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր ու հրթիռային համակարգեր։

«Սա բազմագործառույթ ռադար է։ Հակաօդային պաշպանություն է իրականացնում, տեղորոշում է ամեն թռչող բան 250 կիլոմետրից ավելի շառավղով։ Բայց սա ամենը չէ։ Այն դա անում է գերճշգրտությամբ։ Ռադարը տեղորոշմամբ կարող է գտնել երկինք-երկիր հրթիռային համակարգեր։ Երրորդ գլխավոր առավելությունը՝ զինվորականներին նախազգուշացնում է հրթիռա-հրետակոծությունների մասին», - ասում է Thales ընկերության ներկայացուցիչը։

Փարիզն այս համակարգերից Կիևին երկու հատ է վաճառել։ Հետխորհրդայից երկրներից նաև Մոլդովան է ձեռք բերել GM 200: Ֆրանսիական այս ռադարներից ունեն նաև Նիդերլանդներն ու Նորվեգիան։ Բաց աղբյուրների տվյալներով՝ մեկ համակարգի մոտավոր արժեքը 14 միլիոն եվրո է։ Նույն այդ աղբյուրների հաղորդմամբ, համակարգը շատ արագ է գործարկվում՝ տեղակայումից տասը րոպե անց։

Mistral հրթիռները, որոնց մասին ևս երեկ կողմերը պայմանագիր կնքեցին, հակաօդային պաշտպանության համար են։ Թե քանի նման համակարգ է Հայաստանը գնել՝ առայժմ պաշտոնապես չի հաղորդվում։

Այս հրթիռները կարող են մինչև 8 կմ հեռահարությամբ թիրախներ խոցել։ Ըստ հրթիռներն արտադրող ընկերության՝ Mistral-ները գրեթե 100 տոկոսանոց արդյունք են ապահովում և փոքր հեռահարության մյուս բոլոր հրթիռներից ավելի բարձր հուսալիություն ունեն: Այս դեպքում ևս գործարքի արժեքը հայտնի չէ, սակայն Ֆրանսիայի պաշտպանության նախարարն ամիսներ առաջ հայտարարել էր, որ Mistral-ները մոտ 500 հազար եվրո արժեն։

Երեկվա պայմանագիրն առաջինն էր, որ Հայաստանը կնքեց ՆԱՏՕ-ի անդամ արևմտյան երկրի հետ՝ Ռուսաստանից հիասթափության ու հայ - ռուսական լարվածության ֆոնին։ Բաքուն խստորեն քննադատել է հայ-ֆրանսիական այս գործարքն ու պնդել, թե դրանով Փարիզը խախտում է տարածաշրջանի ռազմական հավասարակշռությունը։

Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը մանրամասնում է Հայաստանի հետ ստորագրված փաստաթղթերը
please wait

No media source currently available

0:00 0:03:53 0:00

XS
SM
MD
LG